նորություններ 29 Սեպտեմբերի, 2025 • Մանկապարտեզի նոր շենքը շահագործման է հանձնվել, սակայն հայտնի չէ, թե երբ կսկսի այն գործել

Նոր մանկապարտեզը, որը գտնվում է թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոց) տարածքում, շահագործման է հանձնվել սեպտեմբերի 12-ին։ Տեղական իշխանությունները մանկապարտեզի բացման համար սպասում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի (MDF) կողմից գույքի տրամադրմանը, սակայն MDF-ում ասացին որ Ախալքալաքի մանկապարտեզին կահույք տրամադրել չեն նախատեսում։ Մինչդեռ, Ախալքալաքի շատ երեխաներ սպասում են այս մանկապարտեզի բացմանը, քանի որ կամ չեն կարողանում հաճախել նախադպրոցական հաստատություններ, կամ էլ հաճախում են գյուղական նախադպրոցական հաստատություններ՝ քաղաքի բոլոր երեք մանկապարտեզների վերանորոգման պատճառով։

Երկար հետաձգումից հետո, Ախալքալաքի նոր մանկապարտեզը, վերջապես, սեպտեմբերի 12-ին, շահագործան հանձնվեց։

«Շենքն արդեն ընդունվել է, կային որոշ թերություններ, բայց դրանք արդեն վերացվել են, և այն պատրաստ է շահագործման։ Մենք սպասում ենք գույքին, որպեսզի բացենք», — ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը Jnews-ին հայտնեց, որ սպասում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից խոստացված կահույքին և այլ գույքի։

«Մունիցիպալ զարգացման հիմնադրամը կապահովի գույքը երեք խմբի համար, բայց մենք ցանկանում ենք բացել վեց խումբ՝ ննջասենյակների հաշվին, որպեսզի քաղաքի մանկապարտեզների երեխաները ստիպված չլինեն հաճախել գյուղական մանկապարտեզներ։ Մենք սպասում ենք գույքին, ուղարկել ենք մեզ անհրաժեշտ իրերի ցանկը», — ասում են Մանկապարտեզների միավորումից։

Միավորման տեղեկատվության համաձայն, առայժմ նոր դաստիարակներ կամ այլ աշխատակիցներ չեն ընդունի։ Նոր մանկապարտեզում կաշխատեն, քաղաքի, վերանորոգման պատճառով փակված մանկապարտեզների դաստիարակներն ու դայակները։

«Գյուղական մանկապարտեզներ է հաճախում մոտ 70 երեխա։ Մենք նրանց կտեղավորենք, ապա կընդունենք նորերին։ Սպասում ենք գույքի ստանալուն, կտեղադրենք դրանք և նոր երեխաներին տեղավորելու համար նախատեսում ենք ննջասենյակները վերածել խմբերի։ Հուսով ենք, որ կկարողանանք տարեվերջին բացվել», — հավելում են Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումից։

Մունիցիպալ զարգացման հիմնադրամը նոր մանկապարտեզի կառուցման համար հատկացրել է 1 մլն. 657 հազ. լարի: Jnews-ը, պարզելու համար, թե երբ է հիմնադրամը կահույքը բերելու, կապ հաստատեց հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Նրանք մեզ ասացին, որ Ախալքալաքի մանկապարտեզները ներառված չեն ֆինանսավորման կամ այլ աջակցության ցանկերում։

Մանկապարտեզների միավորումում բացատրեցին, որ իրենք, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի (MDF) հետ կապը պահպանում են Սամցխե-Ջավախեթիի վարչակազմի միջոցով, որ նրանք պարբերաբար զանգահարում են նահանգապետարան՝ հետաքրքրվում, և որ անհրաժեշտ գույքի ցանկն ուղարկել են նահանգապետարան:

Նշենք, որ շահագործման հանձնումը մի քանի անգամ հետաձգվել է։ Մարտի սկզբին շինարարական ընկերության ներկայացուցիչ Կախա Գերգեդավան Jnews-ին տված հարցազրույցում ասել էր, որ մնում է միայն ճոճանակների տակ ռետինե սալիկներ տեղադրեն և բակի սալահատակը նորից տեղադրեն, քանի որ ցուրտ եղանակին տեղադրվածը ուժեղ սառնամանիքից քանդվել էր։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել էր, որ բոլոր աշխատանքները կավարտվեին, հենց եղանակները տաքանան։ Ավելի ուշ՝ ապրիլի 23-ին, ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ աշխատանքների ավարտման համար կպահանջվեն մեկ շաբաթից մի փոքր ավելի ժամանակ։ Հուլիսին մենք կրկին հետաքրքրվեցինք, բայց պարզվեց, որ այն դեռ չէր հանձնվել, կրկին թերություններ էին հայտնաբերվել, և վերջապես, սեպտեմբերի 12-ին, մանկապարտեզի նոր շենքը շահագործման հանձնվեց։

Նոր միահարկ մանկապարտեզի շենքը տիպիկ է և նախատեսված է 75 երեխայի համար։ Ընդհանուր մակերեսը կազմում է 960 քառ. մետրից մի փոքր ավել։

Երբ կսկսի գործել Ախալքալաքի նոր մանկապարտեզը

Նոր մանկապարտեզի կառուցումն ավարտին է մոտենում

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝