նորություններ 18 Սեպտեմբերի, 2025 • Միակուսակցական ընտրություններ. Ինչ է սպասվում Ախալքալաքի Սակրեբուլոյին

Հոկտեմբերի 4-ի ընտրություններն Ախալքալաքի մունիցիպալիտետում կանցկացվեն նվազագույն մրցակցությամբ. մեծամասնական ընտրատարածքներում ներկայացված են միայն «Վրացական երազանքի» թեկնածուները, քաղաքապետի միակ թեկնածուն ևս առաջադրված է իշխող կուսակցության կողմից: Համամասնական ցուցակով ընտրություններին մասնակցում են միայն չորս կուսակցություն: Թե որքանով արդյունավետ կլինի տեղական ինքնակառավարումն այս պայմաններում և ինչպես դա կազդի ապագա Սակրեբուլոյի աշխատանքի վրա Jnews-ը զրուցեց Եվրոպայի խորհրդի փորձագետ Դավիթ Լոսաբերիձեի հետ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մեծամասնական ընտրատարածքներում միայն «Վրացական երազանք» կուսակցությունն է թեկնածուներ առաջադրել, ինչպես նաև, համամասնական ընտրակարգով, ներկայացրել է 30 թեկնածուից բաղկացած ցուցակ: «Վրացական երազանք» կուսակցությունից բացի, Ախալքալաքի ընտրություններին մասնակցում են ևս երեք կուսակցություն, սակայն միայն համամասնական ընտրակարգով։ Նրանք են՝ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ ութ թեկնածուից բաղկացած ընտրացուցակով, «Ուժեղ Վրաստան՝ Լելո»՝ ինը թեկնածուից բաղկացած ցուցակով, և «Գախարիան՝ հանուն Վրաստանի»՝ յոթ թեկնածուից բաղկացած ընտրացուցակով:

Ախալքալաքում միայն 4 կուսակցություն է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակները

Ընտրություններից հետո նոր Սակրեբուլոն կազմված կլինի 38 պատգամավորից՝ 23-ը կընտրվեն մեծամասնական, իսկ 15-ը՝ համամասնական ընտրակարգով։

Ինչպիսին կլինի Սակրեբուլոն նման դասավորության դեպքում։ Այս հարցին պատասխանել է Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Դավիթ Լոսաբերիձեն։

Նրա խոսքով, նույնիսկ եթե տեղերի մեծամասնությունը վերահսկվում է մեկ քաղաքական ուժի կողմից, դա չի նշանակում լիարժեք կառավարում։

«Մենք իրականում ապակենտրոնացում չունենք։ Ամեն ինչ կախված է կենտրոնից։ Իսկ կենտրոնում քաոս է տիրում, տարբեր խմբակցություններ կան և նրանց միջև՝ անհամաձայնություն։ Նույնիսկ եթե տեղական իշխանություններն արդյունավետ աշխատեն, միևնույն է շատ բան կախված կլինի կենտրոնական գործադիր իշխանությունից, նրանից, թե ով է կարգադրելու կենտրոնից։ Այժմյան համակարգը երկար չի դիմանա. այն պետք է փոխվի», — նշեց Լոսաբերիձեն։

Փորձագետը հավելեց, որ անխուսափելի է միջազգային պայմանների փոփոխությունները, իսկ թե որ ուղղությամբ դրանք կփոփոխվեն դժվար է կանխատեսել։

«Այս կարգը երկար չի կարող գոյատևել։ Կգա նոր առաջնորդ՝ կլինի նոր «ժողովրդի հայր»», — եզրափակեց Դավիթ Լոսաբերիձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝