ԿԸՀ-ի տվյալներով, ժամը 12:00-ի դրությամբ՝ ընտրություն է կատարել 602,445 ընտրող։
ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին ճեպազրույցի ժամանակ խոսել է քվեարկության ընթացքի մասին և ասել, որ քվեարկության գործընթացը շարունակվում է խաղաղ միջավայրում։
«Մինչև ձեզ ակտիվության մասին տեղեկատվություն տրամադրելը, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի րոպե առաջ մեզ հայտնի դարձած տեղեկատվության վրա։ ԿԸՀ-ի անունից քաղաքացիներին զանգահարում են, իբր, ստուգելու՝ արդյոք նրանք ընտրություններին մասնակցել են, թե՞ ոչ։ Սա, իր հերթին, նման է ԿԸՀ-ի անունից տարբեր սադրիչ հայտարարությունների նախապատրաստմանը։ Մենք կտրականապես հայտարարում ենք, որ նման զանգեր ընտրական վարչակազմի կողմից չեն եղել։ Թվում է, թե որոշ անձինք դիտավորյալ օգտագործում են ԿԸՀ-ի անունը՝ կառույցին վնաս հասցնելու համար և փորձում են մոլորեցնել ընտրողներին նմանատիպ մանիպուլյացիաներով։ Մենք կոչ ենք անում բոլորին չօգտագործել ԿԸՀ-ի անունը և չվնասել ընտրական միջավայրը։
Այժմ մենք ձեզ կտեղեկացնենք ակտիվության մասին, ժամը 12:00-ի դրությամբ ընտրատեղամասեր են ժամանել 602,445 ընտրող։ Ամենաբարձր ակտիվությունը Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջաններում է։ Տեղեկացնում ենք նաև, որ այս պահին շրջանային ընտրությունների ժամանակ «հանձնաժողովներին որևէ բողոք չի ներկայացվել», — հայտարարել է Նաթիա Իոսելիանին։