Վրաստանում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 4-ին։ ԶԼՄ-ների հավատարմագիր ստանալու և դիտորդների գրանցման վերջնաժամկետն արդեն լրացել է։ Ըստ ներկայիս, բայց հավանաբար ոչ վերջին տեղեկատվության, Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կհետևեն 56 լրատվական կազմակերպություն, 23 տեղական և 29 միջազգային դիտորդական կազմակերպություն։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու համար լրատվամիջոցների գրանցման վերջնաժամկետը լրացել է սեպտեմբերի 29-ին: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, գրանցվել է 56 մեդիա կազմակերպություն: Գրանցվածների թվում են՝ «Գուրջաանի» հեռուստաընկերությունը, «Մեդիա հոլդինգ» ԲԸ-ն (Ռուսթավի 2), «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, «Պիրվելի» հեռուստաընկերությունը, «ՏելեԻմեդին», «Մարնեուլի» հեռուստաընկերությունը, «Ախալի Ամբե»-ն (Ինտերպրեսնյուս), «ALIQ Media Georgia»-ն, «Սամխրեթիս Կարիբճե» մեդիա-տունը, «Ֆորմուլա» ռադիո հոլդինգը, BBC Վրաստանը, OS-Մեդիան և այլն:
Տեղական և միջազգային դիտորդների գրանցման վերջնաժամկետը նույնպես լրացել է։ Տեղական դիտորդների համար վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն էր, իսկ միջազգային դիտորդների համար՝ սեպտեմբերի 27-ը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի համաձայն, տեղական ընտրությունները դիտարկելու համար գրանցվել է 23 տեղական դիտորդական կազմակերպություն։ Այդ կազմակերպությունների թվում են՝ «Նախկին քաղբանտարկյալները մարդու իրավունքների համար», «Հասարակության իրավունքների համար միասնություն», «Մասնագետների պատրաստման և վերապատրաստման կենտրոն», «Ժողովրդավարական բազմազանության հետազոտությունների կենտրոն», «Հավասարության համար կանանց շարժումների միջազգային ասոցիացիա», «Համաքաղաքացիական շարժման միություն — Բազմազգ Վրաստան» և այլն։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու համար գրանցվել է քսանինը միջազգային կազմակերպություն։
Հավատարմագրում ստացել են հետևյալ միջազգային դիտորդները ՝ «ALTERFACT» ասոցիացիան, Հորդանանի անկախ ընտրական հանձնաժողովը (IECI), Թունիսի Հանրապետության անկախ գերագույն ընտրական մարմինը, Մալդիվների Հանրապետության ընտրական հանձնաժողովը, Թուրքիայի Հանրապետության գերագույն ընտրական խորհուրդը, Եթովպիայի ազգային ընտրական խորհուրդը (NEBE), Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Էստոնիայի պետական ընտրական հանձնաժողովը, Ֆիլիպինների Հանրապետության ընտրական հանձնաժողովը, Միացյալ Թագավորության ընտրական հանձնաժողովը, Մեքսիկայի ընտրական ինստիտուտը (IECM), Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը և այլն։
Միևնույն ժամանակ, որոշ հայտնի միջազգային և տեղական կազմակերպություններ հրաժարվել են մասնակցել դիտորդական առաքելությանը. որոշները ընտրությունները համարել են ոչ ժողովրդավարական, մյուսները՝ ֆինանսական միջոցների պակասի պատճառով, սակայն հրաժարվելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն տվել։