նորություններ 11 Սեպտեմբերի, 2025 • Ախալքալաքում նախընտրական ի՞նչ աշխատանքներ են տանում կուսակցությունները

Նախընտրական քարոզարշավն Ախալքալաքում մեկնարկել է օգոստոսի սկզբից։ Սակայն ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Ախալքալաքում առանձնապես աշխուժություն չկա։ Նախընտրական քարոզարշավի պասիվության պատճառն ակնհայտ է՝ բացակայում է քաղաքական կուսակցությունների հակադրությունը։ Jnews-ը հետաքրքրվեց, թե ո՞ր կուսակցություններն ունեն ներկայացուցիչներ Ախալքալաքում, ունեն թե՞ ոչ գրասենյակ, կանցկացնեն թե՞ ոչ նախընտրական քարոզարշավ և այլն։

2025 թվականի հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրություններին գրանցված է 12 կուսակցություն։ Այդ կուսակցություններից Ախալքալաքում և գյուղերում միայն «Վրացական Երազանք»-ն է անցկացնում նախընտրական քարոզարշավ։ «Երազանք»-ն անցնում է գյուղից գյուղ և ներկայացնում իրենց նախընտրական ծրագիրն ու թեկնածուներին, ինչպես նաև պաստառներ է փակցնում մարդաշատ վայրերում։ Իսկ մնացած կուսակցությունները վստահ կարելի է ասել՝ լուռ են և չեն փորձում շահել ժողովրդի համակրանքը։

Ախալքալաքում քարոզարշավ իրականացնելու պլանների մասին փորձեցինք ճշտել այն կուսակցություններից, որոնց աշխատանքը նկատելի չէ։ Պատասխանները ներկայացնում ենք ստորև՝

Կուսակցություն՝ «Պահպանողականները Վրաստանի համար» (3)։

Պատասխան՝  «Ախալքալաքում ներկայացուցչություն չունենք»:

Կուսակցություն՝  «Հայրենիք, Լեզու, Հավատք» (1)։

Պատասխան՝ «Ախալքալաքում թեկնածուներ չունեն, բայց պլանավորում են այց Ախալքալաքում»։

Կուսակցություն՝ «Գիրչի» (36)։

Պատասխան՝ «Ցավոք, Ախալքալքում մենք ներկայացուցիչ չունենք։ Քանի որ թեքնածուներ չունենք, ամենայան հավանականությամբ չենք գա»։

Կուսակցություն՝ «Մեր միավորված Վրաստան» (5)։

Պատասխան՝ «Ցավոք, մենք Սամցխե-Ջավախեթիում թեկնածուներ չունենք։ Ֆիզիկապես չհասցրեցինք: Կախեթիում, Քվեմո Քարթլում, Իմերեթիում, Աջարիայում, Թբիլիսիում կուսակցական ցուցակներ և քաղաքապետի թեկնածուներ ունենք»։

Կուսակցություն՝ «Ազատ Վրաստան» (7)։

Պատասխան՝ «Ցավոք, ոչ»։

«Գախարիան Վրաստանի համար» (25), «Ուժեղ Վրաստան – Լելո»-ից (9), «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ից (8), «Կանաչների կուսակցություն»-ից (12)։ Թվարկված կուսակցությունները չպատասխանեցին Jnews-ի հարցերին։

Ըստ Jnews-ի ունեցած տեղեկությունների, «Գախարիան Վրաստանի համար» (25) կուսակցությունը փորձել է, և քայլեր է ձեռնարկել Ախալքալաքում քաղաքապետի թեկնածու գտնել։ Բայց կուսակցությունից Jnews-ի հարցերին չպատասխանեցին։

«Ժողովրդական իշխանություն» (14) և «Վրաստան» (7)  կուսակցությունների մասին տեղեկությունները սահմանափակ են։ Jnews-ը չկարողացավ կապ հաստատել այս քաղաքական կուսակցությունների հետ։ Կարողացանք պարզել, որ «Ժողովրդական իշխանություն» կուսակցության նախագահն է Մարինա Քուրդաձեն, գլխավոր քարտուղարը՝ Գելա Կվարացխելիան, իսկ «Վրաստան» կուսակցության նախագահը Գիորգի Լիլուաշվիլին է։

Ախալքալաքում նախընտրական շրջանը շատ հանգիստ ու միօրինակ է, քանի որ միայն իշխող թիմն է առաջադրել թեկնածուներ, բոլոր ընտրատարածքներում։ Ըստ այդմ էլ քարոզարշավ է անցկացնում միայն իշխող կուսակցությունը։

 

 

 

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝