նորություններՏնտեսություն 2 Սեպտեմբերի, 2025 • Կիրովականում մեկնարկել է կենտրոնական ճանապարհների վերականգնումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղում արդեն մի քանի օր է մեկնարկել են կենտրոնական ճանապարհի բետոնապատման աշխատանքները։

Գյուղի բնակիչների խոսքերով՝ նոր ճանապարհի կառուցումը զգալիորեն կբարելավի նրանց կյանքը։

«Գյուղում ցեխոտ վիճակը կնվազի։ Ներկա պահին աշխատանքները հիմնականում իրականացվում են գլխավոր փողոցներում։ Ցեխից բացի, անձրևների ժամանակ ջուրը լցվում էր բնակիչների տները։ Երբ աշխատանքներն ավարտվեն, այլևս այդ խնդրի առաջ չենք կանգնի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր նախաձեռնել և իրականացնում են այս գործը», — ասաց Կիրովականի բնակիչ Վաղինակ Խանդիլյանը։

Նա նաև հավելեց, որ տարիների ընթացքում ճանապարհների հարթեցման աշխատանքներ բազմիցս իրականացվել են, սակայն դրանք ժամանակավոր լուծում են եղել։

Jnews-ի լրագրողի այցելության ժամանակ շինաշխատանքների ընթացքին էր ծանոթանում նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, տեղում քննարկելով ճանապարհաշինության հարցերը բնակիչների հետ։

kirovakan1

Կիրովական գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Ռուստամ Մովսեսյանն ասաց․

«Սա շատ կարևոր և երկար սպասված գործ է մեր գյուղի համար։ Գլխավոր ճանապարհահատվածները պետք է բետոնապատվեն, հիմնականում այն ճանապարհները, որոնք տանում են դպրոց, գերեզմանոց, ակումբ և ծիսական տուն։ Այս ճանապարհահատվածը տարվա տարբեր եղանակներին գրեթե անանցանելի էր, ինչը շատ էր դժվարացնում բնակիչների տեղաշարժը։ Դպրոցական երեխաներն այլևս ստիպված չեն լինի ցեխի միջով քայլել։ Հույս ունեմ, որ այս ծրագիրը կունենա շարունակական բնույթ և գյուղի մնացած հատվածներում ևս կկատարվի բետոնապատում։ Մոտավորապես 800 մետր պետք է բետոնապատվի»։

Հատկանշական է, որ Կիրովական գյուղի կենտրոնական ճանապարհի կառուցման աշխատանքների մրցույթին մասնակցել է թվով 5 ընկերություն և տարբեր գնային ա-աջարկություններ են արվել, սակայն մրցույթը հաղթել է «Արալի» ճանապարհաշինական ընկերությունը։

Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի քաղաքապետարանից, հաղթող է ճանաչվել այն ընկերությունը, որը ժամանակին ներկայացրել է բոլոր մրցույթային փաստաթղթերը։

Ըստ պայմանագրի, աշխատանքներն իրականացնում է «Արալի» ընկերությունը։

Կիրովական գյուղում ներքին ճանապարհների վերականգնման բազմամյա գնումների համար նախատեսված է․

  • 2025 թ. — 650,000 լարի,
  • 2026 թ. — 341,278 լարի։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝