Հասարակություննորություններ 3 Սեպտեմբերի, 2025 • «15-րդ ավանի» զբոսայգին շահագործման կհանձնվի նախատեսվածից ուշ

Նախկին թիվ 15 զինվորական ավանի տարածքում նոր զբոսայգու շինարարությունը շարունակվում է, սակայն վերջնաժամկետը կարող է մոտ մեկուկես ամսով հետաձգվել։

Նախկին 15-րդ ավանում զբոսայգու շինարարությունը շարունակվում է: Շինարարի ներկայացուցիչների խոսքով՝ աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտվել է, մնացել է միայն թղթաբանությունը: Սակայն նախկինում հայտարարված սեպտեմբերի 20-ի վերջնաժամկետը մոտ մեկուկես ամսով հետաձգվել է: Պատճառը Ախալքալաքի եղանակային պայմաններն են. նրանք նախատեսում էին շինարարական աշխատանքները սկսել հունվարին, սակայն հունվարին Ախալքալաքում սառնամանիք և ձնաբուք է, ուստի աշխատանքները սկսվել են միայն տաք եղանակի գալուն պես:

«Աշխատանքների ավարտման ժամկետները դեռ չեն լրացել։ Նրանք պետք է հանձնեն այս ամիս։ Բայց ամեն դեպքում, դրանք կարող են երկարաձգման կարիք ունենալ», — ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։

buhashen - 1

Նշենք, որ նախկին թիվ 15 զինվորական ավանում զբոսայգի կառուցելու երկամյա նախագիծը սկսվել է բազմահարկ և շրջակա բնակելի շենքերի բնակիչների գրավոր խնդրանքով։ Նամակում բնակիչները նշել են, որ հսկայական տարածքը լքված վիճակում է, իսկ ճոճանակները խորհրդային ժամանակների են, ինչի պատճառով երեխաները խաղալու տեղ չունեն։ Արդյունքում, Ախալքալաքի քաղաքապետարանը ֆինանսավորում հայցեց զբոսայգու նախագծի իրականացման համար, և սակրեբուլոն հաստատեց միջոցների հատկացումը։

Զբոսայգու նախագծի իրականացման մրցույթը հայտարարվել էր անցյալ տարվա օգոստոսի 6-ին։ Այս նախագծի գումարը կազմում էր 1 138,507 լարի, նախագիծը պետք է իրականացվեր 2 տարվա ընթացքում (2024թ.՝ 300,000 լարի, 2025թ.՝ 838,507 լարի): Մրցույթը շահել էր Ախալցիխեի «Ճանապարհաշինության №2 վարչություն» ՍՊԸ-ն՝ 1,104,352 լարիով։ Աշխատանքները պետք է ավարտվեին պայմանագրի ստորագրման օրվանից 190 օրվա ընթացքում։ Համաձայնագիրը ստորագրվել էր 2024 թվականի հոկտեմբերի 9-ին։

Մրցութային փաստաթղթերից ելնելով այս տարածքում ենթադրվում է կառուցել հեծանվային արահետ, փոքր ֆուտբոլի դաշտ, մարզահրապարակ, մանկական խաղահրապարակ, կայանատեղի, հանգստի գոտիներում դեկորատիվ նստարաններ՝ սիզամարգով, ապաստարաններ, տարբեր հետաքրքիր բույսեր և լուսավորություն։

Հիշեցնենք, որ այս վայրում զբոսայգի կառուցելու համար հեռացվել են երկաթից ավտոտնակները և այլ չարտոնված շինությունները։

Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ախալքալաքում վերականգնվել և կառուցվել է 8 զբոսայգի և պուրակ։ Այս պահին ևս 2-ը կառուցման փուլում են, իսկ 1-ը՝ տենդերային փուլում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝