Չորեքշաբթի գիշերը Թբիլիսիի Նաձալադևի շրջանի Սամգերեթի փողոցում մասնավոր հատվածում միմյանցից մի քանի ժամվա տարբերությամբ տեղի են ունեցել երկու գազի հզոր պայթյուններ, հաղորդում է TV Pirveli-ն։
Մեկ մարդ՝ 19-ամյա աղջիկ, վիրավորվել է։ Նա հոսպիտալացվել է ծանր այրվածքներով և մնում է վերակենդանացման բաժանմունքում։
Առաջին պայթյունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 2:00-ին՝ բնակելի շենքում, իսկ երկրորդը՝ մոտակա խանութում, որտեղ գիշերը ոչ ոք չի եղել։
Երկու շենքերն էլ մասամբ ավերվել են, շրջակա տարածքի պատուհանները կոտրվել են։ Ականատեսները պատմում են, որ պայթյունները լսվել են նույնիսկ քաղաքի այլ մասերում։
Տեղի բնակիչները բողոքում են գազի ընկերության և արտակարգ ծառայությունների անբավարար արձագանքից: Նրանք ասում են, որ երկու օր շարունակ փողոցում գազի հոտի մասին հայտնել են «Թբիլիսի Էներջի»-ին: Նրանք նաև նշում են, որ առաջին պայթյունից հետո իրենք արտակարգ ծառայություններին տեղեկացրել են փակ հացաբուլկեղենի խանութում ուժեղ հոտի մասին: Ըստ բնակիչների, արտակարգ ծառայությունները հրամայել են դադարեցնել գազի մատակարարումը, բայց տարածքը չեն ստուգել:
Դեպքի կապակցությամբ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ և 240-1-րդ հոդվածներով՝ «անվտանգության կանոնների խախտում հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ», ինչպես նաև «անվտանգության կանոնների խախտում էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտներում»։