Վրաստանում յուրաքանչյուր երրորդ մարդ իրեն համարում է աղքատ, իսկ յուրաքանչյուր հինգերորդը ստանում է կենսապահովման նպաստ։ Այս մասին են վկայում Սոցիալական ծառայությունների գործակալության 2025 թվականի հուլիսի վերջին տվյալները։
Ավելի կոնկրետ, հուլիսի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ է ստանում 707 817 մարդ։ Նրանցից 466 506-ը միայն նպաստառու է, իսկ 241 311-ն ընդգրկված է զբաղվածության խթանման պետական ծրագրի շահառուների ցուցակում, որոնց սոցիալապես անապահովի կարգավիճակը երաշխավորված է պահպանվում 4 տարվա ընթացքում։ Անցյալ տարվա հուլիսին նպաստառուների թիվը կազմում էր 677 495։
Բացի այդ, ընթացիկ տարվա հուլիսի դրությամբ Սոցիալական ծառայությունների գործակալության բազայում գրանցված է 1 298 660 մարդ, այսինքն՝ նրանք, ովքեր համարում են, որ աղքատ են և օգնության կարիք ունեն։ 2024 թվականի հուլիսին նման մարդկանց թիվը կազմում էր 1 249 543։
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս պահին երկրում ապրում է 3 704 500 մարդ։