Ավելի քան երկու ամիս է, ինչ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի գյուղերում անասունների մեջ տարածվել է հիվանդություն, որն անասնապահների կարծիքով դաբաղն է։ Կենդանիների մեջ տարածված այս հիվանդության արդյունքում՝ անասունների անկման բազմաթիվ դեպքեր գրանցվեցին։
Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի շատ գյուղերում տարածված հիվանդության նշանները նման էին դաբաղ հիվանդությանը բնորոշ նշանների, և բնակիչների մեծամասնությունն էլ վստահ էր, որ դա դաբաղ հիվանդությունն է։ Չնայած դրան, որոշների կարծիքով, դա դաբաղ չէ, քանի որ դաբաղն այդքան երկար բուժվող, կամ առավել ևս չբուժվող հիվանդություն չէ։
Ախալքալաքի շրջանի գրեթե բոլոր գյուղերում հիվանդությունն արդեն նահանջել է, սակայն հատուկենտ գյուղեր կան, որտեղ հիվանդությունը նոր-նոր է բռնկվում։ Իրավիճակը հանդարտ է այն գյուղերում, որտեղ հիվանդությունը բռնկվել էր օգոստոս ամսին։
Մեր ունեցած տեղեկություններով, Խանդո և Ալաստան գյուղերում հիվանդությունը նոր է բռնկվում։ Բնակիչները լսելով այլ գյուղերի դեպքեր, վախենում են, որ իրենց կովերն էլ դժվար կբուժվեն կամ կսատկեն։ Իսկ մարդիկ վախենում են օգտագործել կաթը և միսը։
Կենդանիներին բուժելու համար անասնապահները խորհրդատվություն են ստանում Ախալքալաքի կամ Նինոծմինդայի անասնաբուժական դեղատներից։
Ինչպես նշված էր Jnews-ն ավելի վաղ գրել էր, հիվանդության ստույգ ախտորոշման համար կենդանիների ախտաբանական նյութի նմուշն ուղարկել էին լաբորատորիա։
Այսօր, Jnews-ը կրկին անգամ կապ հաստատեց Սննդի ազգային գործակալության հետ, ճշտելու համար, թե ի՞նչ է պարզվել լաբորատոր հետազոտության արդյուքնում։ Մեզ պատասխանեցին, որ Ջավախքում գրանցվել են մի քանի տեսակի հիվանդություններ։ Դրանք են՝ բրուցելոզ, Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդ և պաստերելյոզ։ Ինչպես նկատեցիք, գրանցված հիվանդությունների ցուցակում չկա դաբաղ հիվանդությունը։
Ավելի մանրամասն տարածված և գրանցված հիվանդությունների մասին Jnews-ը կներկայացնի ավելի ուշ, երբ ստանա հստակ տեղեկություն Սննդի ազգային գործակալությունից։