Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն մեկնարկել է վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը։ ֆերմերների խոսքով, այս տարվա բերքը զգալիորեն պակաս է անցած տարվա համեմատ։ Հիմնական պատճառը՝ ցրտահարություններն են, որոնք լուրջ վնաս են հասցրել կարտոֆիլի աճին, ըստ այդմ էլ՝ բերքատվությանը։
Չամդուրա գյուղից ֆերմեր Խաչիկ Ազնավուրյանի խոսքով՝ եղանակային անբարենպաստ պայմանները խիստ ազդել են կարտոֆիլի բերքատվությանը։
«Ամռանը մի քանի անգամ ցրտահարություն եղավ, ինչը մեծ վնաս հասցրեց կարտոֆիլի դաշտերին։ Ոռոգման հնարավորություն ունեցել ենք, մի քանի անգամ ջրել ենք, բայց դա կապված է մեծ ծախսերի հետ։ Մեկ հեկտար ոռոգելու համար մոտավոր 1200-1300 լարի է ծախսվում», — պատմում է նա։
Ազնավուրյանը և իր եղբայրը միասին 13 հեկտար կարտոֆիլ են ցանել։ Նրա խոսքով՝ այս տարի կարտոֆիլի վաճառքի գինը կազմում է 70 թեթրի, և նա ներկայումս դաշտից է վաճառում բերքը։
«Հողագործությունն ինքնին շատ ծախսատար է․ մեկ հեկտարի վրա մոտ 10 000-ից մինչև 11 000 լարի ենք ծախսում։ Բացի այդ, բանվորների օրավարձը ներկայումս կազմում է 60-70 լարի, և հնարավոր է, որ նաև բարձրանա»։
Ֆերմերը նշում է, որ այս տարի մեկ հեկտարից ստացել է մոտ 200 ցենտներ բերք, մինչդեռ անցած տարի այս ցուցանիշը հասնում էր 300 ցենտների։ Ներկայիս տվյալներով, ստացված բերքը հազիվ է փակում ծախսերը։ Բացի այդ, վերջին 40 օրերին տեղումներ չեն եղել, ինչը էլ ավելի է բարդացնում իրավիճակը։
«Ոռոգման համար մեկ հեկտարի համար պետական ծրագրով 75 լարի ենք վճարել։ Ամեն ինչի գները բարձրացել են՝ ազոտից և մնացած թունաքիմիկատներից մինչև հողի վարձավճարը։ Ամեն տարի մեկ սոտի համար 15 լարի ենք վճարում։ Եթե կարտոֆիլի գինը գոնե 1 լարի լիներ, մեզ ինչ-որ բան կմնար», — ասում է Ազնավուրյանը։
Հետաքրքրական է, որ այս տարի կարտոֆիլագործները բողոքում են կոլորադյան բզեզի դեմ կիրառված դեղորայքի արդյունավետությունից։
«Այս տարի միայն հինգ անգամ դեղել եմ կոլորադյան բզեզի դեմ, բայց արդյունք չի տվել, քանի որ խանութներում որակյալ դեղեր չեն վաճառում», ասում է Չամդուրա գյուղից ֆերմեր Խաչիկ Ազնավուրյանը։
Միաժամանակ ավելացնում է․ «Ամեն ինչ անցողիկ է։ Շատն էլ ենք տեսել, քիչն էլ։ Ամենակարևորը խաղաղ երկնքի տակ ապրելն է, որ մեր զավակները մեր կողքին մնան»։