Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհը կիսաքանդ վիճակում է։ Ճանապարհի վերականգնման աշխատանքները դեռ ավարտված չեն։
Արդեն մեկ տարի է Ախալքալաք-Կարծախ ճանապարհն աղետալի վիճակում է։ Վաղ գարնանից մի քանի անգամ կատարվել են փոսալցումներ, բայց անձրևներից հետո նորից քանդվել է։ Սեպտեմբերի 17-ին հերթական անգամ Ախալքալաք-Կարծախ միջպետական ավտոճանապարհին իրականացվել են հարթեցման աշխատանքներ։
Հիմա ճանապարհը կիսաքանդ է, որոշ հատվածներում ասֆալտը լրիվությամբ քանդել և քանդված հատվածը հարթեցրել են, որոշ հատվածներում էլ ասֆալտը քանդված չէ, փոսալցումներ էլ կատարված չեն։
Վրաստանի Ճանապարհային վարչությունը երկու էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել այս ճանապարհի տարբեր հատվածների վերակառուցման նպատակով։ Մրցույթներից մեկը հաղթել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, մյուսը՝ «Արալի» ընկերությունը։
«ՋավախԱվտոԳզա» ընկերությունը վերանորոգելու է Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 3 կմ մինչև 7.8 կմ հատվածը։ Նախագծի արժեքը կազմում է 2,772,000 լարի։ Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է դեռ փետրվար ամսին։
«Արալի» ընկերությունն իրականացնելու է 8.8 կմ-ից մինչև 16 կն հատվածի վերակառուցումը։ Պայմանագիրը կնքվել է 2025 թ. մայիսի 16-ին, և նախագծի արժեքը կազմում է 7,278,560 լարի։
«Արալի» ընկերության տնօրենի տեղակալը սեպտեմբերի 18-ին Jnews-ին տված հարցազրույցում նշել էր, որ տվյալ ավտոճանապարհի շինարարությունը շարունակվում է, և նախատեսվում է ավարտել մինչեւ սեպտեմբերի վերջ, սակայն հոկտեմբերի 10-ն է, բայց աշխատանքները չեն ավարտվել։
Թե երբ կվերջացնեն Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 2 հատվածներում վերանորոգման աշխատանքները, մենք կապ հաստատեցինք ընկերությունների ներկայացուցչների հետ։
«ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն ասաց, որ աշխատանքները կվերջացնեն 2026 թվականի գարնանը։ Իսկ թե ինչ փուլում են հիմա աշխատանքները, նա ասաց․
«Հիմա մենք որոշ գործեր անում ենք, մեկ կիլոմետր արդեն արել ենք և դանդաղորեն փակում ենք»։
Իսկ «Արալի» ընկերության տնօրեն Դեմետրե Թաթեշվիլիի խոսքով, աշխատանքները շուտով կվերջացնեն։
«Այս ամիս կվերջացնենք, աշխատանքներն ընթանում են», — ասաց «Արալի» ընկերության տնօրեն Դեմետրե Թաթեշվիլին։
Վարորդներին և բնակիչներին անհանգստացնում է ճանապարհի կիսաքանդ լինելը, քանի որ երթևեկության ընթացքում բարձրանում է փոշի, ինչպես նաև ոչ բարեկարգ ճանապարհով երթևեկելու արդյունքում շարքից դուրս են գալիս մեքենաները։