Արդեն երկու ամսից ավել է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի անասնապահները պայքարում են անասունների դաբաղ հիվանդուրտյան դեմ: Այսօրվա դրությամբ՝ եթե մունիցիպալիտետի մի քանի գյուղերում հիվանդությունն արդեն հաղթահարված է, մյուսներում՝ նոր-նոր է տարածվում։
Մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերում նկատվում է անհանգստություն․ վիրուսը տարածվում է կայծակնային արագությամբ և արդեն բռնկվել է բազմաթիվ բնակավայրերում։
Մերենիա գյուղում անասնապահները մտահոգ են
Jnews-ի լրագրողը եղել է Մերենիա գյուղում՝ հասկանալու, թե ինչ վիճակ է տիրում։ Գյուղի բնակիչները պատմում են, որ անասունների հիվանդությունն այստեղ նոր է բռնկվում։
«Անասուները հիվանդ են արդեն մեկ շաբաթից ավել, բայց ոչ ոք չի գալիս հարցնելու՝ ի՞նչ վիճակ է։ Մեր գյուղում վիրուսը նոր է սկսվում, դեռ սատկած անասուններ չունենք, բայց անասնապահությունը գրեթե վերանալու շեմին է։ Բժիշկները չեն կարողանում հստակ ասել, թե ինչ հիվանդություն է», — ասաց Մերենիայի բնակիչ Հարություն Կարապետյանը։
Վերջինս միաժամանակ նշում է, որ Ախալքալաքի դեղատներում խորհուրդ են տալիս հակաբորբոքային սրսկել անասուններին։
«Դեղատներում ասում են՝ անտիբիոտիկը կօգնի, տարեք, սրսկեք։ Ես գյուղացի մարդ եմ, բայց ինչքանով հասկանում եմ՝ անտիբիոտիկը օգնում է։ Գոնե գան, հետաքրքրվեն համապատասխան մարմինները», — ասագ Հարությունը։
Մերենիայում հետաքրքիր կապ են տեսնում կաթի գնի եւ անասունների հիվանդության միջեւ։ Ասում են՝ կաթի գինը թանկացավ, անասուները հիվանդացան։
Որոշ գյուղերում իրավիճակը սկսում է կայունանալ
Jnews-ը խոսեց Հոկամ գյուղի ներկայացուցչի հետ։ Նրա խոսքով՝ վերջին օրերին որոշ գյուղերում նկատվում է դրական միտում։
«Վիրուսն արդեն նահանջում է, հատկապես Ափնիա, Գոգաշեն, Հոկամ, Քարսեպ և Ազմանա գյուղերում։ Եթե մեկ շաբաթ առաջ անասունների մոտ 40 տոկոսն էր վարակված, հիմա արդեն շուրջ 20 տոկոսն է։ Դեղորայքը տալիս է դրական արդյունքներ։
Այս տարածքներում անասունների անկման դեպքեր չեն արձանագրվել։ Հոկամ, Քարսեպ և Ազմանա գյուղերում անասունների ընդհանուր գլխաքանակը մոտավորապես 1000 գլուխ է», — ասում է Հոկամ գյուղի ներկայացուցիչ Ուշանգի Օքրոաձեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջ Jnews-ի լրագրողը եղել էր Հոկամ գյուղում, որտեղ հայտնել էին, որ անասունների անկման դեպքեր են գրանցվել։
Հարկ է նշել, որ անասունների անկման դեպքեր գրեթե բոլոր գյուղերում գրանցվել է, սակայն մարդիկ խուսափում են այդ մասին բարձրաձայնել։
Jnews-ը զրուցեց նաև Աբուլ գյուղի անասնաբույժ Մուշեղ Ղարախրխզյանի հետ։ Նա հաստատեց, որ վիրուսի տարածման տեմպերը նվազում են։
«Ամեն ինչ նորմալ է․ անասունները արդեն արոտ են գնում։ Հորթերի մոտ վիրուսը տևում է ընդամենը երկու օր։ Ներկայումս մեր գյուղում առավելագույնն անասունների 10 տոկոսն է հիվանդ։
Մենք ժամանակին վակցինացիա ենք արել, հիմա բուժման համար հիմնականում սիստեմ ենք միացնում, իսկ ջերմության դեպքում՝ օգտագործում ենք անտիբիոտիկներ», — ասում է գյուղի անասնաբույժը։
Վերջինս կարեւորում է անասունների լվացման պրոցեսը՝ առավոտյան և երեկոյան։
«Դեղորայքն իր դրական արդյունքը տվեց։ Անձամբ ես 11 անասուն եմ ունեցել, սրսկումներ չեմ արել, միայն լվացումների միջոցով բուժել եմ։
Այս պահին անալիզների պատասխաններ դեռ չկան, որ հաստատեն՝ դա դաբաղ է։ Բայց որպես գյուղացի մարդ կարող եմ ասել՝ շատ նման է դաբաղի։ Վատ եղանակային պայմանների պատճառով վիրուսը սրվեց, բայց հիմա հույս ունեմ, որ իրավիճակը կբարելավվի։
Վտանգը կարծես թե անցնում է, քանի որ անասունները իմունիտետ են ձեռք բերում հիվանդությամբ վարակվելուց հետո։ Մեր տնօրինությունը արդեն հանձնարարված է այցելել գյուղեր և օգնել բնակիչներին։ Դա մեր ուղիղ պարտականությունը չէ, բայց որպես տեղացի, որպես մարդ, մենք անում ենք ամեն ինչ», — ասում է Մուշեղ Ղարախրխզյանը։
Անասնապահները սպասում են պաշտոնական արձագանքի
Չնայած որոշ գյուղերում իրավիճակի մեղմացմանը՝ անասնապահները շարունակում են պահանջել, որ պաշտոնական մարմինները տեղում ուսումնասիրեն խնդիրը և պարզեն հիվանդության պատճառը։