նորություններ 20 Սեպտեմբերի, 2025 • Տամբովկայի ընտրատարածքում ընտրողները կանգնած են իրական ընտրության առաջ

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Մինչ Ախալքալաքի մունիցիպալիտետում «Վրացական երազանք» կուսակցությունն այլընտրանք չունի, Նինոծմինդայի №41.09 (Տամբովկա) մեծամասնական ընտրատարածքում առաջադրված է անկախ թեկնածու՝ Եղիշ Մկրտչյանը։

Թեկնածուն ապրում է Փարվանա գյուղում: Նա մոտ 30 տարեկան է, սովորել է Թբիլիսիում և ներկայումս աշխատում է որպես պահակ (ռեյնջեր) Փարվանա լճում, ամուսնացած չէ: Նա նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել է մեծամասնական թեկնածու։

Թիվ 41.09 մեծամասնական ընտրատարածքը ներառում է երեք գյուղ՝ Փարվանա, (Ռադիոնովկա), Ախալի Խուլգումո (Չաչկա, Տամբովկա) և Ասպարա։

Փարվանայի բնակիչները, հարցին, թե ճանաչում են Եղիշ Մկրտչյանին, պատասխանում էին՝ «այո», նկարագրում էին նրան որպես բարեկիրթ, համեստ, բարի, լավ ընտանիքից սերած մարդու: Մկրտչյանն ինքը հրաժարվեց հարցազրույց տալ մինչ ընտրությունների ավարտը:

Աշոտ Քյուրքչյանը, նրա թեկնածու առաջադրվելու հայտը ստորագրածներից մեկը, Jnews-ի հետ զրույցում նշեց.

«Ես նրան ճանաչում եմ, նա մեր գյուղից է, համեստ, կրթված և խելացի տղա է։ Ես իմ համաձայնությունն եմ տվել, որպեսզի նա առաջադրի իր թեկնածությունը, ես այն 50 մարդկանց թվում եմ, ովքեր աջակցել են նրա թեկնածությանը»։

Եղիշ Մկրտչյանի թեկնածությունն առաջադրած նախաձեռնող խմբի մեջ մտնում են՝ Մայիս Էլոյանը, Նիկոլայ Պոլոյանը, Շոթա Արոյանը, Մանուկ Կարագյոզյանը և Էդուարդ Հարությունյանը։

Որոշ ընտրողներ խոստովանում են, որ ընտրությունը դժվար է իրենց համար, քանի որ «երկու թեկնածուներն էլ արժանի են»։ Մկրտչյանի մրցակիցը «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Առաքելյանն է, որը նույնպես Փարվանայից է։

Փարվանայի բնակիչը, որը չցանկացավ որ անունը հրապարակվի, ասաց, որ դժվար ընտրության առաջ է կանգնած։

«Երկուսն էլ արժանի, լավ մարդիկ են, երկուսն էլ մեր գյուղից են, և երկուսն էլ ունեն լավ մարդկային հատկանիշներ, պատրաստ են ամեն ինչ անել գյուղի համար։ Ես դժվարանում եմ կողմնորոշվել։ Լավ կլիներ, եթե նրանցից միայն մեկը լիներ», — ասաց երիտասարդը։

Tambovka

Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղը 41.09 մեծամասնական ընտրատարածքի մաս է կազմում։ Պողոս Մանուկյանն ասում է, որ իրենց գյուղից գրեթե 10 տարի է թեկնածուներ չեն եղել, բայց չի դժգոհում։

«Գլխավորն այն է, որ նրանք մեզ լավ վերաբերվեն և արձագանքեն մեր խնդիրներին։ Թող նրանք լինեն այլ գյուղից։ Երկու թեկնածուներն էլ Փարվանայից են։ Մեր գյուղում գազ չկա, և մենք շատ խնդիրներ ունենք։ Գլխավորն այն է, որ նրանք լուծեն այդ խնդիրները», — ասում է Պողոս Մանուկյանը։

Ախալի Խուլգումո գյուղից Եգոր Պոլոյանն ասում է, որ Եղիշ Մկրտչյանը իրենց գյուղում քարոզարշավ չի անցկացրել, բայց նրան գյուղում լավ են ճանաչում։

«Ընտրություններից առաջ բոլորը խոստումներ են տալիս, տեսնենք։ Գյուղը շատ խնդիրներ ունի։ Մեր ֆուտբոլի դաշտը վատթար վիճակում է, խոստացել են այն վերանորոգել, իսկ գյուղի երիտասարդության համար ոչ մի զբաղմունքի տեղ չկա», — ասում է Եգոր Պոլոյանը՝ հուսով, որ նորընտիր պատգամավորը կլուծի այս խնդիրները։

Տամբովկայի ընտրատարածքից Նինոծմինդայի սակրեբուլոյի գործող պատգամավորը Վալերի Բեզոյանն է: Նրա որդու՝ Անդրանիկ Բեզոյանի խոսքով, նա առողջական խնդիրների պատճառով որոշեց չառաջադրվել։
«Վրացական երազանքի» թեկնածուն նույնպես նոր դեմք է։

«Երկու թեկնածուներն էլ կրթված են և լավ դաստիարակված, բայց, այնուամենայնիվ որոշողը ժողովուրդն է», — ասում է Անդրանիկ Բեզոյանը։

Ի տարբերություն Ախալքալաքի և Նինոծմինդայի շատ մեծամասնական ընտրատարածքների, որտեղ կան մեկական թեկնածու, Տամբովկայի ընտրողներն այդ օրը կկանգնեն բարդ ընտրության առջև։ Արդյոք նրանք կընտրեն իշխող կուսակցության ներկայացուցչին, թե անկախ թեկնածուին, պարզ կդառնա ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 4-ին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝