Մինչ Ջավախքի թոշակառուները իրենց նվիրում են երեխաներին ու թոռներին՝ հրաժարվելով անձնական աճից, Ախալցիխեի տարեցները հնարավորություններ ունեն ինքնիրացվելու և ժամանցի: Այս հնարավորությունը տրամադրում է «Սոցիալական ինտեգրման 60+ կենտրոնը», որտեղ մարդիկ շփվում են, սովորում լեզուներ, պատրաստում ձեռագործ իրեր և վաճառում դրանք:
Ախալցիխեում «Սոցիալական ինտեգրման 60+ կենտրոն» նախագիծն իրականացվում է «Տոլերանտ ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպության կողմից՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Նախաձեռնությունը ֆինանսավորվել է «Քաղաքացիական հասարակության ամրապնդում հետ կովիդաին ներառական և կանաչ վերականգնման համար» նախագծի շրջանակներում, որը Վրաստանում իրականացվել է CENN-ի կողմից՝ գործընկեր կազմակերպության՝ Kvemo Kartli Media (KKM) հետ համատեղ: «Սոցիալական ինտեգրման 60+ կենտրոն» նախագիծն ավարտվել է 2025 թվականի հունիսին, սակայն մեծ պահանջարկի պատճառով «Տոլերանտ ասոցիացիան» շարունակում է ծրագիրն իրականացնել կամավորական հիմունքներով:
«Քաղաքացիական հասարակության ամրապնդում հետ կովիդաին ներառական և կանաչ վերականգնման համար» նախագիծն ընդգրկում էր Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի շրջանները։ Նրա նպատակն էր բարձրորակ սոցիալական ծառայություններ ստեղծելը։
«Սոցիալական ծառայություններ նախկինում էլ գոյություն ունեին, բայց մեր նախագիծը դրանք ավելի արդյունավետ դարձրեց։ Մենք տարբեր միջոցառումներ անցկացրեցինք։ «Տոլերանտ» կազմակերպությունում տարեցները կարողանում էին ստանալ հոգեբանական և իրավաբանական աջակցություն, մասնակցել սեմինարների և վերապատրաստման դասընթացների։ Սա նրանց հնարավորություն տվեց հանդիպելու ու ավելի ակտիվ լինելու։ Թոշակի անցնելուց հետո մարդիկ մնում են տանը, և շփվելը դառնում է մարտահրավեր։ Մենք օգնեցինք նրանց դառնալ սոցիալապես ակտիվ», — ասաց նախագծի մենեջեր Նինո Թեվզաձեն։
«Սոցիալական ինտեգրման 60+ կենտրոն» է հաճախում 35 շահառու։ Նրանք սովորում են անգլերեն, հայերեն և վրացերեն, ինչպես նաև պատրաստում են ապարանջաններ և մոմեր վաճառքի համար։
Գոհար Օնսուզյանը կենտրոն է հաճախում բացման օրվանից։ Նա կենտրոնի բացման մասին իմացել է համացանցից։ Նախկինում Գոհարը զբաղվում էր ուլունքագործությամբ, բայց նրան չէր հերիքում շփումը և ուզում էր անգլերեն սովորել։
«Իմ գլխավոր նպատակը հենց շփվելն էր, քանի որ 60 տարեկանից հետո ծանոթների շրջանակը նեղանում է։ Տանը ձանձրալի է, իսկ այստեղ նոր մարդիկ են և խմբակներ կան։ Ես աշխատել եմ որպես հյուրանոցի մենեջեր։ Տանը ուլունքազարդ ծառեր եմ պատրաստում։ Եվրոպայի օրվա համար մենք մեր ստեղծագործությունները ցուցադրեցինք Թբիլիսիում։ Սալոմե Զուրաբիշվիլին ինձնից ծառ գնեց։ Հետո մենք էքսկուրսիաներ ենք գնում և մասնակցում ճանաչողական դասախոսությունների։ Մենք շատ բան սովորեցինք մեր քաղաքի մասին, չնայած որ կրթություն ունենք և ապրում ենք այստեղ», — ասում է Գոհար Օնսուզյանը։
Նա ունի երկու երեխա՝ 36-ամյա որդի, ով ապրում է արտասահմանում, և 42-ամյա դուստր, ով ատամնաբույժ է։
Շալվա Տաբատաձեն կենտրոն է հաճախում հասակակիցների հետ շփվելու և անգլերեն սովորելու համար։ Նա 75 տարեկան է, նրա երեխաները մեծացել են և ապրում են առանձին, նա ապրում է իր կնոջ հետ։
«Ես մեկ նպատակ ունեմ՝ մտերիմ հարաբերություններ և միաժամանակ անգլերեն սովորել։ Իմ տարիքում կարևոր է թարմացնել գիտելիքներս և մարզել հիշողությունս։ Այսօր մարդիկ մեկուսացված են, իսկ հարազատներս կարող են տարին մեկ անգամ զանգահարել ինձ ծննդյան տարեդարձս շնորհավորելու համար, ու վերջ։ Բայց այստեղ մենք մեր ժամանակն ակտիվորեն ենք անցկացնում՝ ծանոթանալով միմյանց հետ, էքսկուրսիաների մասնակցելով։ Մենք եղել ենք Ասպինձայում և Թբիլիսիում», — ասում է Տաբատաձեն։
Նա ծնունդով Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոկիո գյուղից է, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Ախալցիխեի Ագարա գյուղ։ Մասնագիտությամբ բանասեր է։ Հարցին, թե ինչու կինն իր հետ կենտրոն չի գալիս, նա ժպտաց է և պատասխանեց.
«Նա ունի իր սեփական շրջապատը։ Պարտադիր չէ, որ ամուսինն ու կինը միասին հանգստանան»։
Զինաիդա Նիկոշվիլին կենտրոն է հաճախում իր մտավոր կարողությունները պահպանելու համար։ Նա 77 տարեկան է։ Կենտրոնի մասին իմացել է ընկերուհուց։ Այստեղ նա գիտելիքներ է ձեռք բերում, շփվում է, և վայելում է մթնոլորտը։
«Նոյեմբերին կդառնամ 77 տարեկան։ Իմ տարիքում կարևոր է պահպանել մտավոր կարողությունները։ Ես այստեղ եմ գալիս անգլերեն սովորելու և շփվելու, տնային միջավայրից դուրս գալու համար։ Սա հատկապես անհրաժեշտ է ամուսնուս կորցնելուց և մենակ մնալուց հետո։ Երեխաներս առանձին են ապրում, և մենակությունը ճնշող է։ Բայց այստեղ ավելի հեշտ է։ Ասում են, որ նրանք, ովքեր իրենց գտնում են մենակության մեջ, ամենաերջանիկ մարդիկ են։ Բայց ինձ համար դա դժվար է», — կիսվում է Զինաիդա Նիկոշվիլին։
Չնայած ծրագիրը պաշտոնապես ավարտվել է այս տարվա հունիսին, շահառուները շարունակում են գալ կենտրոն։ Նրանք պատրաստում են արտադրանք, իսկ ուսուցիչները շարունակում են դասավանդել կամավորական հիմունքներով։
«Նրանք իրենք են շարունակում նախագիծը, քանի որ մենք օգնեցինք նրանց իրացնել իրենց ներուժը։ Նրանք նախագծի հիման վրա սոցիալական ձեռնարկություն են սկսել. պատրաստում են ապարանջաններ և զարդեր, որոնք, եկամուտ ստանալու համար, ցանկանում են վաճառել։ Վստահ եմ, որ նախագիծը կշարունակվի, քանի որ նրանք ներուժ ունեն։ Նրանց բնական քարե ապարանջաններն ու մոմերը պահանջարկ ունեն», — նշում է նախագծի մենեջերը։
Նինո Թումանիշվիլին ասում է, որ բացի շփվելուց և նոր ընկերներ ձեռք բերելուց, կենտրոնը նպաստում է հոգևոր հարստացմանը։
«Կան շատ ակտիվ զբաղմունքներ. մենք հաճախում ենք ներկայացումների, գնում ենք էքսկուրսիաների և արշավների: Մենք շատ լավ ժամանակ ենք անցկացնում», — ասում է նա։
Անգլերենի ուսուցչուհի Մարիամ Պետրոսյանը բացատրում է, որ դասերը, լեզվի յուրացումը հեշտացնելու համար, դասավանդվում են հեքիաթների և պատմվածքների միջոցով: Խմբերը երկուսն են, որոնք բաղկացած են 6-7 մարդկանցից:
«Մենք սկսել ենք մեկ տարի առաջ և շարունակում ենք։ Ունենք երկու խումբ և անգլերենը սկսել ենք սովորել տառերից, չնայած դպրոցում գրեթե բոլորն անգլերեն սովորել են։ Անգլերենից զատ, մենք պատմություն ենք ուսումնասիրում և թևնոցներ ու մոմեր ենք պատրաստում։ Ամեն շաբաթ էքսկուրսիաների ենք գնում», — ասում է Մարիամ Պետրոսյանը։
«Տոլէրանտ» ասոցիացիայի տնօրեն Ցիրա Մեսխիշվիլին ասում է, որ վաղուց երազել է 60 տարեկանից բարձր անձանց համար կենտրոն բացել։
«Նրանց դուր չի գալիս «տարեցներ» տերմինը, 60+-ը այլ կերպ է հնչում։ Մեր շահառուների շրջանում ֆինանսական խիստ կարիքի մեջ գտնվողներ չկան։ Բայց նրանք գնալու տեղ չունեն, նստած են տանը և հեռուստանովելներ են դիտում։ Նրանք հոգնել են դրանից, ուզում են դուրս գալ, գեղեցիկ հագնվել, շփվել։ Հիմա նրանց մոտ մոտիվացիա է առաջացել»։
Նրա խոսքով, կենտրոնի բացումից առաջ հարցում է անցկացվել, և շահառուներն իրենք են ընտրել իրենց անհրաժեշտ ուղղությունները։ Այսօր կենտրոնի ղեկավարությունը բախվել է նրա մշտական պահպանման խնդրին․ նախագծի ավարտից հետո շահառուների համար ոչինչ չի փոխվել, բայց ուսուցիչներն աշխատում են առանց աշխատավարձի։
«Մենք բոլորս հիմա կամավորներ ենք, աշխատում ենք առանց վարձատրության։ Ինչպես կարող էինք հենց այնպես բաց թողնել նրանց։ Ես փնտրում եմ ֆինանսավորում նախագիծը շարունակելու համար, քանի որ առանց ռեսուրսների չենք կարող այն երկար պահել։ Մենք նաև պլանավորում ենք սոցիալական բիզնես՝ մեր տատիկների կողմից պատրաստված ձեռագործ իրերի վաճառք։ Մենք դիմել ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց նրանք նման ծրագրեր չունեն. նրանց ծրագրերը ուղված են միայն սոցիալապես խոցելի խմբերին։ Մենք նաև փնտրում ենք դոնորներ, դիմել ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրին (UNDP)։ Մոզ համար հիմա կարևորը կոմունալ ծախսերը փակելն է», — ասում է Ցիրա Մեսխիշվիլին։
Կենտրոնում աշխատում է Ճապոնիայից մի կամավոր, որը շահառուներին սովորեցնում է ճապոներեն և օգնում է ֆանդրայզինգի հարցում, որպեսզի միջոցներ հայթայթենք։
«Սոցիալական ինտեգրման 60+ կենտրոն» ծրագիրը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են տարեց անձինք ապրել իրենք իրենց համար և իրենց կյանքը դարձնել հետաքրքիր, որոնք դրականորեն կազդեն իրենց բարեկեցության և առողջության վրա: Սակայն, այլ մունիցիպալիտետներում նմանատիպ կենտրոններ բացելու իր փորձը կիսելու փոխարեն, կենտրոնն այժմ կանգնած է փակման վտանգի առաջ, քանի որ այն չի կարող երկար ժամանակ գոյատևել ուսուցիչների և համակարգողների կամավորական աշխատանքի հաշվին: