Վրաստանի խորհրդարանի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նիստում Վրաստանի գլխավոր աուդիտոր Գիորգի Գաբիտաշվիլին ներկայացրել է Պետական աուդիտի ծառայության 2024 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցը: Զեկույցում խոսվում էր 2.5 միլիոն լարիի խախտումների մասին, այս մասին տեղեկատվությունը հրապարակում է bpn.ge-ն:
Զեկույցը ներառում է Պետական աուդիտի ծառայության գործունեության տարբեր ոլորտներ և վերաբերում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են ֆինանսական աուդիտների արդյունքները, համապատասխանության և արդյունավետության աուդիտները, ծառայության կողմից տրված առաջարկությունների կատարման վիճակը, Վրաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը, միջազգային մասնագիտական կազմակերպությունների գործունեությանը մասնակցությունը, աշխատակիցների մասնագիտական զարգացումը և ծառայության ֆինանսական աուդիտի արդյունքները:
2024 թվականին Ծառայությունն անցկացրել է 58 աուդիտ, այդ թվում՝ 13 ֆինանսական, 25 համապատասխանության աուդիտ, 4 միջգերատեսչական համապատասխանության աուդիտ և 16 արդյունավետության աուդիտ: Գիորգի Գաբիտաշվիլիի խոսքով, անցկացված աուդիտները ներառել են համախմբված բյուջեի 91%-ը, այսինքն՝ ավելի քան 23 միլիարդ լարի։
«2024 թվականին աուդիտների ընթացքում հայտնաբերված խախտումների ծավալը կազմել է 2.5 միլիոն լարի, որը ներառում է համակարգային թերություններ և կապված է բյուջետային միջոցների անարդյունավետ, անխնայողաբար և(կամ) ոչ նպատակային օգտագործման, ինչպես նաև գնումների և ակտիվների կառավարման հետ կապված տարբեր խնդիրների հետ», — հայտարարել է Գիորգի Գաբիտաշվիլին:
Ինչպես նշել է գլխավոր աուդիտորը, բարձր ռիսկային հանգամանքների պատճառով 2024 թվականին Վրաստանի դատախազություն է ուղարկվել 14 աուդիտորական զեկույց, այդ թվում՝ ինքնակառավարվող մունիցիպալիտետների հետ է եղել կապված 12 դեպք:
Հաշվետվության համաձայն՝ անցկացված 13 ֆինանսական աուդիտներից 8 դեպքում տրվել է պայմանական կարծիք, և կարծիքների 31%-ը (4 կարծիք) բացասական է եղել։ Աուդիտի բոլոր գործունեության մեջ արդյոնավետության աուդիտների բաժինը կազմել է 28%։ Ծառայության կողմից անցկացված միջգերատեսչական համապատասխանության 4 աուդիտների շրջանակներում (3-ը՝ կենտրոնական կառավարության մակարդակով և մեկը՝ մունիցիպալ մակարդակով) թեմատիկորեն ընդգրկվել են 40-ից ավելի պետական մարմիններ, այդ թվում՝ 15 մունիցիպալիտետներ։ 2024 թվականին Պետական աուդիտի ծառայությունը աուդիտի է ենթարկել Համաշխարհային բանկի (WB) կողմից ֆինանսավորվող 2 նախագիծ։
Գիորգի Գաբիտաշվիլիի խոսքով՝ վերջին 5 տարիների ընթացքում աուդիտի ծառայությունը տվել է ավելի քան 3000 առաջարկություն, որոնցից 20%-ը վերաբերում է 2024 թվականին անցկացված աուդիտներին։ Նրա խոսքով՝ առաջարկությունների 74%-ը ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել է, 18%-ը՝ կատարման ընթացքում է, իսկ 8%-ը՝ չի կատարվել։
Փաստաթղթի համաձայն՝ Պետական աուդիտի ծառայության առաջարկությունների կատարման մոնիթորինգի էլեկտրոնային համակարգին ներկայումս միացված են 13 նախարարություն, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունները, 58 մունիցիպալիտետներ և բոլոր պետական հանձնակատարների վարչակազմերը։ Համակարգը մոնիթորինգ է անցկացնում 2021-2025 թվականներին տրված ավելի քան 1700 առաջարկությունների վերաբերյալ։
Զեկույցի ներկայացումից հետո Վրաստանի գլխավոր աուդիտորը պատասխանել է Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի անդամների հարցերին։
Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովն աջակցել է Պետական աուդիտի ծառայության 2024 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցը։
Այսօրվա նիստում հանձնաժողովը հաստատել է Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովին կից Պետական աուդիտի ծառայության հաշվետվությունների վերանայման համար մշտական աուդիտորական խմբի կողմից պատրաստված «ԷնգուրՀԷՍ» ՍՊԸ-ի 2022-2023 թվականների ֆինանսատնտեսական գործունեության գործող օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ աուդիտի զեկույցի» և «Էլեկտրաէներգետիկ համակարգի առևտրային օպերատոր» ԲԲԸ-ի 2022-2023 թվականներին իրականացված ֆինանսատնտեսական գործունեության համապատասխանության վերաբերյալ աուդիտի զեկույցի» առաջարկությունները: