ԵԽ փորձագետների խորհուրդը հրապարակել է Վրաստանի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» ակտի (FARA) վերաբերյալ եզրակացություն։
Փաստաթղթի համաձայն՝ «ակտով նախատեսված միջոցառումները շատ էական ազդեցություն կունենան հավաքների ազատության և մի շարք այլ երաշխավորված իրավունքների վրա», և համապատասխանաբար, Փորձագետների խորհրդի կարծիքով, նպատակահարմար կլինի չեղյալ համարել ակտը և ձեռնպահ մնալ դրա դրույթները կյանքի կոչելու ցանկացած քայլից։
«Իրապես, ակտում նախատեսված դրույթներից շատերը չեն համապատասխանում Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների որևէ սահմանափակում մտցնելու համար անհրաժեշտ օրենսդրական պահանջներին:
Ինչն էլ ավելի կարևոր է, լուրջ կասկածներ կան այն մասին, թե արդյոք ակտում նախատեսված դրույթներից նույնիսկ որոշների ընդունումը կարող է համարվել իրավաչափ նպատակ»:
Բացի այդ, հաշվի առնելով օրենքի այն դրույթների անխուսափելի ազդեցությունը, որոնք խոչընդոտում են ՀԿ-ներին արտաքին աջակցություն փնտրել եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանող նպատակներին հասնելու համար, անձնական տվյալների բացահայտման չափազանց մեծ պարտավորությունները, լրացուցիչ տեղեկատվության հարցումների անսահմանափակ շրջանակը, գրառումների վարման բարդ համակարգը և հնարավոր տուգանքների չափազանց մեծ բնույթը, օրենքում նախատեսված միջոցառումներն այնպիսին չեն, որոնք կարող են անհրաժեշտ համարվել ժողովրդավարական հասարակությունում։
Նման հանգամանքներում ակտի իմպլեմենտացիան լուրջ և անհիմն վնաս կպատճառի Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, կհակասի Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից ստանձնած պարտավորությունների լայն շրջանակին և, հետևաբար, կլինի բացարձակապես անտեղի։
Համապատասխանաբար, նպատակահարմար կլինի հետ կանչել ակտը և ձեռնպահ մնալ դրա դրույթները կյանքի կոչելուն ուղղված որևէ քայլից», — ասվում է փաստաթղթում։