Հայ կրթական հիմնարկության նախաձեռնությամբ յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին Ջավախքի հայաբնակ գյուղերի աշակերտներին նվիրում են ուսումնական պարագաներով լեցուն պայուսակներ։ Այս տարին ևս բացառություն չէր։ Թվով 325 աշակրետներ ստացան իրենց դպրոցական պայուսակները։
Ջավախքում ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի համակարգող Թերեզա Ազարյանի փոխանցմամբ՝ այս տարի դպրոցական պայուսակներ են բաժանվել հետևյալ՝ Ալաստան, Կոկիո, Բուռնաշեթ, Ղադո և Գոման գյուղերում:
Այս ավանդույթն իրականություն է դարձել Ջավախքի ՀԿՀ կրթաթոշակառուների կամավոր մասնակցությամբ:
Նշենք, որ յուրաքանչուր տարի ընտրվում են 5-6 իրար մոտ գյուղեր՝ Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանից։ Ծրագիրը Ջավախքում գործում է արդեն 6 տարի: Մինչև այս տարի ՀԿՀ-ը այցելել է 27 գյուղ, մոտավորապես 1500-1800 աշակերտներ ստացել են գրենական պարագաներով լի դպրոցական պայուսակներ:
«Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հովանավորներին և աջակիցներին, որոնց շնորհիվ ամեն տարի կարողանում ենք իրականացնել այս գեղեցիկ ավանդույթը», — Jnews-ի հետ զրույցում նշեց Թերեզան:
Հիշեցնենք, որ Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին: Հայ Կրթական Հիմնարկությունը ինչպես ՀՀ-ում այնպես էլ Ջավախքում բնակվող ազգությամբ հայ ուսանողների և աշակերտների կողքին է տարիներ շարունակ: