նորություններ 9 Սեպտեմբերի, 2025 • Ընտրությունները Վրաստանում. հնարավոր է հայտնի դիտորդները չլինեն

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան հոկտեմբերի 4-ին: Այս պահին շարունակվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման և դիտորդների գրանցման գործընթացը: Սեպտեմբերի 9-ի դրությամբ գրանցվել է 14 ԶԼՄ, 9 տեղական և 11 միջազգային դիտորդական կազմակերպություն:

Ընտրությունները լուսաբանելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է: Արդեն գրանցված ԶԼՄ-ների թվում են «Գուրջաանի» հեռուստաընկերությունը, «Մեդիա հոլդինգ» ԲԲԸ-ն (Ռուսթավի 2), «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, «Պիրվելի» հեռուստաընկերությունը, «ՏելեԻմեդին», «Մառնեուլի ԹիՎի»-ն, «Ախալի Ամբեբի»-ն (Ինտերպրեսնյուս) և այլք:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, տեղական դիտորդական կազմակերպությունները դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ, իսկ միջազգայինները՝ մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ:

Այս պահի դրությամբ, ԿԸՀ-ում գրանցված է 9 տեղական կազմակերպություն։ Սակայն այնպիսի հայտնի կառույցներ, ինչպիսիք են «Բազմազգ Վրաստան», «Միջազգային թափանցիկություն — Վրաստան», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային համընկերություն» (ISFED) և այլն, դեռևս ցուցակում չկան։

Սեպտեմբերի 9-ի դրությամբ հավատարմագրում են ստացել հետևյալ միջազգային դիտորդները՝ «ALTERFACT» ասոցիացիան, «Հորդանանի անկախ ընտրական հանձնաժողովը» (ՀԱԸՀ), «Թունիսի Հանրապետության անկախ գերագույն ընտրական մարմինը», «Մալդիվների Հանրապետության ընտրական հանձնաժողովը», «Թուրքիայի Հանրապետության գերագույն ընտրական խորհուրդը», «Եթովպիայի ազգային ընտրական խորհուրդը» (NEBE) և այլք։

Վրաստանի ընտրությունները ավանդաբար դիտորդություն կատարող հայտնի միջազգային կազմակերպությունները դեռևս գրանցված չեն։

Նշենք, որ բազում հայտնի միջազգային և տեղական դիտորդական կազմակերպություններ այս տարի հրաժարվել են մասնակցել դիտորդական առաքելությանը․ ոմանք համարում են, որ ընտրությունները ոչ ժողովրդավարական են և իմաստ չունի դրանց դիտորդությունը, ոմանք էլ՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Սակայն, դիտորդությունից հրաժարվելու կամ իրենց գործունեության ֆինանսական սահմանափակումների մասին, կազմակերպությունների կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝