Ախալքալաքի շրջանի գյուղերում ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը։ Անձրևոտ եղանակը և օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը հողագործների մոտ անհանգստության պատճառ հանդիսացավ, նրանք վախենում են, որ կարտոֆիլը կարող է ցրտահարության ենթարկվել: Jnews-ը փորձեց ճշտել, թե արդյոք սպասվում է կարտոֆիլի ցրտահարություն մոտակա օրերին։
Ախալքալաքի գյուղերը բաժանված են 2 խմբի՝ կարտոֆիլ «շատ ցանող» և «քիչ ցանող»: Տարանջատումը չունի կոնկրետ սահման, քիչ ցանողներն են այն գյուղերը, որտեղ ամեն տուն-տնտեսություն մշակում է մինչև 1-2 հա, իսկ շատ ցանողներն են՝ 3-4 հա-ից ավելի։ Այն գյուղերում, որտեղ շատ են ցանում, շուտ են սկսում բերքահավաքը և համեմատաբար ուշ են վերջացնում։ Շուտ սկսելու պատճառներն էլ շատ են՝ շուտ ավարտեն բերքահավաքը և կարտոֆիլը չցրտահարվի, կարողանան ավելի հեշտ գտնել հավաքողներ, եղանկային պայմաններն էլ ավելի բարենպաստ են սեպտեմբերից մինչև հոկտեմբերի կեսերը։ Հիմա արդեն հողագործների համար կարող են առաջանալ տարբեր խնդիրներ, օրինակ՝ վատ եղանակային պայմանները, կարտոֆիլ հավաքողների և օգնող տեխնիկայի անբավարար լինելը և այլն։
Այսօրվա եղանակային պայմանները՝ օդի ցածր ջերմաստիճանը, քամին և անձրևը խանգարեցին և մի քանի օրով հետաձգեցին գյուղացու գործը։ Հողագործները վախենում են, որ այս եղանակին կհաջորդի ցրտահարությունը և կարտոֆիլը կսառի։ Շատ գյուղերում, կարտոֆիլը քանդելուց առաջ «քաղում են» (հատուկ սարքի միջոցով տեխնիկան հեռացնում է բույսի ցողունը, տերևները)։ Ինչպես նշում են շատ գյուղացիներ, «քաղած կարտոֆիլը ավելի շուտ և շատ է ցրտահարվում»։
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության meteo.gov.ge կայքի եղանակային կանխատեսումներին, առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի հետևյալ փոփոխությունները՝
Հոկտեմբերի 14, երեքշաբթի — Փոփոխական ամպամածությունը կուժեղանա։ Գիշերը տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը բարձրլեռնային գոտիներում՝ գիշերը՝ -5, 0°, ցերեկը՝ +2, + 7°:
Հոկտեմբերի 15, չորեքշաբթի — Փոփոխական ամպամածությունը կուժեղանա: Տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, գիշերը բարձրլեռնային գոտիներում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանը՝ գիշերը -3, +2°, ցերեկը՝ +5, + 10°:
Հոկտեմբերի 16, հինգշաբթի — Փոփոխական ամպամածությունն ուժեղանում է: Տեղ-տեղ կարճատև անձրև է, գիշերը բարձրադիր վայրերում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանը բարձրլեռնային գոտիներում գիշերը՝ -2, +3°, ցերեկը՝ +5, + 10°:։
Գյուղացիներին անհանգստացնող հարցերի շուրջ մենք խոսեցինք գյուղատնտես Եղիշե Աղաջանյանի հետ։ Նրա խոսքերով, գյուղացիների մոտ 70%-ը արդեն վերջացրել է բերքահավաքը։
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ սպասվելիք -4 աստիճան ցուրտը չի կարող վտանգ առաջացնել կարտոֆիլի համար։ Կարտոֆիլին կարող է վնաս հասցնել ցուրտը սկսած -10 աստիճանից։
«Մինչև -10 աստիճան կարտոֆիլը կարող է դիմանալ հողի տակ», — Նշեց գյուղատնտեսը
Իսկ քաղած կամ չքաղած կարտոֆիլի ցրտահարվելու հետ կապված, նա ասաց, որ կապ չունի, քանի որ երկու դեպքում էլ բերքը հողի տակ է։
Բերքատվության մասին խոսելիս Եղիշեն նշեց․ «Անցած տարվա համեմատ այս տարի բերքատվությունը քիչ է»։
Կարտոֆիլը վաճառելու հեշտ կամ դժվար լինելու, ինչպես նաև կարտոֆիլի ներկայիս գնի մասին Jnews-ը ներկայացրել էր իր նախորդ նյութերից մեկում։