Հասարակություննորություններ 6 Հոկտեմբերի, 2025 • Լամարայի համառ պայքարը հիվանդության դեմ

15 տարեկան Լամարա Հովհանիսյանի ծնողների միակ ցանկությունն է, որ երեխան կարողանա գոնե ինքնուրույն ուտել, հագնվել, տեղաշարժվել։ Լամարան ունի մանկական ուղեղային կաթված (ցերեբրալ պարալիզ)։ Հիվանդությունն ազդում է նրա շարժումների և կեցվածքի վրա։ Բուժական միջամտությունները կարող են օգնել նրան, ինքնասպասարկման գործառույթների բարելավման հարցում։

Լամարան ապրում է Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում, հոր, մոր և 8 ամյա քրոջ հետ։ Նրա հիվանդությունը երկար տարիներ է ուղեկցում է նրան։ Տարիներ շարունակ Լամարայի ընտանիքը պայքարել է հիվանդության դեմ, բայց արդյունք տեսել են աննշան։

Հիվանդության առաջին նշանները Լամարայի ընտանիքի անդամները նկատել են, երբ նա եղել է դեռ մեկ տարեկան, իսկ երբ լրացել է 3 տարին, արդեն իմացել են, թե իրենց երեխան ինչ հիվանդությամբ է տառապում։ Բուժումները սկսել են Հայաստանում, բայց արդեն 2-3 տարի է, ինչ գնում են Ախալցիխե։ Սերգո Հովհանիսյանը՝ Լամարայի հայրիկը, պատմեց, թե ինչպես են նկատել առաջին նշանները։

«Մենք չգիտեինք, ինքը մի տարեկան էր, ուսերից բռնում քայլեցնում էինք, պատահական ոտքերը քաշվեց, ու չգիտեինք ինչ անեինք։ Գնացինք Ախալքալաք, մի տարիքով մարդ կար, ասեց կոնքերը նեղ են։ Հետո տարանք Հայաստան, ասեցին որ հոդախախտ է, լարվածություն շատ ուներ»,- հուզված պատմեց հայրիկը։

Լամարայի ծնողները նշեցին, որ շատ են ուզել, որ երեխան դպրոց հաճախի, և ի վերջո 9 տարեկանում Լամարան գնացել է դպրոց։ Սկզբում նա եղել է մենակ, հետո, երբ նկատել են, որ նա պարտաճանաչ ներկայանում է դասերին, հասցնում է, պատասխանում և մասնակցում է բոլոր դասերին, միացրել են ընդհանուր դասարանին։ Հիմա նա 9-րդ դասարանում է սովորում,  դպրոց տանում-բերում են ծնողները, և դասերին նստում է համադասարանցիների հետ։

«Դասերին գնում է։ Մենք ենք տանում-բերում՝ անվասալյակով։ Երկու հոգով տանում ենք։ Մասնակցում է բոլոր դասերին, բացի ֆիզկուլտից»,- ասաց Սերգոն։ Իսկ մայրը՝ Հեղինե Հովհանիսյանն ավելացրեց․

«Գրել չի կարողանում, բայց ինքը բանավոր պատասխանում է։ Բոլոր դասերն էլ սովորում է»։

Դասերի մասին խոսելիս, Լամարան ասաց, թե, որն է իր սիրելի առարկան դպրոցում։

«Դպրոցում ամենաշատը սիրում եմ մայրենին։ Բոլոր առարկաներն էլ սիրում եմ, բայց ամենաշատը սիրում եմ մայրենին», — ոգևորված ասաց նա։

Սկսած 3-4 տարեկանից, Լամարան կռվում է հիվանդության դեմ։  Պայքարի արդյունքում մկանների լարվածությունը և ձգվածությունը փոքր ինչ թուլացել է, նա արդեն կարողանում է ինքնուրույն թերթել գրքի էջերը։

Ինչպես արդեն նշեցինք,  երբ իմացել են Լամարայի հիվանդության մասին, սկսել են նրա բուժումները։ Տարիներ շարունակ եղել են տարբեր բժիշկների մոտ։ Սկբում Հայաստանում, հետո՝ Ախալցիխեում։ Ախալցիխեում բուժումը և նրանց 3 ամսով տնով ապահովել է արտասահմանյան մի ֆոնդ։ Ներկայումս այդ ֆոնդի վրա կա որոշակի գումար, որը կարող են օգտագործել, եթե գնան Վրաստանի հիվանդանոցներ։

Ռեաբլիտացիան, որն անցել է Ախալցիխեում, օգնել է Լամարային, լարվածությունը, ձգվածությունը որոշ չափով թուլացել է։ Բայց հիմա բժիշկը տեղափոխվել է Հայաստան։

Հարցին, կկարողանա՞ն բուժումը շարունակել Հայաստանում այդ բժշկի մոտ, Սերգոն պատասխանեց․

«Հիմա նորից էլ երևի չկարողանանք տանել, որովհետև էլ հնարավորություն չունենք։ Մեր բոլոր հնարավորությունները վերջացան, 10 հատ կով ունեինք ծախեցինք»։

Հովհանիսյանների ընտանիքի միակ եկամուտը Լամարայի ստացած թոշակը (մոտ 470 լարի), Սերգոի աշխատավարձը (300 լարի) և Նինոծմինդայի քաղաքապետարանից ստացած օգնությունն է (միանգամյա՝ 200 լարի)։

Ժամանակին ունեցել են կովեր և եկամտի աղբյուր եղել է անասնապահությունը, բայց հետո վաճառել են։ Ինչպես պատմեց Լամարայի հայրիկը, մի բժիշկ խոստացել էր 7-9 ամսվա ոտքի կանգնեցնել աղջկան, իրենք էլ վաճառել են կովերը, որպեսզի հոգան բուժման ծախսերը, բայց ցավոք, բժշկի մոտ չի ստացվել։

«Կով չենք էլ կարողանում առնել։ Ասենք երեխային տանելու ենք, ու՞մ ենք թողնելու կովերը», — ասաց Հեղինեն, ավելացնելով, որ օրինակ այս ամառ 3 ամիս եղել են Ախալցիխեում, այդքան ժամանակ չէին կարող անասունները թողնել ուրիշի մոտ։

Հիմա Լամարան բուժվում է տնային պայմաններում։ Օգնում է մայրը։ Բժիշկը սովորեցրել է ինչ վարժություններ/մերսումներ են անելու, մայրը տանը կրկնում է։ Գնել են մարզվելու սարքեր, որտեղ և անցկացնում են վարժություներ։

1111

Լամարայի բուժումների և ռեաբլիտացիաների համար հարկավոր է գումար, բայց նրա ընտանիքը այլևս չի կարողանում ինքնուրույն հոգալ այդ ծախսերը։

Հետընտական փուլում մենք չկարողացանք պարզել, թե ինչ օգնություններ է տրամադրում Նինոծմինդայի քաղաքապետարանը նման հիվանդություն ունեցողներին՝ վերականգնողական փուլ անցնելու և բուժվելու համար։

Թե ի՞նչ սոցիալական փաթեթներով է օգնում Նինոծմինդայի քաղաքապետարանը բնակիչներին, կներկայացնենք ավելի ուշ։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝