նորություններ 7 Հոկտեմբերի, 2025 • Թունաքիմիկատներ. ավելի շատ օգուտ թե՞ վնաս

Մեր օրերում գյուղտնտեսության մեջ անհրաժեշտություն են դարձել թունաքիմիկատների օգտագործումը, քանի որ հնարավոր չէ նորմալ  բերք ստանալ առանց դրանց կիրառման։ Չնայած ֆերմերները օգտագործում են քիմիկատներ, միաժամանակ նրանք սեփական ընտանիքի համար կարտոֆիլ են մշակում՝ առանց թունաքիմիկատների։ Jnews-ը փորձել է մասնագետներից ու ֆերմերներից պարզել թունաքիմիկատների կիրառման հետեւանքների մասին։

Ախալքալաքի տարածաշրջանում գյուղատնտեսությունը համարվում է բնակչության հիմնական զբաղմունքը՝ խոպանից բացի։ Գյուղերում մարդիկ ապրում են հողի մշակմամբ՝ աճեցնելով կարտոֆիլ, բանջարեղեն, հացահատիկային մշակաբույսեր։

Մեր օրերում թունաքիմիկատներն ու պարարտանյութերը գյուղատնտեսության մեջ առանցքային նշանակություն ունեն։ Դրանք նպաստում են բերքատվության աճին, բույսերի պաշտպանությանը, հողի վերականգնմանը։

Հայտնի է թունաքիմիկատների երեք հիմնական տեսակներ․ հերբիցիդներ, որոնք ոչնչացնում են մոլախոտերը և պաշտպանում մշակաբույսերը սննդանյութերի կորստից, ինսեկտիցիդներ, որոնք կանխում են վնասատու միջատների տարածումը, և ֆունգիցիդները, որոնք պայքարում են սնկային հիվանդությունների դեմ։

Իսկ պարարտանյութերը լինում են օրգանական՝ գոմաղբի, կոմպոստի և այլ բնական աղբյուրների հիման վրա, և անօրգանական՝ քիմիական կազմով, ներառյալ ազոտայինը, ֆոսֆորականը և կալիումականը։

Արդյո՞ք թունաքիմիկատների կիրառումը միշտ ապահովում է մթերքի բարձր որակ և անվտանգություն։

Այս հարցը բնակչության շրջանում տարեցտարի ավելի ակտուալ է դառնում, քանի որ գյուղացիների մեծ մասը քիմիական միջոցներ է կիրառում առանց խորքային գիտելիքի և չունենալով պատկերացում դրանց երկարաժամկետ հետևանքների մասին։

Մասնագետները թեմային մոտենում են տարբեր դիտանկյուններից։

Ըստ մասնագետների՝ թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը միջինը 50–60%-ով բարձրացնում է բերքատվությունը։

«Դրանց ճիշտ կիրառումը պահպանում է մթերքի որակը, քանի որ կանխարգելվում է հիվանդությունների առաջացումը։ Կլիմայի փոփոխության պայմաններում ֆերմերներն անգամ պարտավոր են քիմիկատներ ու պարարտանյութեր օգտագործել։ Եթե սնկային հիվանդությունների դեմ միջոցներ չկիրառվեն, ապա կարտոֆիլը հիվանդ և անորակ կլինի։ Այս տարի ևս կլիման կայուն չէր, և առանց պարարտանյութերի բերք ստանալը դժվար կլիներ», — ասում է Ախալքալաքի Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը։

Ախալքալաքի քաղաքապետարանում գյուղատնտեսության նախարարության տեղեկախորհրդատվական կենտրոն կա։ Բայց այս Կենտրոնը պարարտանյութերի և թունաքիմիկատների տեսքով աջակցություն չի ցուցաբերում բնակչությանը։ Շուկայի ուսումնասիրություն չի կատարվում։ Սա խորհրդատվական կենտրոն է, որտեղ մարդիկ կարող են գյուղատնտեսությանը վերաբերող ցանկացած հարցով խորհրդատվություն ստանալ։

«Եվրոպական երկրներում ևս թույլատրվում է թունաքիմիկատների օգտագործումը, պարզապես ֆերմերների կողմից կա բարձր պատասխանատվություն և օգտագործվում է համապատասխան չափաքանակի։ Պետության կողմից միանշանակ կառավարվում է։ Ոչ մի անորակ կամ ժամկետանց դեղ մեր երկրիր չի մտնում, անգամ վաճառողները դեղը վաճառում են հենց այդպես․ դեղն իրենք բացել ու գրամով ծախել չեն կարող», — ասում է Խորհրդատվական կենտրոնի պատասխանատու Ռամազ Գոգոլաձեն։

Թունաքիմիկատների օգտագործումը կարող է՝ թե մարդուն, թե բնությանն անդառնալի վնաս հասցնել։

«Եթե թունաքիմիկատների կիրառումից անմիջապես հետո անձրև տեղա, դեղանյութը կարող է ներթափանցել հողի շերտեր և տեղափոխվել գրունտային ջրեր։ Սա վտանգավոր է ոչ միայն հողի, այլև ջրի պաշարների համար։ Հետևաբար, ֆերմերները պետք է լինեն ուշադիր և տեղեկացված՝ թույլ չտալու նման աղտոտում, որը հետագայում կարող է լուրջ առողջապահական ու էկոլոգիական հետևանքներ ունենալ», — ավելացնում Ռամազ Գոգոլաձեն։

Դեղավաճառները շեշտում են, որ եթե պահպանվեն սահմանված նորմերը, թունաքիմիկատների կիրառումը ծայրահեղ վտանգ չի ներկայացնի։ Կարևոր է աշխատանքների ընթացքում կրել պաշտպանիչ հագուստ, օգտագործումից հետո ամանները մաքրել և չթողնել բաց տարածքում։ Միաժամանակ պետք է հաշվի առնել եղանակային պայմանները․ քամու կամ անձրևի դեպքում դեղանյութերը հեշտությամբ անցնում են հողի մեջ կամ տարածվում օդում։

Յուրաքանչյուր առավելություն ունի նաև իր վտանգները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն՝ պեստիցիդները պոտենցիալ թունավոր են մարդու համար և կարող են ունենալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ ազդեցություն առողջության վրա՝ կախված օգտագործված քանակությունից և ազդեցության ուղիներից։ Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն ընդգծում է, որ պեստիցիդների ազդեցության հետևանքով առողջության վրա ամենամեծ ռիսկի ենթակա մարդիկ նրանք են, ովքեր աշխատում են դրանց հետ ուղղակի շփման պայմաններում։ ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (EPA) նույնպես նշում է, որ պեստիցիդների չափից ավելի օգտագործումը կարող է վտանգել մարդու առողջությունը։

Թե ի՞նչ կարգի վնաս է պատճառում թունաքիմիկատների կիրառումը ախալքալաքցիների առողջությանը պարզ չէ, քանի որ այստեղ համապատասխան լաբորատորիա չկա, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել անհրաժեշտ հետազոտություններ։ Դրա բացակայությունը թույլ չի տալիս ներկայացնել հստակ վիճակագրություն հիվանդների քանակի վերաբերյալ, ինչն էլ բարդացնում է խնդրի իրական մասշտաբների գնահատումը։

Ամենամեծ վտանգը գալիս է նրանից, որ մարդիկ չգիտեն թուանքիմիկատների ճիշտ օգտագործման ձեւերը։

Տարածաշրջանում բացակայում են նաեւ կրթական ծրագրերը, որոնք կօգնեին գյուղացիներին հասկանալ քիմիական միջոցների չափավոր օգտագործման կանոնները։ Ախալքալաքում հիմնականում հենց դեղավաճառներն են բացատրում՝ ինչպես կիրառել դեղերը՝ ապահովելով սեփական անվտանգության պահպանումը և էկոհամակարգը։

Մասնագետները նաև կարևորում են գյուղացիների գիտելիքների թարմացումը։ Տարիների ընթացքում նկատվում  է, որ ցանքսն ու բերքահավաքը սկսվում է ավելի վաղ. սա ևս կլիմայի փոփոխության հետևանք է։

«Կազմակերպել ենք տեղեկատվական հանդիպումներ․ նախ ցանքսի ժամանակ՝ հետաքրքրված ֆերմերների հետ, ապա՝ բույսերի պաշտպանության, ջրելու, անհատական դեղերի օգտագործման և վերջապես՝ կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ նոր տեխնիկաների կիրառման վերաբերյալ։ Այդ հանդիպումները շատ արդյունավետ էին․ ֆերմերները սկսեցին ճիշտ անուններով նշել հիվանդությունները, օրինակ՝ ֆիտոֆտորա, ալտերնարիոզ, մինչդեռ նախկինում դրանք անվանում էին պարզապես հոտած կամ փտած կարտոֆիլ», — նշում է Մախարե Մացուկատովը։

Ըստ ֆերմերի, ով հեկտարներով կարտոֆիլ է աճեցնում, կարտոֆիլի մշակման ընթացքում թունաքիմիկատների և այլ դեղերի օգտագործումը գրեթե անխուսափելի է՝ հատկապես մեծ տարածքներում, երբ նպատակը վաճառքն է։

«Եթե քիմիկատներ չտաս, ապա բերք չունես, կամ բերքը վնասված կլինի ու չես կարողանա վաճառել», — ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի խոշոր ֆերմերներից մեկը։

Շատերը թունաքիմիկատներով մշակած կարտոֆիլն օգտագործում են նաև տան սպառման համար։

Խոշոր ֆերմերներից որոշները նշեցին, որ փոքր տարածքում՝ 5 սոտ հողամասում, տնային օգտագործման համար կարտոֆիլ է մշակում առանց թունաքիմիկատների՝ ընդգծելով, որ այդ կերպ ստացվում է ավելի համով, մաքուր ու օրգանիկ կարտոֆիլ։

Հավելենք, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (საქსტატის) վերջին տվյալների համաձայն՝ երկրում քիմիկատներով մշակվում է երեք միլիոն հեկտարից ավելի տարածք, այդ թվում՝ անտառային և այլ արտադրական գոտիներ։ ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 2022 թ․ տվյալներով՝ Վրաստանը մեկ հեկտարի հաշվով միջինում օգտագործում է 6.12 կիլոգրամ թունաքիմիկատ։ Նույն տարվա տվյալներով՝ Եվրոպական միության երկրներում այս ցուցանիշը կազմում է 2.89 կիլոգրամ, իսկ 2021 թ․ այն եղել է 3.2 կգ։ Հաշվետվությունից նաև պարզ է դառնում, որ տարածաշրջանի երկրների համեմատությամբ Վրաստանն ունի ամենաբարձր ցուցանիշը և այս առումով գերազանցում է Հայաստանին [1.77 կգ], Ադրբեջանին [0.23 կգ] և Թուրքիային [2.22 կգ]։

Խորհրդատվական կենտրոնի պատասխանատու Ռամազ Գոգոլաձեն ընդգծում է, որ ֆերմերները պետք է լսեն մասնագետներին և չսահմանափակվեն միայն իրենց կամ իրենց պապերից փոխանցված գիտելիքներով․ կլիմայի փոփոխության պայմաններում միայն մասնագետները կարող են տալ ամենաճիշտ խորհուրդները։ Նա նաև նշում է, որ հողի բերրիությունն ու առողջությունը պահպանելու լավագույն միջոցներից մեկը մշակաբույսերի հերթափոխն է․ օրինակ՝ մեկ տարի ցանում են գարի, հաջորդ տարի՝ ցորեն, ապա՝ կարտոֆիլ։ Այս մեթոդը հողին թույլ է տալիս հանգստանալ և վերականգնել սննդարար բաղադրիչները։

Սակայն Ախալքալաքի շրջանում այս եղանակը լիարժեք կիրառել հաճախ չի ստացվում։ Պատճառը հողատարածքների սակավությունն է։ Ֆերմերները ստիպված են միևնույն դաշտն օգտագործել նույն մշակաբույսի համար։ Բացի այդ, տնտեսապես ավելի շահավետ է համարվում հիմնականում կարտոֆիլ աճեցնելն ու վաճառելը։

Խնդրի լուծումը, ինչպես ցույց են տալիս թե՛ փորձագետների, թե՛ ֆերմերների դիտարկումները, առաջին հերթին կապված է գիտելիքի և իրազեկվածության մակարդակի հետ։ Բնակիչները պետք է հետևեն մթերքի օգտագործման կանոններին, իսկ ֆերմերները՝ խորհրդակցեն մասնագետների հետ, քանի որ միայն այս կերպ հնարավոր է ապահովել անվտանգ արտադրանք։

Նյութի հեղինակ՝ Հնազիկ Ավետիսյան 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝