նորություններ 21 Սեպտեմբերի, 2025 • Հայաստանը նշում է Անկախության օրը

Հայաստանը նշում է Անկախության օրը` Հայաստանի Հանրապետության 34-րդ տարեդարձն է:

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հանրաքվեին մասնակցած և անկախությանն «այո» ասած քաղաքացիներն ինչի՞ մասին էին երազում իրենց քվեարկության պահին։ Այսպիսի վիճակագրություն չկա, բայց վստահաբար, մեր այդ հայրենակիցներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։

Երրորդ Հանրապետության կյանքը, ցավոք, այդպիսին չստացվեց․ շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չտվեցին անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել։ Բայց նույնիսկ ամենադժվար ու ողբերգական օրերին, որ ապրել է Երրորդ Հանրապետությունը, այդ երազանքը թեկուզ խամրել, բայց երբեք չի մարել մեր քաղաքացիների աչքերում, մտքում և հոգում։

2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությամբ այդ երազանքը կրկին իրենով լցրել է Հայաստանի Հանրապետությունը, և մեր պարտքն է նախ փայփայել, ապա և իրականություն դարձնել այն։

Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել և սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլևս երբեք բաց չթողնելու մասին»։

«Անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ, պաշտպանված, զարգացած, ազատ և երջանիկ Հայաստանն, ահա, նորածին մանուկի նման մեր խնամքին է սպասում։ Ու մենք՝ բոլորս, սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հայրություն ու մայրություն պիտի անենք նրան։ Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝ հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է իրապես, և այդ ղեկը մենք մեր ձեռքից այլևս երբեք չպիտի բաց թողնենք», — ասված է ուղերձում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝