նորություններ 1 Հոկտեմբերի, 2025 • Վրաստանի դպրոցներում ամեն օր հնչելու է պետական հիմնը

Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն հայտարարել է, որ այս տարի դպրոցներում ամեն օր հնչելու է Վրաստանի պետական հիմնը։ Տեղյակ են արդյո՞ք Ախալքալաքի դպրոցներում այս մասին, և իրականացնում են թե՞ ոչ, փորձեցինք ճշտել դպրոցներում։

Վրաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական պրոցեսը հիմնով սկսվելու մասին հայտարարությունն արել է նախարարը, երբ այցելել է Գուրիայի շրջանի նոր վերանորոգված 3 դպրոց։ Հայտարարության մեջ ասվում է.

«Մենք որոշում ենք կայացրել, և այս տարի բոլոր դպրոցներում ամեն օրը կսկսվի Վրաստանի օրհներգի երգեցողությամբ։ Սա հարգանք է երկրի, պետության նկատմամբ։ Մենք կարծում ենք, որ այս նախաձեռնությունն ավելի կսերմանի մեր երիտասարդների մեջ հայրենասիրական ոգի և սեր հայրենիքի նկատմամբ»։

Jnews-ը պատահականության սկզբունքով կապ հաստատեց 3 դպրոցի տնօրենի հետ և հարցրեց, արդյոք ամեն օր հնչեցնում են պետական հիմնը։ Նրանցից մեկը, ով վրացական սեկտորի դպրոցի տնօրեն է, նշեց, որ ամեն օր դպրոցում հնչում է հիմնը։ Մյուս տնօրենը նշեց, որ ենթարկվում են օրենքին և կատարում են բոլոր կանոնակարգերը։ Երրորդ տնօրենը նշեց, որ հիմնը հնչեցնելու հետ կապված դեռ պաշտոնապես ոչ մի հրահանգ չի ստացել։

Եթե դպրոցները տեխնիկապես չունեն հնարավորություն ամեն օր հիմնը հնչեցնելու, ի՞նչ է լինելու։

Այս հարցով մենք դիմեցինք Կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն, որտեղից և մեզ պատասխանեցին, որ այդ մանրամասները դեռ պարզ չեն և կհրապարակվեն պարզ դառնալուն պես։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝