նորություններ 11 Սեպտեմբերի, 2025 • Ախալքալաքում քաղաքապետի և մեծամասնական պատգամավորների ընտրություն չի լինի

Սեպտեմբերի 9-ի դրությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի ՏԻՄ ընտրություններում, մեծամասնական ընտրատարածքներից յուրաքանչյուրում ներկայացված կլինի միայն մեկ քաղաքապետի և մեկ պատգամավորի թեկնածու՝ բոլորը իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունից։ Մյուս կուսակցություններն Ախալքալաքում ներկայացված կլինեն միայն համամասնական ընտրակարգով: Նինոծմինդայում մեծամասնական պատգամավորների թեկնածուների միջև ընտրություն կլինի միայն երկու մեծամասնական ընտրատարածքներում:

Վրաստանի ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն, սեպտեմբերի 9-ի դրությամբ, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում քաղաքապետի թեկնածու առաջադրել է միայն «Վրացական երազանքը»։ Ախալքալաքում կուսակցությունն առաջադրել է գործող քաղաքապետ Մելքոն Մակարյանին, իսկ Նինոծմինդայում՝ ևս գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի (թիվ 40 ընտրատարածք) բոլոր 23 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել են միայն «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուները։ Այս ընտրատարածքներում այլ կուսակցություններ թեկնածուներ չեն առաջադրել։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի (թիվ 41 ընտրատարածք) 13 մեծամասնական ընտրատարածքներից 11-ում իշխող կուսակցությունից ներկայացված է մեկական թեկնածու, իսկ երկու ընտրատարածքում ներկայացված է երկուական թեկնածու: Տամբովկայի ընտրատարածքում (№41.09) նախաձեռնող խումբը (Մայիս Էլոյան, Նիկոլայ Փոլոյան, Շոթա Արոյան, Մանուկ Կարագյոզյան, Էդուարդ Հարությունյան) մեծամասնական թեկնածու է առաջադրել Եղիշ Մկրտչյանին, իսկ Գորելովկայի ընտրատարածքում (№41.05) «Ժողովրդական կառավարություն» կուսակցությունն առաջադրել է Ավթանդիլ Նակաիձեին:

Այս տվյալները տրամադրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեպտեմբերի 9-ին հրապարակված ցուցակների հիման վրա: Նշենք, որ կուսակցական ցուցակներում և թեկնածուների փաստաթղթերում փոփոխություններ կատարելու վերջնաժամկետն ավարտվել է սեպտեմբերի 9-ին: Ուղղված տվյալները ներկայացնելուց հետո ընտրական հանձնաժողովը պարտավոր է ստուգել դրանք և որոշում կայացնել 2-3 օրվա ընթացքում:

Հոկտեմբերի 4-ին Վրաստանի քաղաքացիները կընտրեն 64 սակրեբուլոյի 2058 անդամի՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգով, ինչպես նաև 64 քաղաքապետի։

Ախալքալաքի մունիցիպալիտետում հոկտեմբերի 4-ի ընտրություններին գրանցվել է 37287 ընտրող։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝