2024-2025 ուսումնական տարվա ավարտին մոտ լայն քննարկման թեմա դարձավ այն, որ հնարավոր է չեղարկվեն միասնական ազգային քննությունները Վրաստանում։ Ինչպես նաև քննարկվում էր ազգային փոքրամասնությունների համար «1+4» վրացական բուհեր ընդունվելու կրթական ծրագրի չեղարկման հարցը։ Այս ամենը շփոթմունք է առաջացնում ավարտական դասարանի աշակերտների, ինչպես նաև այլոց մոտ։
Միասնական ազգային քննությունների հնարավոր չեղարկման քննարկումների հիմք հանդիսացավ վարչապետի ներկայացված զեկույցը այս տարվա հունիսի 12-ին, որտեղ ասվում էր, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու ժամանակ հաշվի կառնվեն դպրոցում ստացած գնահատականները և երկու այլ չափանիշ։ Այս մասին հայտնել էր etaloni.ge կայքը։
Վարչապետի զեկույցում բացատրվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության բազմաբաղադրիչ համակարգը։ Այն ներառում է 12-րդ դասարանի քննություններ ընտրված առարկաներից (գնահատվելու են գիտելիքներն ու ճանաչողական հմտությունները), ինչպես նաև դիմորդի միջին գնահատականը (GPA) դպրոցի միջնակարգ մակարդակում և բարձրագույն ուսումնական հաստատության կողմից որոշված լրացուցիչ չափանիշներ։
Այս տեղեկությունը տարածվելուց հետո շատերը սպասում էին, որ կլինեն նոր փոփոխություններ և, որ հնարավոր է չեղարկվեն միասնական ազգային քննությունները։
Սեպտեմբերի 16-ին, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը իր պաշտոնական կայքում տարածեց 2026 թվականին անցկացվելիք քննությունների մասին տեղեկություններ, ներկայացնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից 2026 թվականի ագային միասնական քննությունների անցկացման համար տրամադրվող կրթական ծրագրերի և այդ ծրագրերով հանձնվելիք առարկաների ցանկը: Հայտարարությանը կցված են բակալավրի կրթական ծրագրերի, բժշկական ուղղության ծրագրերի, վրացերենի ուսուցման ծրագրերի (այսինքն «1+4») և միավորված ծրագրերի ցանկերը։
Հետևաբար, այդ պաշտոնական տեղեկությունից ելնելով, 2026 թվականին կանցկացվեն Միասնական ազգային քննությունները և վրաց լեզվի ուսուցման ծրագիրը, այսինքն դիմորդները կընդունվեն «1+4» ծրագրով։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից Jnews-ին հայտնեցին, որ 2026 թվականին միասնական ազգային քննությունները կանցկացվեն այնպես, ինչպես անցկացվել են նախորդ տարիներին։