նորություններ 27 Սեպտեմբերի, 2025 • Ինչպես են Ջավախքի քաղաքապետի թեկնածուներին հանրածանոթ դարձնում սոցիալական ցանցերում

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները կկայանան հոկտեմբերի 4-ին: Ջավախքում այս տարվա ընտրարշավը սկսվել է միայն իշխող կուսակցության կողմից, մյուս կուսակցությունների աշխատանքն Ախալքալաքում չի նկատվում: Շրջանում ընդդիմությունը դեռ չի սկսել քարոզարշավը: Մինչդեռ, «Վրացական երազանքը» սկսել է ակտիվորեն առաջ մղել իր քաղաքապետի թեկնածուներին ոչ միայն անձնական հանդիպումների, այլև սոցիալական ցանցերում՝ բուսթինգի միջոցով:

Բուսթինգը սոցիալական ցանցերում հրապարակումների, գրառումների, տեսանյութերի կամ էջերի վճարովի առաջխաղացումն է: Դրա նպատակն է մեծացնել լսարանի ընդգրկումը, ներգրավել նոր հետևորդներ և բարձրացնել ապրանքանիշի ճանաչելիությունը կամ, այս դեպքում՝ քաղաքական գործչի: Գործընթացը ներառում է բյուջեի հատկացում, թիրախային լսարանի սահմանում և գովազդի ցուցադրման պարամետրերի ճշգրտում: Բուսթինգը տարբերվում է օրգանական առաջխաղացումից, որը ձեռք է բերվում բնական ճանապարհով՝ առանց ֆինանսական ներդրումների: Բուսթինգի արդյունավետությունը կախված է բովանդակության որակից, ճիշտ թիրախային լսարանից և բյուջեից:

Meta-ի և(Meta Ad Library) բաց աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ «Վրացական երազանքը» բազմիցս ֆինանսավորել է Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանի և Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու Անիվարդ Մոսոյանի բուսթինգը։

Այս թեկնածուների էջերը Ֆեյսբուքյան հարթակում բացվել են 2021 թվականին: Այս տարի իշխող կուսակցության նույն թեկնածուների համար բացվել են նոր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր: 2021 թվականին Ախալքալաքի քաղաքապետի այն ժամանակվա թեկնածու Մելքոն Մակարյանի էջի առաջխաղացման համար օգտագործվել է ութ անգամ բուսթինգ՝ յուրաքանչյուրը մինչև 100 դոլար արժողությամբ: Բացի այդ, 2021 թվականին Անիվարդ Մոսոյանի համար բուսթինգ է օգտագործվել 17 անգամ՝ նույնպես մինչև 100 դոլար արժողությամբ:

Մելքոն Մակարյանի նոր էջը գործարկվել է 2025 թվականի սեպտեմբերի 4-ին։ Այս ընթացքում տեղադրվել է ինը գովազդ, որոնցից յուրաքանչյուրը արժեցել է մինչև 100 դոլար (վերջնական ծախսված ճշգրիտ գումարը անհայտ է)։ Անիվարդ Մոսոյանի էջը գործարկվել է 2025 թվականի սեպտեմբերի 6-ին, և այդ ժամանակվանից ի վեր վճարվել է մինչև 100 դոլարի չորս բուսթինգ (յուրաքանչյուր բուսթինգի ճշգրիտ գումարը հայտնի չէ)։

Հարկ է նշել, որ էջի և գրառումների բուսթինգը սովորաբար իրականացվել է 1-2 օրվա համար: Ամենաերկարատև բուսթինգը ՝ թեկնածու Մելքոն Մակարյանի էջը խթանելու համար, տևել է 4 օր, մինչդեռ Անիվարդ Մոսոյանի էջը՝ 9 օր: Վճարովի գովազդը ներառել է Ախալքալաքի և Նինոծմինդայի որոշ գյուղերում նկարահանված քարոզչական բնույթի հրապարակումներն ու տեսանյութերը: «Բուսթինգի հովանավոր» բաժնում նշված է «Վրացական երազանք» կուսակցության կայքը՝ gd.ge: Բուսթինգի թիրախային լսարանը (ըստ Meta Ad Library-ի) Սամցխե-Ջավախեթիի օգտատերերն են:

Facebook/Meta-ն պահանջում է, որ քաղաքական կամ ընտրական գովազդ (կամ ընտրություններին և քաղաքական թեմաներով գովազդ) տեղադրող ցանկացած գովազդատու արտոնագրված լինի Վրաստանում և համապատասխանի «Վճարված է (ինչ-որ մեկի կողմից)» «Paid for by» պահանջին: Այս կարգը վերաբերում է Վրաստանի բնակիչներին միտված կամ վրացի թեկնածուների կամ կուսակցությունների կողմից ստեղծված գովազդներին: Meta-ն ունի «Գովազդային գրադարան — Ad Library» քաղաքական և սոցիալական թեմաների համար, որտեղ այն յոթ տարի պահպանում է նման գովազդների վերաբերյալ տվյալները: Քաղաքական սահմանման մեջ ընկնող գովազդները (ներառյալ թեկնածուները, կուսակցությունները, ընտրությունները, սոցիալական խնդիրները և այլն) պետք է պատշաճ կերպով պիտակավորվեն որպես քաղաքական՝ նշելով հովանավորի մասին տեղեկատվություն, կոնտակտային տվյալներ և այլն: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպիսին է ISFED-ը, բացահայտել են քաղաքական գովազդների առանց պիտակավորման կամ թերի կամ սխալ տվյալներով թողարկման դեպքեր։ Նրանք նաև խորհուրդ են տալիս Պետական աուդիտի գրասենյակին և սոցիալական մեդիա հարթակներին ուժեղացնել իրենց վերահսկողությունը։

Քաղաքական բուսթինգը Վրաստանում օրինականորեն թույլատրելի է, եթե պահպանվում են թափանցիկության և արտոնագրման կանոնները: Սա նշանակում է, որ գովազդի համար կարելի է վճարել, բայց այն պետք է ճշգրիտ նկարագրվի, և դրա աղբյուրը պետք է հայտնի լինի: Այնուամենայնիվ, կան խախտումների դեպքեր (ըստ ISFED-ի), օրինակ՝ երբ գովազդները պատշաճ կերպով չեն պիտակավորվել կամ տարածվել են անանուն էջերի կամ լրատվամիջոցների միջոցով, ինչը դժվարացնում է աղբյուրի որոնումը: Որոշ դեպքերում գովազդատուները չեն ստանում արտոնագրում կամ չեն տրամադրում տվյալների ամբողջական փաթեթ, ինչը գովազդը դարձնում է պոտենցիալ անօրինական կամ հարթակի կանոնները խախտող:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝