նորություններ 12 Սեպտեմբերի, 2025 • Ինչպիսի կարտոֆիլի բերք է սպասվում այս տարի

Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերներն ու փորձագետները կարծում են, որ այս տարի անցյալ տարվա կարտոֆիլի ռեկորդային բերքատվությունն ու արժեքը չի հաջողվի կրկնել։ Ինչպիսի բերք է սպասվում այս տարի, ինչպիսին են վաճառքի կանխատեսումները և ինչ դժվարությունների են բախվում ֆերմերները՝ Jnews-ը քննարկեց ֆերմեր-գյուղատնտես Արշալույս Գալստյանի հետ։

Մի քանի օրից Ախալքալաքում կսկսվի կարտոֆիլի զանգվածային բերքահավաքը, առայժմ հավաքում են միայն վաղահաս տեսակները։ Ֆերմներն արդեն հասկանում են, որ բերքն այդքան առատ չի լինի, որքան անցյալ տարի էր։

Արշալույս Գալստյանի խոսքով, բոլոր ֆերմերները գիտակցում են, որ անցյալ տարի կարտոֆիլի բարձր բերքատվությունն ու աննախադեպ վաճառքի ծավալներն, ավելի շատ, բացառություն էին։ Այս սեզոնին ցուցանիշներն ավելի ցածր են, բայց դրանք մնում են ընդունելի շրջանի համար։

Գյուղատնտեսը կանխատեսում է 300 ցենտներ բերք մեկ հեկտարից։

«Անցյալ տարի բերքատվությունը հասավ 500-600 ցենտների, այս տարի միջինը 300-է։ Սակայն մեր շրջանի համար սա նույնպես լավ արդյունք է՝ հաշվի առնելով ուշացած ցանքը և ցրտահարությունները։ Իհարկե, ֆերմերները փորձեցին վերականգնել դաշտերը դեղամիջոցների օգնությամբ, բայց այնուամենայնիվ անհնար է այն ամբողջությամբ վերականգնել», — բացատրում է Գալստյանը։

Նրա խոսքով, քիմիան արդեն ամուր մտել է շրջանի գյուղատնտեսություն, ֆերմերները բույսերը վերականգնելու համար, ակտիվորեն օգտագործել են դեղամիջոցներ և վիտամիններ, բայց բերքը միևնույն է ժամանակային առումով չի հասցրել։

Այս տարի կարտոֆիլի դաշտերի տարածքը նվազել է, ու ոչ այնքան վաճառքի հետ կապված խնդիրների, որքան աշխատուժի բարձր արժեքի պատճառով, որը բարձրացնում է արտադրության ինքնարժեքը։ Այժմ աշխատողներն օրական ստանում են 60- ից 80 լարի, բայց եղանակի վատթարացման հետ գինը կբարձրանա։

«Խնդիրը ոչ այնքան աշխատուժի բարձր արժեքն է, որքան նրա բացակայությունը։ Պրոֆեսիոնալ ​​աշխատողներ գրեթե չկան, իսկ նրանք, ովքեր կան, հաճախ անփույթ են աշխատում։ Տեսականորեն հնարավոր էր օգտագործել բերքահավաք տեխնիկա, բայց այդ տեխնիկան հարմար չէ մեր ծանր հողերի համար», — նշում է գյուղատնտեսը։

Ինչ վերաբերում է իրացմանը, ապա այնպիսի մասշտաբներ, ինչպես անցյալ տարի եղավ այլևս չի լինի։

«Բերքի իրացման հարցը մտածելու տեղիք է տալիս։ Անցյալ տարի հարևան պետություններում կարտոֆիլ չկար, ուստի խնդիրներ չկային, մեր արտադրանքը վաճառվում էր նույնիսկ Մոլդովայի և Բելառուսի շուկաներում։ Հիմա Ռուսաստանում, Ուկրաինայում և մյուս պետություններում բերքը լավ է։ Իրականում մեզ մնացել է միայն Ադրբեջանի շուկան։ Հնարավոր է բերքի ավելցուկ լինի, եթե նոր շուկաներ չգտնենք», — կանխատեսում է Գալստյանը։

Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակը վերահսկողության, հաշվարկի և պլանավորման բացակայության արդյունք է։

«Թե ով պետք է դրանով զբաղվի, ես այս հարցի պատասխանը չունեմ», — եզրափակում է գյուղատնտեսը։

Արդյունքում, Ջավախքի ֆերմերները կարտոֆիլի բերքահավաքի սեզոն են մտնում զգուշավոր սպասումներով։ Բերքը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է, աշխատուժը՝ թանկ ու չկա, իսկ վաճառքի հեռանկարները մնում են անորոշ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝