Ախալքալաք-Կարծախ միջպետական նշանակության ավտոճանապարհի Կարծախ գյուղից դեպի Ախալքալաք տանող մոտ 1 կմ 700 մետր երկարությամբ հատվածում կրկին վերսկսվել են վերանորոգման աշխատանքները։
Ընդգծենք, որ դեռևս մարտ ամսից այս հատվածը քանդվել էր վերանորոգման նպատակով, սակայն մինչ այժմ շինարարական աշխատանքները վերսկսեվելուն պես մի քանի օր անց կրկին դադարցվում էր։
Կարծախ-Ախալքալաք ավտոճանապարհի կմ 8+800 — կմ 16+000 հատվածի վերականգնումն իրականացնում է «Արալի» ընկերությունը։ Պայմանագիրն ընկերության հետ կնքվել է 2025 թվականի մայիսի 16-ին, իսկ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 7 278 560.00 լարի։
«Արալի» ընկերության մեկնաբանությունը
Դեռևս հուլիսի 1-ին «Արալի» ընկերության տնօրենի տեղակալ Էկա Թաթեշվիլին Jnews-ին հայտնել էր, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների սկիզբը կախված էր Վրաստանի ավտոճանապարհային վարչության կողմից տրամադրվող գրավոր հանձնարարականից։
«Հանձնարարականն ստանալուն պես մենք այնտեղ ուղարկեցինք մասնագիտական խումբ՝ նախապատրաստական փուլն իրականացնելու համար։ Տեղում ուսումնասիրվել է ճանապարհի վիճակը, կազմվել են տեխնիկական տվյալներ։ Առաջիկա օրերին կտեղափոխվի աշխատակազմը և շինարարական տեխնիկան՝ առաջին փուլը սկսելու համար», — ասել էր Էկա Թաթեշվիլին։
Լուսավորության ու մայթերի խնդիր
Բացի ճանապարհի վատ վիճակից, Կարծախ գյուղում լուրջ խնդիր է նաև լուսավորության և մայթերի բացակայությունը։ Գյուղի բնակիչներից մեկը, ով ցանկացավ մնալ անանուն, պատմեց․
«Մեկ տարուց ավել է, ինչ մեր գյուղի ճանապարհն անմխիթար վիճակում է։ Վերանորոգման ընթացքում հանեցին բոլոր էլեկտրական սյուները, բայց մինչ օրս նորերը չեն տեղադրել։ Գիշերները շատ դժվար է քայլել գյուղում, մութ է։ Մայթ նույնպես չունենք։ Դպրոցական երեխաները դպրոց են գնում ու գալիս հենց այս ճանապարհով՝ մեքենաների միջով քայլելով։ Նույնիսկ որևէ նախազգուշացնող նշան չկա, որը կհուշի վարորդներին, որ ճանապարհին երեխաներ են։ Աստված մի արասցե՝ երեխայի հետ որևէ բան պատահի, ո՞վ է պատասխան տալու։ Գոնե արհեստական անհարթություններ տեղադրեն, որպեսզի գյուղի ներսում մեքենաները ստիպված լինեն առավելագույնը 40 կմ/ժ արագությամբ վարել։ Հիմա բեռնատարները գյուղի միջով սլանում են 70-80 կմ/ժ արագությամբ»։
Կարծախցիների հույսերը
Կարծախ գյուղի բնակիչները հույս ունեն, որ այս անգամ վերանորոգման աշխատանքները ավարտին կհասցվեն։ Բացի այդ, նրանք ակնկալում են, որ ճանապարհի անվտանգության հետ կապված խնդիրները ևս կլուծվեն՝ ապահովելով ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի անվտանգությունը։
Տարանցիկ բեռնատարների հոսքը մեծացել է
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհով անցնող բեռնատարների հոսքը զգալիորեն աճել է։ Տասնյակ և հարյուրավոր ծանրաբեռնված մեքենաներ ստիպված են մեկը մյուսին զիջելով երթևեկել փոսառատ ճանապարհով։
Միևնույն ժամանակ, Վրաստանում տարանցիկ ճանապարհի վճարը ևս բարձրացվել է։ Եթե մինչև 2022 թվականի հունիսի 20-ը բեռնատարների վարորդները կամ փոխադրող ընկերությունները վճարում էին 200 լարի, ապա հիմա վճարը բարձրացվել է մինչև 350 լարի։