նորություններ 12 Սեպտեմբերի, 2025 • Ինչպիսի՞ն է իրավիճակն այն գյուղերում, որտեղ առաջինն է գրանցվել դաբաղ հիվանդությունը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո և Խորենիա գյուղերում  էր առաջինն անասունների մոտ հաստատվել դաբաղ հիվանդությունը։ Ավելի քան երկու ամիս է անցել։ Jnews-ը  եղավ այս գյուղերում պարզելու ինչպիսին է իրավիճակը։

Խորենիա գյուղում իրավիճակը զգալիորեն բարելավվել է։ Գյուղի բնակիչ Արկադի Ֆիդանյանի խոսքով՝ այսօր անասունների մոտ հիվանդությունը գրեթե անցել է։ Նրա խոսքով Խորենիայում մոտ 250 անասուն կա և գրեթե բոլորը վարակվել են դաբաղով։

«Մեր գյուղում շուրջ 95 տոկոս անասունները վարակվել էին։ Հիմա արդեն արոտ են գնում։ Հիվանդության ծանր շրջանում անասունները 20 օրից ավելի անասնագոմում էինք պահում։ Այս պահին մոտավորապես ամբողջ գյուղում 10 անասունի մոտ դեռ հիվանդության նշաններ կան։ Լավ է, որ անձրևներ են սկսվել, ինչը դրական ազդեցություն կունենա։ Անկման դեպքեր եղել են միայն հորթերի մոտ։ Մոտավորապես 3 հորթ է սատկել», — ասաց Արկադի Ֆիդանյանը։

Նրա պատմելով՝ բուժօգնություն ստացել են ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի դեղատներից, իսկ ծանր դեպքերի ժամանակ դիմել են նաև մասնագետների։

«Մի կովի վիճակը շատ վատ էր, ստամոքսի հատվածում էր տարածվել հիվանդությունը։ Նինոծմինդայից բժիշկ Արթուր Մդեսյանին դիմեցի եկավ, բուժում արեց, հիմա անասունն արդեն դաշտ է գնում», — հավելեց նա։

Ինչպես գյուղացիներն են ասում՝ Խոսպիո գյուղում ևս իրավիճակը կայունացել է, անասունների անկման դեպքեր չեն գրանցվել։

Գյուղի բնակիչ Հովիկ Մարաբյանի խոսքով՝ անհրաժեշտ միջոցառումներ արդեն իրականացվել են։

«Մեր գյուղում Թբիլիսիից բժիշկներ եկան, դիզինֆեկցիա արեցին գոմերից մինչև փողոցները։ Անասունները մոտավորապես 10 օր տանն ենք պահել, որպեսզի իրավիճակը չբարդանա։ Եթե ուշադրություն չդարձնես, հիվանդությունը միայն կվատանա։ Հորթերի մոտ ևս հիվանդությունը տարածվեց, բայց  ծանր ընթացք չունեցավ։Դեղորայքը Ախալքալաքից ենք գնել, և օգուտ տվել է», — ասաց նա։

Խոսպիոյի մեկ այլ բնակիչ Արմինե Մարաբյանը շեշտում է պետական աջակցության անհրաժեշտությունը։

«Պետությունը պետք է ժամանակին իրականացնի անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի հիվանդությունը չտարածվի։ Եթե ուզում են, որ գյուղացին անասունները չվաճառի, թող բարի լինեն կանգնեն գյուղացու կողքին։ Առանց այդ էլ գյուղում քիչ անասուն է մնացել․ եթե այսպես շարունակվի, երկու տարուց անասուն չի մնա», — նշեց Արմինե Մարաբյանը։

Չնայած Խորենիայում և Խոսպիոյում իրավիճակը բարելավվել է, դաբաղիհիվանդությունը շարունակում է տարածվել Ախալքալաքի մունիցիպալիտետի մյուս գյուղերում, որտեղ անասնապահները դեռ պայքարում են հիվանդության և դրա հետևանքների դեմ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝