Գոռ Ամիրխանյանը Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից այս տարի կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, նա շարունակելու է կրթվել մինչև դառնա սրտային լավագույն վիրաբույժ: Ջավախք վերադառնալու համար ասում է, որ այստեղ չկան դեռ համապատասխան վիրաբուժարաններ, որտեղ նա կկարողանա արդյունավետ վիրահատություններ կատարել, սակայն, եթե ստեղծվեն պայմաններ, նա ցանկություն ունի վերադառնալ և աշխատել հայրենի Ջավախքում:
Գոռ Ամիրխանյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 4-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Սաթխայի թիվ 1 հանրային դպրոցում, որն ավարտել է 2019 թվականին։ Անմիջապես ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Վեց տարվա դժվար ու հետևողական աշխատանքի արդյունքում նա համալսարանն ավարտել է գերազանց արդյունքներով։
Սրտի թելադրանքով ընտրված սրտային վիրաբույժի մասնագիտությունը
Դեռ դպրոցական տարիքից Գոռը սիրել է կենսաբանությունը։
«Տատիկիս տունը Գանձայում է, այնտեղ կար հիվանդանոց, և ես մանկուց հաճախ էի լինում այնտեղ։ Երբ տեսնում էի բժիշկների աշխատանքը շատ էի հետաքրքրվում, այդպես իմ մոտ առաջացավ բժշկության հանդեպ սերը», – պատմում է նա։
Սկզբում Գոռը ցանկանում էր դառնալ ատամնաբույժ, բայց ուսման ընթացքում հասկացել է, որ իրական ուղին սրտային վիրաբուժությունն է։
«Սրտիս թելադրանքով ընտրեցի այս մասնագիտությունը», – ասում է նա։
Նա նախատեսում է առաջիկա տարիներին սովորել սրտային վիրաբուժության օրդինատուրայում, իսկ այնուհետև մեկնել Եվրոպա՝ վերապատրաստման։
Առցանց կրթություն և այլ դժվարությունները
Գոռն անկեղծորեն խոստովանում է, որ ուսանողական տարիները հեշտ չեն եղել նրա համար:
«Առաջին հերթին դժվար էր ընտանիքից հեռու ապրելը։ Առաջին կուրսում սովորելու հետ կապված էլ շատ խնդիրներ կային, բայց ես կարողացա հաղթահարել»։
Գոռը ընթացքում է հասկացել, որ կարող է ձգտել լինել լավագույնների թվում:
«Առաջին կուրսի առաջին կիսամյակն ավարտեցի սովորական գնահատականներով։ Օնլայն ուսուցումը շատ խանգարեց։ Բայց երկրորդ կուրսից արդեն սկսեցի բարձր գնահատականներ ստանալ։ Սկզբում նույնիսկ նպատակ չունեի կարմիր դիպլոմ ստանալ, բայց հետո հասկացա, որ կարող եմ ավարտել գերազանցությամբ»։
Ուսման հետ մեկտեղ Գոռ Ամիրխանյանը աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես հոգեֆիզիոլոգիական գիտահետազոտությունների օպերատոր։
«Աշխատանքս հիմնականում կապված էր փորձարկումների հետ։ Դա ինձ մեծ փորձ տվեց»։
Երբ սիրտը թելադրում է, բայց մարդու թելադրանքներին չի ենթարկվում
Սովորելու ընթացքում Գոռը մտածում էր, որ ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնել կրթության վրա, չմտածելով անձնական կյանքը դասավորելու մասին: Բայց իրականում ստացվեց այլ կերպ, քանի որ Գոռին սիրտն է թելադրում:
«Ժամանակս տրամադրում էի միայն ուսմանը։ Բայց հիմա կարող եմ վստահ ասել՝ երկուսն էլ ստացվեց։ Իմ ապագա կինը՝ Ասյա Օրջացյանը, նույնպես սովորել է բժշկական համալսարանում։ Մենք միասին ավարտեցինք համալսարանը»։
Ծառայել ուղղակի պացիենտի, թե Ջավախքի բնակչության առողջության համար
Գոռը համոզված է, որ ապագան կանխատեսելի չէ։
«Հստակ չգիտեմ՝ կվերադառնամ Ախալքալաք կամ Նինոծմինդա։ Իմ մասնագիտությամբ աշխատելը դժվար է, քանի որ համապատասխան վիրահատարաններ չկան։ Բայց եթե հնարավորություններ ստեղծվեն, անպայման կգամ և տեղում կաշխատեմ»։
Իր խոսքում նա շեշտում է․ «Ինձ համար առաջնայինը պացիենտի առողջությունն է։ Երբեք չեմ մտածել աշխատավարձի մասին։ Ամենակարևորը այն է, որ կատարում ես բուժում և հասնում քո նպատակին»։
Գոռ Ամիրխանյանի պատմությունը վառ օրինակ է, որ հաստատակամությամբ, նվիրվածությամբ և սիրած գործին հետևելով կարելի է հասնել մեծ հաջողությունների։ Նրա ճանապարհը ցույց է տալիս, որ դժվարությունները միայն ամրացնում են մարդուն և դարձնում ավելի ուժեղ։