Հասարակություննորություններ 8 Սեպտեմբերի, 2025 • «Մենք ուզում ենք, որ մեր ձայնը նշանակություն ունենա»

Մերենիա գյուղում հեղեղումները դարձել են լուրջ խնդիր։ Հորդառատ անձրևների ժամանակ Մերենիայի գյուղի ցածրադիր հատվածի բնակիչները կանգնում են լուրջ խնդրի առաջ։ Բանն այն է, որ հեղեղաջրերը լցվում են մարդկանց տներ, քանի որ ջրատարներ չկան։ Մերենիայում հույս ունեն, որ տեղական իշխանությունն ուշադրություն կդարձնի իրենց հուզող խնդրին և իրնեց ձայնը նշանակություն կունենա։

Մերենիա գյուղը գտնվում է անտառածածկ լեռների միջավայրում, Ախալքալաքից 15 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1 690 – 1 720 մ բարձրության վրա։ Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է և հողագործությունը։ Վերջին տարիներին նրանք բախվում են խոշոր խնդրի՝ հորդառատ անձրևների ժամանակ առաջացող հեղեղումների հետևանքով։

Մերենիայում նշում են, որ բարձրադիր հատվածներից հոսող մեծ քանակությամբ ջուրն ուղղակի լցվում է ցածրադիր հատվածում բնակվող մարդկանց տները՝ վնասելով սեփականությունը և վտանգելով նրանց առողջությունը։ Բացի դա, հեղեղաջրերը խառնվում են կոյուղու համակարգերին, ինչի հետևանքով ամբողջ գյուղում տարածվում է գարշահոտություն։

merenya3

«Ես իմ տան դիմաց պատնեշ եմ կառուցել, որպեսզի վերևից եկող ջուրը չլցվի տուն, նաև կառուցել եմ բետոնով ջրատար, բայց երբեմն այն չի կարողանում տեղափոխել ամբողջ ջուը, և վախենում եմ, որ հեղեղման ժամանակ տունս կլցվի», – ասում է Արարատ Ավետիսյանը։

Վերջինս հավելում է․ «Ավտոտնակը նույնպես բարձրացրել եմ, որ ջուրը ներս չլցվի, բայց հիմա դժվար է նույնիսկ մեքենան դուրս բերել։ Հիմա ոչ միայն մեր տներն են վտանգված, այլև երեխաները՝ ամեն օր վտանգի մեջ են, այլև անհնար է դիմանալ գյուղում տարածվող  ահավոր հոտը»։

Բնակիչներն առաջարկում են լուծում՝ տեղադրել խողովակներ և կառուցել բետոնե ջրատար, որպեսզի ջրի հոսքը վերևից ներքև կանոնակարգվի։

Մերենիայում պատրաստակամ են ինքնուրույն տեղադրել խողովակները և կառուցել բետոնե ջրատարները, եթե մունիցիպալիտետը նրանց աջակցի և անհրաժեշտ խողովակներն ու սարքավորումները տրամադրի։

«Գարնան գալուն պես մեր տները միշտ հեղեղվում են», – նշում է Գրիշա Քաղքցյանը։

Գրիշա Քաղքցյանն ասում է, որ ԽՍՀՄ տարիներին այսպիսի խնդիրներ չեն եղել գյուղում, քանի որ ջրատարներ կային և հեղեղումները մարդկանց վնաս չէր տալիս։

«Հիմա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, անձրևներն էլ ավելի շատ են դարձել։ Ջուրը գալիս է մի քանի ուղղություններով, և մենք ինքնուրույն չենք կարող լուծել այս հարցը»։

Հայկազ Ամիրխայնանն ասում է. «Իմ տունը փողոցի վերջում է, տարվա բոլոր եղանակներին հեղեղվում է։ Ձմռանը իրավիճակը ավելի վատ է։ Շտապ օգնության մեքենան չի կարող հասնել հիվանդին, ստիպված ենք ձեռքով տեղափոխել հիվանդին։ Գյուղի կեսը տուժում է այս խնդրից։ Ամեն տարի նոր վնասներ ենք ունենում»։

merenya 2

Մերենիա գյուղի բնակիչ Նորայր Վարոսյան ընդգծում է. «Ես փոքր երեխա ունեմ, դրսում երբ խաղում է՝ անմիջապես ասում եմ ներս արի։ Խաղալու ընթացքում գնդակն ընկնում է կանալի մեջ, հազար ու մի վիրուս է տարածվում։ Մենք մեծ տարիքի ենք, և պետք է մտածենք մեր երեխաների ու տարեցների առողջության մասին։ Ավելացնեմ՝ հեղեղման և կոյուղու խառնված ջրերի պատճառով գյուղում ահավոր հոտ է տիրում, ինչը բոլորիս անհանգստացնում է»։

merenya1

Բնակիչները նշում են, որ հեղեղումներ տեղի են ունենում տարեկան 2–3 անգամ, և դա հանգեցնում է տների վերանորոգման ծախսերի ավելացմանը։

«Մենք ուզում ենք, որ մեր ձայնը նշանակություն ունենա», – ասում են գյուղացիները: «Ով կլուծի այս խնդիրը՝ խողովակներով կամ բետոնե կանալներով, նրան էլ մենք մեր ձայնը կտանք ընտրությունների ժամանակ։ Հիմա կարևոր է, որ լուծում գտնվի, այլապես ամեն տարի նույնը կլինի»։

merenya4

Վերջին անգամ Մերենիա գյուղում հեղեղումներ եղել են գարնանը։

Jnews-ը այս խնդրի շուրջ զրուցեց նաև Մերենիա գյուղի մասնագետ Վալոդյա Ղուշչյանի հետ։

«Անպայման քաղաքապետարան կդիմենք։ Եթե հնարավոր լինի ինչ-որ բան անել, անպայման կանենք։ Եթե բնակիչը վնաս է կրում, մենք միշտ ուշադրություն ենք դարձնում այդ խնդրին», — ասաց նա։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի գյուղին հատկացված գումարով որևէ աշխատանք իրականացնում են․

«Օգնություն գյուղին ծրագրի գումարով ամեն տարի գյուղում մի գործ ենք անում։ Անցած տարի վերանորոգել ենք դաշտեր տանող ճանապարհը, իսկ այս տարվա գումարով կամ պետք է կառուցենք մարզասրահ, կամ էլ տարեցների համար նստելավայր։ Մեր գյուղին հատկացվում է 16,000 լարի, խնդիրները ժամանակի ընթացքում կհարթենք։ Ես էլ եմ այս գյուղից, ու ես նույնպես շահագրգռված եմ, որ մեր խնդիրները լուծվեն», — եզրափակեց Մերենիա գյուղի մասնագետ Վոլոդյա Ղուշչյանը։

Արդեն երկար տարներ է Մերենիա գյուղի բնակիչները բախվում են այս խնդրին, բայց քանի որ հեղեղումներն այսպես ասած ոչ բոլոր բնակիչներին է վնաս պատճառում, այդ իսկ պատճառով համակարգված և ընդհանուր մոտեցում չկա գյուղում այս խնդրի լուծման ուղղությամբ։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հատուկ օր Ալաստանում

10 Օգոստոսի, 2025