Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքը թեժ փուլում է։ Չնայած, նախորդ տարվա համեմատ, ցածր բերքատվությանը, գնորդները բավականին շատ են։ Սակայն գինը՝ մեկ կիլոգրամը 70-80 թեթրի, դժգոհություն է առաջացնում շատ ֆերմերների մոտ, ովքեր այն չնչին են համարում ծախսերի համեմատ։ Գնի վրա ազդում է խոշոր գնորդների պահանջարկը և միջազգային շուկան, ինչպես նաև ֆերմերների պատրաստակամությունը՝ իրենց բերքը վաճառել տարբեր գներով։
Աշունը բերքահավաքի և ձմռան նախապատրաստման ժամանակն է, ինչպես նաև այն շրջանը, երբ ֆերմերը սպասում է իր ամբողջ տարվա աշխատանքի արդյունքին: Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքն ընթացքի մեջ է: Հողագործները չեն բողոքում գնորդների պակասից, բայց շատերը դժգոհ են գնից. նրանք կարծում են, որ այն չափազանց ցածր է կարտոֆիլի մշակման ծախսերի համեմատ:
Չամդուրայից ֆերմեր Ռեմիկ Պողոսյանը կարծում է, որ տեղի ֆերմերները պետք է պայմանավորվեն գների շուրջ, հակառակ դեպքում, ստացվում է,որ այն ձևավորվում է գնորդների, այլ ոչ թե արտադրողների կողմից:
«Անցյալ տարի, մինչև Ամանորը, ջավախքի կարտոֆիլի գնորդները հիմնականում ադրբեջանցիներ էին։ Ավելցուկի պատճառով նրանք 50 թեթրիից ավելի չէին առաջարկում։ Գնորդների երեք կամ չորս խումբ կար, ովքեր գինը պահում էին այդ մակարդակի վրա։ Նրանք կարտոֆիլն արտահանում էին ոչ միայն Ադրբեջան, այլև Ռուսաստան։ Նոր տարուց հետո, երբ ի հայտ եկան այլ գնորդներ, առաջացավ մրցակցություն, գինը բարձրացավ։ Կարծում եմ, նրանք պատրաստ էին ավելի շատ վճարել, բայց քանի որ ֆեմրերներն էժան էին վաճառում, գինը չբարձրացրին։ Հետևաբար, կարծում եմ, որ եթե մենք համաձայնության գանք, էժան չենք վաճառի», — ասում է Ռեմիկ Պողոսյանը։
Նրա կարծիքով, կարտոֆիլի գինը պետք է լինի առնվազն 80-90 թեթրի։ Նա նշեց, որ սեպտեմբերի 30-ին հրաժարվել է կարտոֆիլը վաճառել գնորդների առաջարկած 70 թեթրիով՝ հույս ունենալով ավելի թանկ վաճառել բերքը։
Դիլիսկա գյուղից Վարազդատ Սալվարյանը կարծում է, որ համաձայնության գալն անհնար է, քանի որ յուրաքանչյուր ֆերմեր, ցածր գնով վաճառելու, իր պատճառներն ունի։
«Յուրաքանչյուրը վաճառքի գինը որոշում է ելնելով իր իրավիճակից։ Ոմանք խիստ փողի կարիք ունեն, ուստի համաձայնվում են ցածր գնին։ Չնայած դա անիմաստ է, ստացվում է ամբողջ տարի ապարդյուն ես աշխատել։ Չես կարող որևէ մեկին թելադրել, կարող ես միայն խորհուրդ տալ։ Բայց իրար մեջ պայմանավորվել չի ստացվում. ոմանք պարտքերի մեջ են, իսկ մյուսները փողի կարիք չունեն», — ասում է Վարազդատ Սալվարյանը։
Ըստ նրա, գինը իջեցնում են մանր ֆերմերները, որոնց անհրաժեշտ է շտապ վաճառել իրենց արտադրանքը։
«Խոշոր ֆերմերները կարող են պահել բերքը, եթե գինը հարմար չէ, մինչդեռ փոքրերը ստիպված են անմիջապես վաճառել: Հետևաբար, այդքան էլ ճիշտ չէ ասել, որ գները թելադրում են միայն գնորդները: Եթե ինձ համար շահավետ չէ, ես կարող եմ չվաճառել», — ավելացնում է նա։
Վարազդատ Սալվարյանի կարտոֆիլի բերքատվությունը կազմում է մեկ հեկտարից 30 տոննա է: Բերքի որակը, նրա խոսքով, լավն է, և աշխատուժի կամ վաճառքի հետ կապված խնդիրներ չկան: Ֆերմերը նշում է, որ գինը միշտ էլ քննարկման առարկա է. ոմանք ավելին են ուզում, մինչդեռ մյուսները գոհ են ներկայիս գնից:
Ենոք Բաբաջանյանը կարծում է, որ ֆերմերները կարող են պայմանավորվել, բայց եթե գինը ձեռք չտա խոշոր գնորդներին, նրանք կգտնեն այլ աղբյուրներ.
«Գինը սահմանում է միջազգային շուկան, ոչ թե Վրաստանը: Խոշոր գնորդներն ուշադրություն չեն դարձնում, թե ինչ-որ փոքր ֆերմեր իջեցրել է գինը: Եթե նրանց ավելի շահավետ է արտասահմանից կարտոֆիլը ներմուծել 50 թեթրիով, նրանք մեզանից նույնիսկ 60-ով չեն գնի: Դա բիզնես է, և նրանք իրենց հարցերը լուծում են ավելի արդյունավետ, քան փոքր ֆերմերները», — ասում է նա:
Նրա հաշվարկներով, կարտոֆիլի ինքնարժեքը կազմում է մոտ 45 թեթրի մեկ կիլոգրամի համար, առանց սերմերի ծախսերի։ Բերքատվությունը մեկ հեկտարից 30 տոննա է։ Նա արդեն մեկ կիլոգրամը 70 թեթրիով իրացրել է իր արտադրանքի մի մասը։
Բոլոր ֆերմերները նշում են, որ անցյալ տարին բացառիկ էր կարտոֆիլագործների համար, և նման ցուցանիշներ հազվադեպ են լինում։
Ներկայումս Ջավախքի կարտոֆիլը վաճառվում է 70-80 թեթրիով։ Հիմնական գնորդներն ադրբեջանցի առևտրականներն ու Վրաստանի այլ շրջանների գնորդները։
Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս, որ տեղական բերքի գնի վրա ազդում են մի քանի գործոններ՝ միջազգային շուկան, խոշոր գնորդների մրցակցությունը և հենց ֆերմերների վարքագիծը։ Մինչդեռ, փոքր տնտեսությունները, ստիպված են իրենց բերքը վաճառել ավելի ցածր գնով, խոշոր ֆերմերները ձգտում են պահպանել ավելի բարձր գին։ Երկարաժամկետ հեռանկարում գների կայունացման համար կարող է պահանջվել կոոպերատիվների կամ արտադրողների ասոցիացիաների ստեղծում, որպեսզի պայմանները թելադրվի ոչ միայն շրջանի ներսում, այլև արտաքին շուկայում։