Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ախալի Խուլգումո և Փարվանա գյուղերում բնական գազը բացակայում է։ Բնակիչները բազմաթիվ խնդիրներ ունեն , բայց ամենահրատապը հենց գազիֆիկացումն են համարում ։ SJGC գազաբաշխիչ ընկերությունից հայտնեցին, որ այս հարցը դեռ չի քննարկվում։
Ախալի Խուլգումո գյուղը գտնվում է Նինոծմինդա-Ծալկա մայրուղուց 3 կմ հեռավորության վրա, Փարվանա լճի հյուսիսային ափին։ Այն փոքր է և ներառում է Տամբովկա և Չաչկա գյուղերը։ Այստեղ ապրում է մոտ 30 ընտանիք, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Ջավախքի շատ գյուղերի պես, այստեղ նույնպես շատ դատարկ տներ կան, մարդիկ հեռանում են տարրական կենսապայմանների բացակայության պատճառով։
«Մենք շատ խնդիրներ ունենք, բայց գլխավորը գազի բացակայությունն է։ Կարծես ճանապարհը կառուցում են։ Բացի այդ, մեր գյուղով քոչվոր հովիվներն մի քանի հազար գլուխ անասուն են անցկացնում են դեպի արոտ, նրանք մեզ վնաս են տալիս։ Մենք վաղուց ենք բողոքում և խնդրում ենք օգնել», — ասում է Ախալի Խուլգումո գյուղի բնակիչ Պողոս Մանուկյանը։
Եգոր Պոլոյանը նույնպես գազի բացակայությունը համարում է առաջնային խնդիր։
«Գյուղի երիտասարդների համար տեղ չկա իրենց ազատ ժամանակն անցկացնելու։ Այս տարի ճանապարհը վերանորոգում են, ձմռանը ձյունը փակում է ճանապարհը, ստիպված զանգահաում ենք, որ գան մաքրեն։ Գլխավոր խնդիրն այն է, որ մենք գազ չունենք։ Խոստանում են, բայց երբ կլինի հայտնի չէ»։
Փարվանա գյուղը գտնվում է Նինոծմինդա-Ծալկա մայրուղու երկայնքին, լճի հարավային ափին։ Այստեղ ապրում է մոտ 60 ընտանիք։ Այստեղ ևս հիմնական խնդիրը մնում է գազի բացակայությունը։
«Մենք ձմռան համար գնել ենք վառելափայտ, տվել ենք 1500 լարի։ Առանց գոմաղբի վառելիքը չի բավարարի։ Փայտը կոտրել ենք, փռել ենք չորանալու, ձմռանը վարագույրները ստիպված ենք լինում ամեն շաբաթ լվանալ, որովհետև ծխից շուտ կեղտոտվում են», — բողոքում է Փարվանայի բնակիչը։
SJGC-ի տնօրեն Վրեժ Բերիկյանը նախկինում Jnews-ի հետ զրույցում հայտնել էր, որ ընկերությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի քանի գյուղերում, մասնավորապես՝ Փոկայում և Գանձայում, գազի պակասը լուծելու համար, նախատեսում է 4 կիլոմետրանոց գազատար կառուցել, սակայն նախագիծը չիրականացավ։
«Մինչև մենք չլուծենք Փոկայի և Գանձայի գազի անբավարարության խնդիրը, իմաստ չունի խոսել Խուլգումոյի և Փարվանայի գազիֆիկացման մասին։ Մենք նրանց ոչինչ չենք խոստացել։ Հաջորդ տարի մենք նախատեսում ենք կառուցել 20 կիլոմետրանոց գիծ, որը պետք է լուծի այս երկու գյուղերի խնդիրը։ Միայն դրանից հետո կարող ենք քննարկել Խուլգումոյի և Փարավնայի գազիֆիկացման հարցը», — նշեց Բերիկյանը։
Վրաստանի գազամատակարարման ընկերության (GGTC) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, 2024-2025 թվականներին նախատեսվում է գազիֆիկացնել Ջավախքի 13 գյուղ՝ ութը՝ Ախալքալաքի և հինգը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետներում։ Նինոծմինդայում դրանք Գորելովկա, Ժդանով, Սամեբա, Եֆրեմովկա և Օրլովկա գյուղերն են։