նորություններ 13 Հոկտեմբերի, 2025 • Ախալքալաքի «Խաս Բախչա» զբոսայգու ճոճանակները կրկին կոտրվել են

Ախալքալաքի կենտրոնական «Խաս Բախչա» զբոսայգու ճոճանակները կրկին անսարք վիճակում են։ Նույն ճոճանակները կոտրվել էին նաև անցյալ ամսվա սկզբին։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տեղեկությամբ, դրանք նախկինում վերանորոգվել էին, բայց հիմա կրկին վերանորոգման կարիք ունեն։

Սպասարկման կենտրոնից հայտնեցին, որ ճոճանակների վերանորոգումը նախատեսված է երկուշաբթի օրը: Բացի այդ, հաջորդ տարվանից սկսած, կազմակերպությունը կավելացնի նոր հաստիք, և նոր աշխատակիցը պատասխանատու կլինի Ախալքալաքի զբոսայգիների կարգուկանոնի և տեխնիկական վիճակի համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Jnews-ը գրել էր, որ «Խաս Բախչա» զբոսայգու ճոճանակները ջարդված են։ Վերջերս, ակտիվ քաղաքացիները դիմել էին խմբագրությանը՝ նշելով զբոսայգու ճոճանակների անմխիթար վիճակը։ Jnews-ը եղավ զբոսայգի և ֆիկսեց, որ կոտրված են նույն ճոճանակները, որոնք նշված էին սեպտեմբերի սկզբին գրված հոդվածում։

Jnews-ը կապ հաստատեց Ախալքալաքի սպասարկման կենտրոնի հետ, պարզելու համար, թե ինչու են ճոճանակները կրկին անմխիթար վիճակում և երբ են դրանք վերանորոգվելու։

Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նախորդ հրապարակումից հետո կոտրված ճոճանակները վերանորոգվել էին, սակայն հետագայում նորից կոտրվել են։

«Մենք այն ժամանակ վերականգնեցինք, բայց, ցավոք, մեր քաղաքացիներն անպատասխանատու են։ Մեծահասակները նստում են երեխաների համար նախատեսված ճոճանակների վրա, դրանք չեն դիմանոմ ծանրությանը և ջարդվում են։ Մեր աշխատակիցները բազմիցս ականատես են եղել նման դեպքերի։ Բայց մենք, անպայման, երկուշաբթի օրն, ամեն ինչ կվերանորոգենք, այսօր պարզապես անհետաձգելի գործ ունեինք՝ հարկավոր էր մի քանի ծառ սղոցել», — ասաց Մխիթար Ռստակյանը։

Տնօրենի խոսքով, Սպասարկման կենտրոնը հետևում է Ախալքալաքի բոլոր զբոսայգիների տեխնիկայի և գույքի վիճակին։

«Հաջորդ տարի մենք կունենանք առանձին հաստիք, ու անձն անմիջականորեն պատասխանատու կլինի զբոսայգիների, այդ թվում՝ ճոճանակների պահպանման և տեխնիկական վիճակի համար», — հավելեց նա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝