Վերջին ամիսներին շարունակվել են անկախ և քննադատորեն տրամադրված ԶԼՄ-ների և լրագրողների դեմ կործանարար գործելակերպերը, ներառյալ բռնության տարբեր ձևերը, ահաբեկումը, սպառնալիքները, ոտնձգությունները, հետապնդումները և լրագրողական աշխատանքի խոչընդոտումը, ասվում է «Transparency International Georgia»-ի զեկույցում։
2025 թվականի առաջին ինը ամիսների (հունվար-սեպտեմբեր) տվյալների համաձայն՝ «Transparency International Georgia»-ն արդեն գրանցել է այս տեսակ ավելի քան 180 հրապարակայնորեն հաղորդված դեպք, որոնցից կեսից ավելին տեղի է ունեցել վերջին հինգ ամիսների ընթացքում։ Այս ժամանակահատվածում հատկապես մտահոգիչ դեպք էր «Batumelebi» և «Netgazeti» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությունը և նրա դատապարտումը երկու տարվա ազատազրկման։
Բռնության և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեության խոչընդոտման տագնապալի աճի հետ մեկտեղ, ի հայտ է եկել վտանգավոր մի պրակտիկա՝ «Վրացական երազանք»-ի կողմից դատական և իրավապահ մարմինների օգտագործումը լրագրողների դեմ՝ սեփական կուսակցության շահերից ելնելով։ Այս միտումն առավել ակնհայտ է լրագրողների նկատմամբ ապօրինի կալանավորումների և տուգանքների աճող թվի, դատական կատարածուների կողմից նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի և նրանց դեմ կատարված հանցագործությունների հետաքննության մշտական ձախողման մեջ։ 2025 թվականին նաև տեղի ունեցավ լրագրողների համակարգված խոչընդոտում դատավարությունների ժամանակ, այդ թվում՝ նրանց դատարաններից վտարելը։ Սա հանգեցրեց դատավարությունների ժամանակ տեսանկարահանման և լուսանկարելու լիակատար արգելքի, ինչը զգալիորեն խոչընդոտեց և բարդացրեց դատարաններում լրագրողական աշխատանքը՝ առանց այն էլ անթափանց համակարգը դարձնելով հանրության համար ավելի անհասանելի։ Այս տարին նաև մտահոգիչ էր անկախ և քննադատական լրատվամիջոցների վրա դրված օրենսդրական սահմանափակումների առումով։ Մի շարք օրենքների ընդունումն էլ ավելի բարդացրեց լրատվամիջոցների աշխատանքը, որոնք արդեն սահմանափակ էին ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներով, իսկ որոշ դեպքերում՝ անհնար դարձրեց նրանց աշխատանքը։
2025 թվականը նաև չափազանց դժվար տարի էր մարզային ԶԼՄ-ների համար: Շրջանային հեռարձակողների դաշինքի տվյալներով՝ 21 շրջանային հեռարձակողներից 17-ը տարեսկզբին ֆինանսական դժվարությունների պատճառով, երկար տարիներ գործունեությունից հետո, չկարողացան շարունակել ամենօրյա լուրերի թողարկումը: Դրանց թվում են՝ Borjomi TV-ն, TV 25-ը (Աջարիա) և TV9-ը (Ախալցիխե): Ավելին, սեփականատերերի միջև անհամաձայնությունների պատճառով երկրի առաջատար քննադատական հեռուստաալիքներից մեկը՝ «Մթավարի Արխին», սկզբում ժամանակավորապես դադարեցրեց հեռարձակումը 2025 թվականի փետրվարին, ապա ընդմիշտ փակվեց մայիսին:
«Transparency International Georgia»-ն բռնության և ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման դեպքերը դասակարգել է հինգ կատեգորիայի՝
1. Ֆիզիկական հարձակումներ և բռնություն լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։
2. Լրագրողների նկատմամբ կիրառված վարչական տուգանքներ։
3. Իշխող կուսակցության և կառավարամետ լրատվամիջոցների կողմից քննադատական լրատվամիջոցների վրա հարձակումներ։
4. Հանրային հեռարձակողի քննադատաբար տրամադրված աշխատակիցների նկատմամբ հետապնդումներ։
5. Արտասահմանյան լրագրողների մուտքի արգելքներ։
Այս մոտեցումը լրատվամիջոցների նկատմամբ բնորոշ է ավտորիտար ռեժիմներին, որտեղ ազատ և անկախ լրատվամիջոցները դառնում են հարձակումների և բռնաճնշումների հիմնական թիրախը: Անհամաչափ բարձր տուգանքներն այս ռեժիմների կողմից օգտագործվող գործիքներից մեկն են, ինչպես դա երևում է, օրինակ, Բելառուսում և Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ դրանք արդյունավետ են եղել լրագրողական գործունեությունը սահմանափակելու և ընդհանուր առմամբ բողոքի շարժումները ճնշելու գործում:
Ստորև «Transarency International Georgia»-ն մանրամասնորեն ներկայացնում է յուրաքանչյուր բաժինը և ներկայացնում է օրինակներ յուրաքանչյուրի համար։ Դուք կարող եք ծանոթանալ ամբողջական զեկույցին՝ անցնելով այս հղումով։