Սեպտեմբերի 17-ին Ախալքալաք-Կարծախ միջպետական ավտոճանապարհի վրա իրականացվել են հարթեցման աշխատանքներ։ Սա արդեն չորրորդ անգամն է, երբ ճանապարհը ժամանակավոր հարթեցվում է, իսկ ե՞րբ կսկսվեն խոստացված հիմնանորոգման աշխատանքները հարցի պատասխանը հստակ չէ։
Jnews-ը բազմիցս անդրադարձել է տվյալ ճանապարհահատվածի անմխիթար վիճակին։ 2025 թվականի սկզբից ճանապարհը սկսել է քանդվել, և մինչ օրս խնդիրն անփոփոխ է։
Հիշեցնենք, որ Վրաստանի Ճանապարհային վարչությունը երկու էլեկտրոնային մրցույթ է հայտարարել այս ճանապարհի տարբեր հատվածների վերակառուցման նպատակով։
«ՋավախԱվտոԳզա» ընկերությունը վերանորոգելու է Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 3 կմ մինչև 7.8 կմ հատվածը։ Նախագծի արժեքը կազմում է 2,772,000 լարի։ Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է փետրվար ամսին, և ուշացումով՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ աշխատանքները սկսվել են տվյալ հատվածում։
«Արալի» ընկերությունն իրականացնելու է 8.8 կմ-ից մինչև 16 կն հատվածի վերակառուցումը։ Պայմանագիրը կնքվել է 2025 թ. մայիսի 16-ին, և նախագծի արժեքը կազմում է 7,278,560 լարի։
Սակայն «Արալի» ընկերությունն իրականացրել է միայն հարթեցման աշխատանքներ, որոնք երկարաժամկետ արդյունք չեն տալիս։ Մի քանի օր անց՝ հորդառատ անձրևից հետո, ճանապարհը կրկին ավելի վատ վիճակում է հայտնվում։
Հուլիսի 1-ին Jnews-ը կապ էր հաստատել «Արալի» ընկերության տնօրենի տեղակալ Էկա Թաթեշվիլիի հետ։ Վերջինս հայտնել էր, որ աշխատանքների մեկնարկը կախված է Վրաստանի ավտոճանապարհային վարչության կողմից տրված հանձնարարականից։
Նա հավելել էր, որ Ս-13 ավտոճանապարհի կմ 26+700 — կմ 36+090 հատվածում շինարարությունը շարունակվում է, և նախատեսվում է ավարտել սեպտեմբերի վերջ։
Սակայն արդեն սեպտեմբերի 18-ն է, իսկ Կարծախ-Ախալքալաք ճանապարհի նշված հատվածում շինարարական որևէ աշխատանք չի իրականացվում՝ բացառությամբ հարթեցման։
Հուլիսի 9-ի վաղ առավոտից ընկերությունը սկսեց շինարարական աշխատանքներ, սակայն դրանք ընդամենը երկու օր շարունակվեցին ու կիսատ մնացին։ Այժմ այդ հատվածում ևս իրականացվում է միայն հարթեցում։
Jnews-ը կապ հաստատեց «Արալի» ընկերության տնօրենի տեղակալ Էկա Թաթեշվիլիի հետ սեպտեմբերի 18-ին, հասկանալու համար, թե ինչու մինչ օրս աշխատանքներ տվյալ հատվածում չեն իրականացվում։
Նրա փոխանցմամբ՝ նախորդ զրույցի ժամանակ նրանք նշել էին, որ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջ։ «Եթե նշված ժամկետում աշխատանքները չավարտվեն, այդ դեպքում կրկին կապ հաստատեք ինձ հետ», – ասաց Էկա Թաթեշվիլին։
Այժմ, սակայն, նշված ճանապարհահատվածում արդեն չորրորդ անգամ իրականացվում են միայն հարթեցման աշխատանքներ։ Սեպտեմբերի ավարտին մնացել է ընդամենը 11 օր, և հարց է առաջանում՝ արդյո՞ք ընկերությունը կհասցնի ավարտին հասցնել տվյալ ճանապարհահատվածի վերանորոգումը։
Jnews-ը կշարունակի հետևել խնդրին և նոր մանրամասները կներկայացնի իր հաջորդ հրապարակումներում։



