Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցան հանգիստ մթնոլորտում, առանց մրցակցության, առանց որևէ էական միջադեպի, առանց դիտորդների և լրագրողների, առանց ընտրատեղամասերում քարոզարշավի անցկացման և առանց հանձնաժողովի անդամների կամ արտաքին անձանց միջամտության: Ընտրությունները վերահսկող միակ անկախ կազմակերպությունը Jnews-ն էր:
Դիտորդներ
Այս տարի տեղամասային հանձնաժողովներում հանգիստ էր, փոքր տեղամասերում հանձնաժողովի անդամները նույնիսկ ձանձրանում էին, քանի որ դիտորդներ չկային խախտումները վերահսկելու և գրանցելու համար: Jnews-ը այցելել է 22 ընտրատեղամաս և Ախալքալաքի թիվ 40 Շրջանային ընտրական հանձնաժողով:
Դիտորդներն առանց բեյջերի Կիրովական գյուղում
Որոշ ընտրատեղամասերում Jnews-ի լրագրողները հանդիպեցին երկու կազմակերպությունների դիտորդների՝ «Փաստաբանների և իրավաբանների միջազգային դիտարան»-ին և «Քաղաքականության դիտորդ և իրավունք»-ին։ Սակայն, ինչպես Jnews-ը հաստատեց նախորդ ընտրությունների ժամանակ, այս անկախ կազմակերպությունները աշխատում են «Վրացական երազանք» կուսակցության համար։ Այս տարի մենք դրանում ավելի համոզվեցինք, երբ Մաջադիա գյուղի թիվ 11 ընտրատեղամասում դիտորդի հետ մեր զրույցի ժամանակ, երբ հարցրինք, թե որ կազմակերպությունն է ներկայացնում, հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ ինքը «օցնեբայից» է, երբ դիտորդը պատասխանում էր անվստահ և հանգիստ։
Ընտրատեղամասերում մեր հանդիպած դիտորդները իրականում չէին կատարում իրենց գործառույթը և չէին դիտարկում ընտրությունները: Կիրովական գյուղի թիվ 46 ընտրատեղամասում կախիչի վրա կախված էին վերոնշյալ կազմակերպությունների երկու դիտորդների և «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցչի բեյջերը: Մեր այնտեղ գտնվելու կես ժամվա ընթացքում ներկայացուցիչները տեղում չէին: Երբ հարցրինք, թե որտեղ են այդ մարդիկ, մեզ ասացին, որ նրանք դուրս են եկել:
«Վրացական երազանքի» միակ մրցակիցներն անվավեր քվեաթերթիկներն էին
Բոլորի համար և ամեն ինչի դեմ
Քանի որ Ախալքալաքի մունիցիպալիտետում միայն «Վրացական երազանքն» ուներ քաղաքապետի և մեծամասնական թեկնածուներ, իսկ համամասնական ցուցակներ ներկայացրած մյուս երեք կուսակցությունները մունիցիպալիտետում քարոզարշավ չէին վարում, Ախալքալաքի այս ընտրություններում «Վրացական երազանքի» միակ մրցակիցը անվավեր քվեաթերթիկն էր։ Սա լուրջ մարտահրավեր էր, քանի որ քվեաթերթիկները կազմված էին այնպես, որ ընտրողները հաճախ դժվարանում էին հասկանալ, թե ինչպես քվեարկել։ Ճիշտ է, գրանցողները բացատրում էին, իսկ երբեմն նույնիսկ մատնանշում էին, թե որտեղ լրացնել քվեաթերթիկները՝ մատով ցույց տալով այն տողը, որտեղ «Վրացական երազանք» էր գրված և այդ կուսակցության թեկնածուները, շատ ընտրատեղամասերում ընտրողները չէին կողմնորոշվում և շփոթվում էին քվեախցիկ մտնելիս։
Դիլիսկա գյուղի թիվ 21 ընտրատեղամասում մենք ականատես եղանք, թե ինչպես են ընտրողներին երկար հրահանգներ տրվում՝ ինչպես քվեարկել, նույնիսկ մատնացույց են անում, թե որտեղ նշել, բայց միևնույն է, նրանք դուրս էին գալիս քվեախցիկից՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչպես քվեարկել։ Նույն ընտրատեղամասում մի տղամարդ դուրս էր եկել քվեախցիկից չնշված քվեաթերթիկով և վերադարձել օգնականի հետ՝ իր քվեն տալու նպատակով։
Հաշվի առնելով սա, ինչպես նաև այն, որ մեր լրագրողների ներկայությամբ ակտիվ քվեարկություն տեղի ունեցած ընտրատեղամասերի արդյունքները ներառում էին բազմաթիվ անվավեր քվեաթերթիկներ, խիստ հարցականի տակ է մնում այն փաստը, թե արդյոք այն փոքր ընտրատեղամասերում, որտեղ մեր ներկայության պահին ընտրողներ չկային, քվեարկության արդյունքում անվավեր քվեաթերթիկներ չե՞ն եղել։
Թիվ 40 Շրջանային ընտրական հանձնաժողով
Թիվ 40 Շրջանային ընտրական հանձնաժողովը հայտնի է նրանով, որ անկախ դիտորդներին և լրագրողներին ընկալում է որպես ընդդիմության ներկայացուցիչների, և առնվազն փորձում են նրանց վիրավորել, և դա անում է հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը։ Շատերը ձգտում են նվազագույնի հասցնել նրա հետ շփումը։ Այս տարի հանձնաժողովում անկախ դիտորդների կամ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ չկային: Շրջանային հանձնաժողովում ընտրատեղամասերից արձանագրությունները ստանալու գործընթացի ժամանակ որպես անկախ դիտորդ/լրագրող ներկա էր միայն Jnews-ի ներկայացուցիչը, որին Շրջանային հանձնաժողովի նախագահը բազմիցս ասել էր, որ իր այնտեղ ներկայությունն անիմաստ է: Սակայն հարցին, թե արդյոք նա խանգարում է հանձնաժողովի աշխատանքներին, Հասմիկ Մարանգոզյանը պատասխանեց, որ ոչ: Մեր ներկայացուցչի՝ շրջանային հանձնաժողովում վեցժամյա ներկայության ընթացքում Հասմիկ Մառանգոզյանը մի քանի անգամ փորձեց վեճ սկսել նրա հետ, վերջում էլ փորձեց անձնական վիրավորանք հասցնել։ Տեղամասային հանձնաժողովի արձանագրությունները ստանալու գործընթացը տեղի է ունեցել հանձնաժողովի նիստերի սենյակում, սակայն մենք չկարողացանք հասկանալ՝ սա նիստ էր, թե՞ պարզապես արձանագրությունները ստանալու գործընթաց, քանի որ արձանագրությունների պահեր նիստին չհետևեցին: Հանձնաժողովի նախագահի տեղակալը ընթերցում էր արձանագրությունների արդյունքները, իսկ հանձնաժողովի քարտուղարը գրանցում էր տվյալները:
Մինչ «Վրացական երազանքի» Ախալքալաքի շտաբը ժամը 22:30-ին տոնում էր իր հաղթանակը, թիվ 40 Շրջանային ընտրական հանձնաժողովը մինչև ժամը 2-ն ընդունում էր տեղամասային հանձնաժողովի արձանագրությունները, ապա ավելի ուշ եւ տեւական ժամանակ ընդունում էր տեխնիկան։