նորություններ 24 Սեպտեմբերի, 2025 • ՆԳՆ Սպասարկման գործակալությունը Ախալքալաքում դեռ չի վերսկսի աշխատանքը

Արդեն 4 ամիս է ՆԳՆ ծառայությունների գործակալության Ախալքալաքի սպասարկման կենտրոնը չի գործում շենքի վերանորոգման պատճառով: Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները ստիպված են ավտոմեքենայի հետ կապված, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթային հարցերով մեկնել Ախալցիխե: Թե երբ կվերսկսի աշխատանքը Ախալքալաքի ստորաբաժանումը՝ դեռ պարզ չէ:

Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունը մայիսի 30-ին տարածել էր տեղեկություն, որ ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում, Ախալքալաքում գտնվող գործակալության կառուցվածքային ստորաբաժանումում իրականացվում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, ինչի պատճառով Ախալքալաքում բնակիչները ժամանակավորապես չեն կարողանա օգտվել գործակալության ծառայություններից։

Մինչ վերանորոգման աշխատանքների սկսվելը քաղաքում գտնվող գործակալության կառուցվածքային ստորաբաժանումը ամեն ուրբաթ շարժական խմբի միջոցով ծառայություններ էր մատուցում տեղի բնակչությանը։

Jnews-ը կապ հաստատեց Վրաստանի ՆԳՆ ծառայությունների գործակալության հետ, պարզելու համար, թե ե՞րբ կվերսկսի գործակալությունը իր աշխատանքը Ախալքալաքում։

«Դեռևս անհայտ է։ Ընթանում է վերանորոգման աշխատանքներ։ Թե հստակ ե՞րբ կվերջանա, նախորոք չենք կարող ասել»- — պատասխանեցին գործակալությունից։

Հարցին, թե աշխատանքները վերականգնվելուց հետո կլինեն արդյոք փոփոխություններ, պատասխանեցին, որ այդ և այլ մանրամասներ կհրապարակվի գործակալության պաշտոնական կայքէջում:

Մինչ այդ, ինչպես նշված էր էջում, քաղաքացիները, ովքեր ցանկանում են ստանալ տարբեր սպասարկում, կարող են այցելել հետևյալ հասցեով.  Ք. Ախալցիխե, Բ. Ջաղելիի N68:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝