նորություններ 9 Հոկտեմբերի, 2025 • Բեժանոյում ընթանում է գազարի և ճակնդեղի բերքահավաքը.Գինը, բերքատվությունը և իրացումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղում ընթանում է գազարի և ճակնդեղի բերքահավաքը: Չնայած այս տարվա բերքն ընդհանուր առմամբ լավն է, որոշ ֆերմերներ խոստովանում են, որ ավելի լավ արդյունքների էին սպասում: Գյուղում գնորդներ շատ կան, և գազարի գինը տատանվում է 70 թեթրիից մինչև 1 լարի մեկ կիլոգրամի համար:

Ջավախքում այժմ տաք և արևոտ եղանակ է, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում բերքահավաքի համար: Բոլոր ֆերմերները դաշտերում են, ոմանք կարտոֆիլ են հավաքում, ոմանք էլ՝ գազար: Այս տարվա բերքատվության մասին կարծիքները ֆերմերների մոտ տարբերվում է, բայց ընդհանուր առմամբ այն վատը չէ։

Հողագործները գնորդների պակասից չեն բողոքում. 1 կգ գազարն արժե 70-80 թեթրի։

Ախալքալաքի մունիցիպալիտետում գազարը, վաճառքի նպատակներով, հիմնականում, աճեցնում են Բեժանո գյուղում: Տեղացի ֆերմերների խոսքով, այստեղի հողը հարմար է հատկապես այս մշակաբույսի համար, հողի որակը նպաստում է, որ գազարը լինի վառ գույնի և քաղցր համով։

Բեժանոյում գազարի բերքահավաքը թեժ ընթացքի մեջ է: Այս տարվա բերքատվությունը լավն է, չնայած որոշ ֆերմերներ խոստովանում են, որ ավելին էին սպասում:

Մենք Աննա Եղունյանին հանդիպեցինք իր ամուսնու հետ դաշտում աշխատելիս։ Աննան հավաքում էր, մաքրում և դասավորում գազարը, մինչդեռ ամուսինը փորում էր բերքը, այն բահով դժվար է հանել։ Նա գոհ է բերքից և չի բողոքում գազար աճեցնելու դժվարություններից։

Նա ասում է, որ այս տարի եղանակը ոչ այնքան բարենպաստ էր գազարի համար։
«Մենք երկար տարիներ է գազար ենք աճեցնում և միշտ լավ բերք ենք ստանում։ Կարտոֆիլ չենք մշակում, միայն մեզ համար։ Երբեմն գազարը տանում ենք Քութայիսի և Թբիլիսի, բայց ավելի հաճախ գնորդներն իրենք են գալիս են այստեղ։ Աշխատատար աշխատանք է և դժվար», — ասում է Աննա Եղունյանը։

Հետո հավելում է. «Վերավաճառողները մեր բերքից ավելի շատ գումար են վաստակում, քան մենք»։

Այս տարի Եղունյանների ընտանիքը 35 հար գազար է ցանել և 20 հար՝ ճակնդեղ։ Աննայի խոսքով, 1 կգ գազարն արժե 0.80-ից մինչև 1 լարի։ Գյուղում չեն բողոքում գնորդների պակասից։

Այս տարի գազարի բերքատվությունը մոտավորապես 500-600 կգ է 1 հար-ից, չնայած Աննան հույս ուներ ստանալ մոտ 800 կգ։ Նա նշում է, որ գազարի մշակումը դժվար է, ամբողջ աշխատանքը կատարվում է ձեռքով։ Նա դեռ 12 հար բերքը չհավաքած դաշտ ունի, ուստի շտապում է ավարտել բերքահավաքը, մինչև եղանակի վատթարացումը։

Գյուղի որոշ ֆերմերներ, գազարը հավաքելու աշխատանքը հեշտացնելու համար, իրենց տրակտորների վրա տեղադրել են կցասայլակներ։ Չնայած դժվար է այն անվանել «բերքահավաք», տրակտորը պարզապես փխրեցնում է հողը, որպեսզի գազարն ավելի հեշտ հանվի հողից։ Մեկ հար հողը փխրեցնելն արժե 10 լարի։ Ոմանց համար գինը ընդունելի է, մյուսների համար՝ բարձր։

Ըստ ֆերմերների, գնորդները շատ են, ֆերմերներից շատերն ունեն մշտական գնորդներ։

Հովիկ Ալեքսանյանը նույնպես գոհ է բերքից։ Նա ցանել է 14 հար գազար և այդքան էլ ճակնդեղ։ Մենք նրան հանդիպեցինք դաշտում, նա միայնակ էր աշխատում։ Նա ասում է, որ դեռ չի վաճառել բերքը, բայց շատ գնորդներ ունի, և իրացման հետ կապված խնդիրներ չկան։

«Գնորդները մեզ ճանաչում են, իրենք են գալիս մեզ մոտ, մենք մշտական հաճախորդներ ունենք։ Գինը կախված է որակից և տատանվում է 70-ից 80 թեթրիի սահմաններում։ Մենք 1 հար հողատարածքից հավաքում ենք մոտ 500 կգ, չնայած գյուղատնտեսներն ասում են, որ կարելի է ստանալ 700-800 կգ», — ասում է Հովիկ Ալեքսանյանը։

prodavci morkov

Նա նշում է, որ գազարի աճեցումն աշխատատար գործընթաց է։

«Գյուղն արդեն գազար ցանելու և հավաքելու համար տրակտոր ունի։ 1 հար հողատարածքի համար 10 լարի գինը ընդունելի է միայն նրանց համար, ովքեր մեծ քանակությամբ են աճեցնում։ Տրակտորով հեշտ է աշխատել, այն փխրեցնում է հողը, իսկ հետո պարզապես ձեռքով հանում ես գազարը։ Ես արդեն 13 օր է, ինչ դաշտում եմ, իակ տեխնիկայի շնորհիվ ամեն ինչ ավելի արագ և հեշտ է ընթանում», — հավելեց ֆերմերը։

Ընդհանուր առմամբ, ֆերմերների կարծիքները տարբեր են. ոմանք հրաշալի բերք ունեն, ոմանք էլ՝ միջին։ Նույնիսկ մեկ հողամասի սահմաններում արդյունքները կարող են տարբեր լինել։

Վարդուհի Մկոյանը բողոքում է բերքատվությունից՝ համեմատելով այն անցյալ տարվա հետ։ Նա 14.5 հար հողատարածքում ցանել է գազար, ևս 25 հար հողատարածքում՝ ճակնդեղ։

«Եթե յուրաքանչյուր հար հողատարածքից հավաքենք 500 կգ, ես գոհ կլինեմ։ Այս տարի եղանակը չորային էր, չնայած ես երկու անգամ ոռոգել եմ դաշտերը։ Մոլախոտը շատ էր։ Գնորդներ կան, բայց նրանք մեզ մոտ են գալիս, երբ Գոնդուրա գյուղում գազարը վերջանում է, այնտեղ այն ավելի էժան են վաճառում», — պատմում է Վարդուհի Մկոյանը։

Տեղում գազարն արժե առավելագույնը 80 թեթրի, իսկ եթե տեղափոխվի խոշոր քաղաքներ, գինը բարձրանում է մինչև 1.20 լարի կամ ավելի։

Բեժանոյի բնակիչներից մեկն ասաց, որ վերջերս է վերադարձել Քութայիսիից, որտեղ մեկ կիլոգրամ գազարը վաճառել է 1.20 լարիով։

«Ես չեմ բողոքում գնից կամ բերքից, ամեն ինչ լավ է, բայց աշխատանքն իսկապես աշխատատար է։ Հիմա մենք ունենք տրակտոր, որը փխրեցնում է հողը, ինչը հեշտացնում է գազար հավաքելը։ Գինը ինձ ձեռք է տալիս։ Եթե մենք օրական ձեռքով հավաքում ենք կես հար, ապա տրակտորով կարող ենք հավաքել 5 հար», — ասում է գյուղից մի երիտասարդ։

Չնայած այս աշխատանքի աշխատատար բնույթին և եղանակից կախվածությանը, գյուղացիները մտադիր չեն հրաժարվել գազար մշակելուց. քանի որ այն մնում է գյուղի հիմնական մշակաբույսերից մեկը և ընտանիքներին ապահովելով կայուն եկամուտ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝