Հոկտեմբերի 10-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն քննարկեց և հաստատեց փոփոխություններ, որոնց համաձայն Ախալքալաքի քաղաքապետարանին իրավունք է տրվում, կառավարության հաշվեկշռում գտնվող, մունիցիպալիտետի հանրային դպրոցներում իրականացնել շինարարական և վերականգնողական աշխատանքներ։
Սակրեբուլոյի պատգամավորները թույլատրեցին Ախալքալաքի քաղաքապետարանին դպրոցական շենքերում իրականացնել շինարարական և վերանորոգման աշխատանքներ։ Նոր փոփոխությունները պատգամավորներին ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը։
«Պատգամավորները համաձայնություն տվեցին որպեսզի քաղաքապետարանն իրականացնի դպրոցների վերանորոգման աշխատանքները։ Նրանք (կենտրոնական իշխանությունները) կհատկացնեն ֆինանսավորումը, և մենք կսկսենք դրանց իրականացումը։ Փաստաթուղթն այսօրվանից ուժի մեջ է մտնում », — հայտարարեց Կարեն Մերգելյանը։
Նախկինում, Ախալքալաքի քաղաքապետարանն իրավունք չուներ հանրային դպրոցներում շինարարական և վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Առանձին դեպքերում պետությունը միջոցներ էր հատկացնում, իսկ քաղաքապետարանը պարզապես մրցույթ էր հայտարարում, սակայն, նպատակները, աշխատանքների ծավալը և արժեքը որոշվում էր պետության կողմից։
Նշենք, որ վերջին տարիներին պետությունը ակտիվորեն զբաղվում է դպրոցական ենթակառուցվածքների բարելավմամբ։