Այսօր, սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոցում հանդիսավորապես բացվեց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան։
«ԱրՄաթ»-ը Թբիլիսիում բացվեց Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, բարերարներ՝ Գագիկ և Ռաֆիկ Աղաջանյանների և Մարիա Չախոյանի և ՋԱՀ-ի աջակցությամբ։
Այսօր, հանդիսավոր բացման միջոցառման ժամանակ խոսքով հանդես եկավ Թբիլիսիի 104 դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը։ Ներկաներին ողջունեցին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Բաիա Կվիցիանին, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը և լաբորատորիայի հիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Ներկաներին լաբորատորիայի ընդհանուր գործունեությունը, նպատակն ու գրանցած ձեռքբերումները ներկայացրեց ԱրՄաթի համակարգող Սեդրակ Վարդանյանը։
«ԱրՄաթ» կենտրոններում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, նորարարական ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ճարտարագիտությանը և մաթեմատիկային։
«ԱրՄաթ»-ում դասընթացները տեղի են ունենալու դպրոցի դասերից հետո, և այս կենտրոն կարող են հաճախել ինչպես 104 դպրոցի, այնպես էլ այլ դպրոցներից երեխաներ։