նորություններ 15 Սեպտեմբերի, 2025 • Բեռնատարի և ավտոբուսի վարորդական իրավունքի գործնական քննությունն ևս լինելու է երկփուլ

«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից CE, DE կատեգորիաների և C1E, D1E ենթակատեգորիաների վարորդական իրավունքի քննությունների գործնական մասը կլինի երկաստիճան։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը։

«Փոփոխության համաձայն՝ գործնական քննության առաջին փուլը թեկնածուն կհանձնի փակ տարածքում, իսկ քննության երկրորդ փուլը՝ իրական երթևեկության պայմաններում՝ համաձայն Վրաստանի ներքին գործերի նախարարի հրամանով հաստատված քննության երթուղիների։

Վարորդի թեկնածուն իրավունք ունի գործնական քննության երկրորդ փուլը հանձնել առաջին փուլը հաջողությամբ հանձնելուց հետո 365 օրացուցային օրվա ընթացքում։ 365-օրյա ժամկետի լրանալու դեպքում գործնական քննության առաջին փուլում ստացված բավարար արդյունքը կորցնում է իր իրավական ուժը։

Վերը նշված կատեգորիաներում/ենթակատեգորիաներում վարորդական իրավունք ստանալ ցանկացողները կկարողանան գործնական քննությունը հանձնել սպասարկման գործակալության Ռուսթավիի և Քութայիսիի կառուցվածքային ստորաբաժանումներում։

Գործնական քննության երկրորդ փուլը հանձնելու համար պարտադիր է տեղ ամրագրել, ինչը հնարավոր է. անմիջապես ներկայանալով գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում, կայքի միջոցով, բջջային հավելվածի միջոցով», – իր տեղեկատվության մեջ նշում է Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝