Մոտ ապագայում կավարտվի տարածքի բարեկարգումը, որտեղ կլինի նոր գերեզմանատունը, սակայն բնակիչներին անհանգստացնում են մի քանի հարցեր, օրինակ՝ ո՞վ և ինչպե՞ս է հատկացնելու հուղարկավորման վայրերը և այլն։ Հարցերին պատասխանում են Ախալքալաքի քաղաքապետարանից։
Ախալքալաքի նոր գերեզմանատունը գտնվում է քաղաքային հիվանդանոցի անմիջապես հետևում: Տեղացիները այս վայրմ անվանում են «օդանավակայան»: 4 հեկտար տարածքը ցանկապատված է, կենտրոնական մուտքի առջև՝ ծածկի տակ, տեղակայված է «հանգստաքարը»: Խճաքարով է լցված ինչպես ներքին ճանապարհը, այնպես էլ Վաչիան գյուղի հետ կապող մայրուղի տանող ճանապարհը: Հենց այս ճանապարհն է նախատեսված որպես գլխավոր, սակայն կա նաև երկրորդ ճանապարհ: Այնուամենայնիվ, հուղարկավորության թափորը կարող է խանգարել հիվանդանոցի աշխատանքին, քանի որ այն անցնում է հիվանդանոցի բակով:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից՝ բարեկարգված տարածքը կհանձնվի կամ այս, կամ հաջորդ շաբաթ։ Դրանից հետո որոշում կկայացվի հետագա գործողությունների վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է հանձնման ժամկետներին, կարող եմ ասել, որ դա տեղի կունենա կամ այս շաբաթ, կամ հաջորդ շաբաթ։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ անհրաժեշտ է որոշակի կազմակերպվածություն, որպեսզի ամեն մեկն ինքնուրույն չորոշի տեղ հատկացնելու հարցը։ Ինչ վերաբերում է, թե որքան ժամանակվա ընթացքում կհերիքի այս տարածքը, ամեն ինչ կախված է հաշվարկներից։ Մենք ունենք ևս մեկ հողամաս, բայց առայժմ միայն այս տեղն է հատկացված։ Ինչ վերաբերում է հիվանդանոցի բակով անցնող ճանապարհին, այն չափազանց անհարմար է», — ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։
Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանի խոսքով՝ նախագիծը դեռևս չի հանձնվել, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են։
«Մենք կունենանք աշխատակից, որը կկարգավորի հուղարկավորությունների համար հողամասերի բաշխումը, բայց մեզ պետք է նախապես տեղեկացնեն, որպեսզի հողամասերը հատկացվեն շարքերով։ Տարածքը կհատկացվի հիմնականում երկակի հուղարկավորությունների համար։ Նոր գերեզմանատանը տեղերը կլինեն անվճար։ Երբ այս տարի ավարտվեն բարեկարգման աշխատանքները, ամեն ինչ պատրաստ կլինի օգտագործման համար։ Եթե բնակիչները տեղեր ունեն Տավշանկայում, նրանք կարող են այնտեղ հուղարկավորել։ Եթե տեղեր չլինեն, բնականաբար, հուղարկավորությունները կկատարվեն նոր գերեզմանատանը», — պարզաբանում է Մնացական Փամբուխչյանը։
Դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել էր էլեկտրոնային մրցույթ՝ նոր գերեզմանատուն կառուցելու համար։ Ծրագիրը երկամյա է և պետք է ավարտվի 2025 թվականին։ Աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ պայմանագրի՝ պայմանագրի ստորագրումից հետո 70 օր է, մասնավորապես՝ 2024 թ․-ին՝ պայմանագրի կնքումից հետո՝ 30 օրացուցային օր, մինչև եղանակային պայմանների վատթարացումը, իսկ 2025 թ․-ին ՝ եղանակային պայմանների բարելավումից հետո՝ 40 օրացուցային օր։ Ախալքալաքում նոր գերեզմանատունը կառուցում է ՍՊԸ «Ճանապարհաշինարարական վարչություն»-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 274 000 լարի, ներառյալ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը։
Ախալքալաքի ցանկապատված հին գերեզմանատունը տասնամյակներ շարունակ ամբողջությամբ լցվել է, և աստիճանաբար բնակիչները սկսել են գերեզմանների համար տեղեր զբաղեցնել Տավշան Թափա բլրի ստորոտին գտնվող գերեզմանատան հարակից տարածքում, գերեզմանոցը հորիզոնական ուղղությամբ մի քանի հարյուր մետր տարածվել է մի քանի շերտով: Գերեզմանոցով անցնող ճանապարհն ասֆալտապատվել է։ Այժմ գերեզմանոցը ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ է տարածվել, հիմնականում նոր գերեզմանները փորում են մեկ գծով՝ գերեզմանոցը հորիզոնական ձգելով դեպի հանգստի գոտի։