Jnews-ի ուսումնասիրությունների համաձայն, Ախալքալաքի շրջանի աշխատունակ տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքների այլ երկրներ, և նրանց մեծամասնությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով: Մյուս կողմից Ախալքալաքում շինարարական ընկերությունները տեղում բանվորներ ու այլ աշխատողներ գտնելու խնդիր ունեն, տեղացիները չեն աշխատում տեղում:
Շինարարական ընկերությունների աշխատանքը Ախալքալաքում
Այս տարի Ախալքալաքի Սուլդա գյուղում սկսվեցին դպրոցի նոր շենքի շինարարական աշխատանքները: «MC Group» ՍՊԸ-ն, որը կառուցումը այդ շենքը, առաջնահերթային էր համարում վարձել տեղացի աշխատողներ, սակայն դա նրանց մոտ չստացվեց, քանի որ շատ տեղացիներ նախընտրեցին նորից արտագնա աշխատանքները, հաշվարկելով, որ այնտեղ նրանք ավելի մեծ գումար կարող են աշխատել:
Սուլդայի դպրոցի շինարարությունում ներգրավված կլինե՞ն նաև տեղացիները
Ընկերությունը ներկայումս շինարարական աշխատանքներ է իրականացնում Սուլդա գյուղի նոր դպրոցի շինհրապարակում։ Շինաշխատանքների պատասխանատու Նորիկ Զարմարյանի խոսքով՝ այնտեղ այս պահին աշխատում են թուրք աշխատողներ։
«Մեր ժողովուրդը ցանկանում է միանգամից հարստանալ, դրա համար չի գալիս աշխատանքի։ Բայց մեծ հավանականություն կա, որ առաջիկայում Բոզալի գյուղից մարդիկ կգան՝ բլոկ շարելու։ Հնարավոր է արդեն վաղվանից տեղացիներն էլ միանան շինարարությանը», – նշեց Զարմարյանը։
«MC Group» ընկերությունը աշխատում է Վրաստանով մեկ, կատարում է խոշոր շինարարական աշխատանքներ, Ախալքալաքում այս ընկերությունը հաճախ չէ, որ աշխատում է և չեր պատկերացնում, որ նմանատիպ խնդրի առջև կկանգներ: ՍՊԸ «Գոլդ 777»-ը տեղական կազմակերպություն է, և հիմնականում կատարում է աշխատանքներ Ախալքալաքում: Չնայած այս ընկերության տնօրենի օգնական Վարդ Մոսոյանի խոսքով՝ իրենց մոտ աշխատում են Վրաստանի քաղաքացիներ, սակայն այս ընկերությունը ևս հաճախ է կանգնում տեղում աշխատողներ վարձելու խնդրի առջև և այս տարի մի խումբ այլ ազգի բանվորներ էր հրավիրել աշխատանքի։
«Մեր ընկերությունում բոլոր աշխատողները Վրաստանի քաղաքացիներ են։ Ներկա պահին բացառապես տեղացիներ են աշխատում։ Աշխատավարձը վճարվում է ըստ կատարված աշխատանքի, օրավճարով աշխատողներ չունենք», – ասաց Մոսոյանը։
Ախալքալաքի բնակչության զգալի մասը նախընտրում է արտագնա աշխատանքը։ Տարիներ շարունակ հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստան, որտեղ ախալքալաքցիները հիմնականում զբաղվում են շինարարությամբ և ֆիզիկական աշխատանքներով։
Վերջին շրջանում երիտասարդները մեկնում են նաև Եվրոպայի երկրներ՝ թե՛ սեզոնային, թե՛ երկարաժամկետ աշխատանքի նպատակով։
Արտագնա աշխատանքները իրենց հետ բերում են մի շարք անհարմարություններ և դժվարություններ. կարոտ, փաստաթղթային խնդիրներ, լեզվի չիմացություն և այլն: Սակայն ինչպես երևում է շատերը նորից ընտրում են արտագնա աշխատանքը, նույնիսկ եթե ունեն այլընտրանք:
Սուլդայի բնակիչ Ահարոն Կարոյանը արդեն 5 տարի է աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նա Jnews-ի հետ զրույցում բացատրեց, թե ինչու չի մնացել գյուղում երբ հնարավորություն ուներ մասնակցելու դպրոցի շանարարության աշխատանքներում։
«Մարտ ամսին լսեցի, որ մեր գյուղում դպրոց է կառուցվելու և աշխատողներ են փնտրում։ Մի պահ մտածեցի մնալ և աշխատել տեղում, բայց հետո հաշվեցի՝ որքան կարող եմ վաստակել այստեղ։ Հստակ չկարողացա հասկանալ և որոշեցի նորից գնալ Ռուսաստան, այստեղ հստակ գիտեմ ինչքան կարող եմ աշխատել։ Եթե տեղում կարողանայի 2500–3000 լարի վաստակել (մեկ ամսում), կմնայի ու կաշխատեի, իսկ Ռուսաստանում մոտ 5000 լարի եմ վաստակում», – ասաց նա։
Ահարոնը ընդգծում է, որ մարդկանց համար կարևոր է ոչ միայն աշխատավարձի չափը, այլև կանխատեսելիությունը։
«Ռուսաստանում աշխատելով՝ փող ենք բերում Վրաստան, բայց ռուբլու կուրսը շատ ցածր է, դրա պատճառով մեր եկամուտը այստեղ շատ ավելի փոքր է զգացվում։ Եթե ռուսական ռուբլու կուրսը բարելավվի, շատերը կկարողանան ավելի հարմարավետ ապրուստ ապահովել Վրաստանում», – ասաց նա։
Ահարոնը հավելեց, որ եթե տեղական աշխատատեղերը հստակ ու կայուն աշխատավարձ ապահովեն, մեծամասնությունը կմնա և կաշխատի գյուղում։
«Մարդիկ ցանկանում են աշխատել ու ապրուստ ապահովել, ցանկալի է, որ դա հնարավոր լինի հենց տեղում որտեղ, որ մենք ապրում ենք», – եզրափակեց Ահարոնը։