Ախալքալաքի շրջանում իր մեծամասնական թեկնածուներին առաջադրել է միայն «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նրա ներկայացուցիչներն անցկացնում են նախընտրական քարոզարշավ Ախալքալաքում և գյուղերում: Այլ է պատկերը Նինոծմինդայի շրջանում, քանի որ բացի «Վրացական երազանքից» թեկնածուներ են առաջադրել նաև այլ կուսակցություններ։
Նինոծինդայի շրջանում կա 13 մաժորիտար տարածք, որոնցից մեկում՝ 41.05 տարածքում (Գորելովկաի թեմ) «Վրացական երազանքից» բացի, մեծամասնական թեկնածուներ է առաջադրել «Ժողովրդական իշխանություն» (14) կուսակցությունը։ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչն է Արարատ Չապանյանը, իսկ «Ժողովրդական իշխանության» ներկայացուցիչը՝ Ավթանդիլ Նակաիձեն:
Jnews-ը եղավ Գորելովկայում։ Գյուղում ամենուրեք փակցված էր «Վրացական երազանքի» կողմից առաջադրված Նինոծմինդայի քաղաքապետի նկարներով պաստառները, իսկ «Ժողովրդական իշխանության» կողմից առաջադրվող թեկնածուի պաստառներ չնկատեցինք։
Գյուղի բնակիչները զբաղված էին իրենց առօրյա գործերով։ Փողոցները գրեթե դատարկ էին։ Մենք խոսեցինք 2 բնակչի հետ։
«Ի՞նչ ասեմ, օրը կգա ում որ պետք է կգնամ կընտրեմ։ Ի՞նչ գիտեմ, որ ի՞նչ էլ ասեմ», — ասաց մի բնակիչ, իսկ մյուսն ընտրությունների հետ կապված հարցին պատասխանեց հետևյալ կերպ․ «Ես ոչ մասնակցում եմ, ոչ էլ գիտեմ ու չեմ հավատում ոչ մեկին»։
Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու Անիվարդ Մոսոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր նկարներով, որտեղ կուսակցության այլ ներկայացուցիչների հետ միասին նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել էր Գորելովկայի թեմի 6 գյուղ (Սամեբա, Ժդանովական, Գորելովկա, Եփրեմովկա, Սպասովկա, Օրլովկա)։
Jnews-ը կապ հաստատեց «Ժողովրդական իշխանություն» կուսակցության ներկայացուցիչ Ավթանդիլ Նակաիձեի հետ, որպեսզի իմանա, թե անցկացրե՞լ են նախընտրական քարոզարշավ Գորելովկայում։
«Այո, եղել եմ։ Գնում էի», — պատասխանեց ներկայացուցիչը։ Հարցին, որ Jnews-ը Գորելովկայում չի տեսել պաստառներ, Նակաիձեն պատասխանեց, որ 14 համարի պաստառներ կան և փակցված են այն վայրերում, որտեղ հավաքվում են մարդիկ։ Իսկ հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի կայանալիք ընտրություններից, նա պատասխանեց․
«Հաղթանակի ցանկություն ունեմ։ Տրամադրվածությունս էլ հաղթանակի է»։
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցող ընտրողների ընդհանուր թիվը 3 513 818 է: Էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրություններին կմասնակցի 3 130 348 ընտրող: Հանրապետության ողջ տարածքում բացվել է 3 061 ընտրական տեղամաս, որից 2 284 ընտրական տեղամաս կանցկացվի էլեկտրոնային եղանակով, իսկ 777 ընտրատեղամաս՝ ավանդական եղանակով: