նորություններ 3 Սեպտեմբերի, 2025 • Ինչպես «1+4» ծրագիրը և բժշկությունը փորձեցին նրա համառությունը

Գալինա Եղիազարյանն այն երիտասարդ բժիշկներից է, ով Թբիլիսիում ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք: Սակայն դժվար այս պատմությունն այդքան հաջողված լիներ, եթե չլիներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված «1+4» ծրագիրը: Գալինան առաջին դիմորդներից էր, ով այս ծրագրով ընդունվեց վրացական համալսարան և արդեն ութ տարի է, ինչ աշխատում է որպես ընտանեկան թերապևտ:
«Մենք փորձում ենք ապահովել, որ մեզ մոտ աշխատող անձնակազմը տեղացի լինի, քանի որ նրանք ավելի ամուր են կապված այն վայրին, որտեղ ծնվել են», — ասում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը՝ հիվանդանոցի կադրային քաղաքականության մասին խոսելիս:

Հենց նման քաղաքականությունն էր, որ օգնեց Գալինա Եղիազարյանին, որը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված «1+4» ծրագրով ընդունված առաջին ուսանողներից մեկն էր: Թբիլիսիի բժշկական համալսարանն ավարտելուց և հարմարվողականության ու ուսման դժվարին ճանապարհ անցնելուց հետո Գալինան վերադարձավ հայրենի քաղաք՝ որպես բժիշկ աշխատելու և բուժառուներին օգնելու նպատակով: Նրա պատմությունն օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է պետական ծրագիրը փոխել մարդու ճակատագիրը:

«Ես 12 տարի սովորել եմ ռուսաց դպրոցում։ Այն տարում, երբ ես ավարտեցի դպրոցը, մեկնարկեց «1+4» ծրագիրը։ Ես որոշեցի ընդունվել այս ծրագրով։ Ես պետք է քննությունը հանձնեի մայրենի լեզվով՝ հայերենով։ Ռուսական դպրոցում սովորող դիմորդի համար սա շատ դժվար էր։ Բայց ես ընդունվեցի։ Մենք «1+4» ծրագրի առաջին հոսքն էինք։ Մենք բացարձակապես պատկերացում չունեինք, թե դա ինչ է, բայց ես մտածում էի. «Ամեն դեպքում, Վրաստանում վատ չի կարող լինել»։ Ես ընտրություն ունեի՝ գնալ Հայաստան, բայց չէի ուզում այնտեղ։ Ես ուզում էի մնալ Վրաստանում։ Ես որոշեցի, որ դժվար կլինի, բայց հետո ավելի կհեշտանա։ Այդպես էլ ընդունվեցի», — պատմում է նա։

Ինչպես Գալինան է ասում, զրո կուրսում սովորելը հեշտ չէր. դժվար էր հարմարվել մեծ քաղաքին, հատկապես օտար լեզվով։ Հայաբնակ Ախալքալաքի բնակիչների համար վրացերենը կրկին մնում է խորը արմատացած խնդիրներից մեկը։ Գալինայի խոսքով՝ առաջին 2-3 տարիներին իր համար շատ դժվար էր, բայց արդյունքում նա հասավ իր վրացախոս համակուրսեցիների մակարդակին։ 4000 ուսանողներից միայն 40-ն էին ստանում կրթաթոշակ, և նրանց թվում էր Գալինա Եղիազարյանը։

«Ես շատ լավ վրացերենի դասախոսներ ունեի։ Մենք առաջին հոսքն էինք, դասավանդումը շատ լավ մակարդակի վրա էր։ Եթե «1+4» ծրագիրը չլիներ, հավանաբար չէի դիմի Վրաստանում ընդունվելու համար։ Դրա շնորհիվ ես ընդունվեցի։ Ես բարձր գնահատականներ ստացա՝ արդեն չեմ հիշում որքան, և ստացա 100%-ոց դրամաշնորհ։ Զրո կուրսն ավարտելուց հետո ես պետք է ֆակուլտետ ընտրեի։ Ես արդեն գիտեի, որ ուզում եմ բժշկական գործն ընտրել։ Այդ ժամանակ ավելի դժվարացավ՝ մենք սովորում էինք վրացախոսների շրջանում։ Եվ՝ ուզես, թե չուզես, դու արդեն խոսելու ես վրացերեն։ Դժվար էր՝ շատ բան ռուսերենով չէր բացատրվում։ Ճիշտ է, ես կարող էի նյութեր կարդալ ռուսերենով՝ ավելի լավ հասկանալու համար, բայց անհրաժեշտ էր դրանք վերապատմել վրացերենով։ Սա ինձ համար խթան դարձավ թարգմանել սկսելու համար», — հիշում է Գալինան։

Կրթության ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է, հատկապես, երբ սկսում ես նոր լեզվական միջավայրում և անծանոթ քաղաքում, սակայն երբեմն հենց մարտահրավերներն են դառնում աճի և իրական փոփոխությունների շարժառիթ։

Jnews vertikalno - 1

«Այդ տարիներին Թբիլիսիի բժշկական ֆակուլտետ քչերն էին ընդունվում, շատ դժվար էր սովորելը։ Հայախոս ուսանողներից միայն 2-3 հոգի էր հասնում ուսման ավարտին՝ մենք քիչ էինք։ Մնացածը տեղափոխվեցին այլ ֆակուլտետներ կամ մեկնեցին այլ քաղաքներ։ Ես չեմ զղջացել, որ ընդունվել եմ Թբիլիսիում և հնարավորություն ստացել սովորելու «1+4» ծրագրով։ Եթե կարողանայի կյանքիս այս փուլը նորից սկսել, նույն ընտրությունը կանեի։ Իհարկե, շատ բան կախված է հենց մարդու ձգտումից, բայց ծրագիրն օգնեց ինձ ավելի արագ հարմարվել», — ասում է Գալինան։

Գալինան իր ընտանիքում առաջինն է, ով ընտրել է բժշկի մասնագիտությունը: Նա հույս ունի, որ ապագայում իր երեխաները նույնպես կհետևեն այս դժվարին, բայց կարևոր ուղուն: Հաջողակ բժշկի փոխարեն նա կարող էր դառնալ ուսուցչուհի՝ հետևելով իր սիրելի մորաքրոջ օրինակին, բայց ճակատագիրը այլ կերպ դասավորվեց:

«Մանկուց սիրել եմ բժշկությունը, բայց ես երկու տարբերակ ունեի՝ դառնալ ուսուցիչ կամ բժիշկ։ Ուսուցիչ դառնալն ավելի հեշտ կլիներ, բայց բժշկությունն ինձ ավելի մոտ էր։ Ճիշտ է, բժշկությունը նույնպես հեշտ գործ չէ, բայց դու գործ ունես մարդու կյանքի հետ, և դա ավելի մեծ պատասխանատվություն է։ Իմ կյանքում եղել է մենթոր, ով ոգեշնչել է ինձ ընտրել ուսուցչի մասնագիտությունը՝ իմ մորաքույրը՝ Կարինա Օգանեսովնան։ Նա ինձ համար օրինակ էր, բայց նրան նայելով՝ ես հասկացա, որ բժշկությունն ինձ ավելի մոտ է, և ես ընտրությունս կատարեցի դրա օգտին»։

Բժշկի ուղին տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք, ուսում և դժվարությունների հաղթահարում է։ Բժշկական կրթությունը սկսվել է լեզուների ուսումնասիրությամբ, շարունակվել է բժշկական ֆակուլտետում վեց տարվա ուսմամբ, ապա՝ Վրաստանում երեք տարվա ռեզիդենտուրայով։ Այս ընթացքում մասնագիտությամբ բժիշկը հասցրել է ամուսնանալ և երեխաներ լույս աշխարհ բերել։

«Մնա՞լ այնտեղ, թե՞ ոչ։ Ես հրաշալի ընտանիք ունեմ, և այդ պատճառով էլ վերադարձա։ Ինձ համար ընտանիքն ամենակարևորն է։ Եթե նախկինում ես ունեի իմ ընտանիքը, որում ծնվել և անընդհատ աջակցություն էի ստանում, ապա հիմա իմ աջակցությունն ամուսինս է։ Ես չեմ զղջում, որ իմ կյանքը կապված է Ախալքալաքի հետ։ Ես փորձել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները, հատկապես հաշվի առնելով, որ ընտանեկան թերապիան մասնագիտություն է, որը ներառում է բոլոր մասնագիտությունները։ Այն այնքան էլ հեշտ չէ, ինչպես ինչ-որ մի բան ուսումնասիրելը։ Այն պահանջում է գիտելիքներ բոլոր ոլորտներից և պրակտիկա։ Բայց ցանկության դեպքում, ամեն ինչ հնարավոր է», — կարծում է Գալինան։

Alastan - 1

Նրա խոսքով՝ բժշկությունը շատ բարդ և պատասխանատու մասնագիտություն է, որը շատ ժամանակ է պահանջում։ Եվ հաճախ ազգային փոքրամասնությունների ուսանողները կրկնակի շատ ժամանակ և ջանք են ծախսում այն յուրացնելու համար։

«Մեր կուրսում ունեինք ուսանողներ, որոնք սովորում էին իրենց մայրենի (վրացերեն) լեզվով, և նրանք միշտ չէ, որ հասկանում էին նյութը։ Ինձ համար ավելի դժվար էր։ Կային շատ բարդ առարկաներ, բայց ես գիշերները չէի քնում, սովորում էի և, արդյունքում, ամեն ինչ հասկանում էի։ Ես գոհ եմ իմ ուսանողական տարիներից, բայց եթե ուսուցումը լիներ մայրենի լեզվով, դա շատ ավելի քիչ ժամանակ կպահանջեր», — ասում է նա։

Շատ շրջանավարտներ ձգտում են ավարտելուց հետո մնալ մեծ քաղաքներում, բայց Գալինան ի սկզբանե գիտեր, որ կվերադառնա տուն։

«Ինձ առաջարկել են մնալ այնտեղ, բայց իմ ընտանիքն այստեղ է, և դա ինձ համար ավելի կարևոր է։ Ես այնքան եմ սիրում իմ մասնագիտությունը, որ ֆինանսական կողմը գլխավոր դեր չի խաղում։ Գլխավորը մարդկանց օգնելն է, որպեսզի նրանք գոհ լինեն իմ օգնությունից։ Երբ հիվանդները շնորհակալություն են հայտնում ինձ հիվանդանոցից դուրս, դա լավագույն պարգևն է։ Իհարկե, փողը ևս հարկավոր է, բայց կյանքում ամեն ինչ դրանով չի լուծվում»։

Չնայած իր երիտասարդ տարիքին, Գալինա Եղիազարյանն արդեն իսկ ունի հետաքրքիր և արժեքավոր փորձ՝ տասը տարվա ուսում և ութ տարվա աշխատանք որպես ընտանեկան թերապևտ։ Նա աշխատել է Թբիլիսիի տարբեր կլինիկաներում, փորձել է իրեն դասավանդման մեջ։ Այսօր նա տքնաջան աշխատում է Ախալքալաքի հիվանդանոցում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝