Հասարակություննորություններ 27 Օգոստոսի, 2025 • Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ գտնվող պուրակի կառուցման մրցույթը ձախողվել է երրորդ անգամ

Ախալքալաքում Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ գտնվող պուրակի բարեկարգման մրցույթը ձախողվել է երրորդ անգամ։ Նախագիծը փոխվել է, նախահաշիվը բարձրացվել է, սակայն մրցութային աճուրդում մասնակիցներ չկան։

Ախալցիխեից քաղաքի մուտքի մոտ ծառերի մեջ թաքնված է վրացի մեծ գրող Շոթա Ռուսթավելիի հուշարձանը: 2023 թվականին որոշվեց այս վայրը վերածել պուրակի, որտեղ կարող են ժամանակ անցկացնել և՛ տեղի բնակիչիները, և՛ զբոսաշրջիկները: Սակայն կար մի «բայց»՝ այս վայր հասնելը շատ դժվար է, հաշվի առնելով, որ այն գտնվում է մայրուղու մոտ գտնվող բարձրունքի վրա, որտեղ անընդհատ երթևեկություն է:

Չնայած դրան, երկամյա նախագիծը մեկնարկել է 2024 թվականին: Հողափորման աշխատանքները կատարվել են 154,369.69 լարիով: Սակայն, արդյունքում, չնայած մրցույթով նախատեսված աշխատանքներն ավարտվել են, տարածքի բարեկարգումն ավարտին չի հասցվել: Բանն այն է, որ քաղաքապետարանը փոփոխություններ է կատարել նախագծում, որի արդյունքում այս տարի՝ 2025 թվականին, պետք է անցկացվեր նոր մրցույթ: Փոփոխված նախագծի համաձայն՝ տարածքը պետք է մեծացվեր, լուսավորված պուրակ, որը պետք է ունենար նաև կայանատեղի:

2025 թվականի հունիսի 17-ին հայտարարվել է նոր մրցույթ։ Այս էլեկտրոնային մրցույթին մասնակցել է միայն «ՄԻԿ 23» ՍՊԸ-ն։ Մրցութային հանձնաժողովը անճշտություններ է հայտնաբերել դիմումում ներկայացված ծախսերի հաշվետվության մեջ։ Այս առումով որոշվել է դադարեցնել ներկայիս մրցույթը և այն կրկին հայտարարել՝ ճիշտ և պատշաճ հաշվետվողական փաստաթղթերի տրամադրմամբ։ Երկրորդ մրցույթը հայտարարվել է հուլիսի 16-ին, բայց չի կայացել։ Վերջին մրցույթը հայտարարվել է օգոստոսի 6-ին և նույնպես, առաջարկների ընդունման վերջնաժամկետից հետո, չի կայացել։ Քաղաքապետարանի տվյալներով՝ պատճառն այն է, որ առաջարկներ չեն եղել։

«Նման պահեր կարող են լինել նաև այլ մրցույթների հետ։ Մրցույթն արդեն երրորդ անգամ է ձախողվել։ Խնդիրներ չկան, բայց մրցույթը մասնակիցներ չունի։ Մենք մտադիր ենք կրկին հայտարարել, տեսնենք։ Մենք փոխել ենք նախագիծը՝ տարածքը մեծացնելու համար, նաև վերևից ներքև երկաթյա աստիճաններ են նախատեսված», — ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը։

Նախագծի պայմանների համաձայն՝ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի ստորագրման օրվանից 150 օրացուցային օրվա ընթացքում (100 օր 2025 թվականին և 50 օր 2026 թվականին՝ մայիսի 1-ից): Նախագծի արժեքը կազմում է 458 829 լարի:

Նոր նախագծով առաջարկվում է մեծացնել պուրակի տարածքը, տեղադրել լուսավորություն և նստարաններ, ինչպես նաև տեղադրել սրտաձև ինստալյացիա։ Առաջարկվում է նաև կառուցել դեպի պուրակ տանող աստիճան, որը կսկսվի քաղաքի անվանմամբ ցուցանակից և կհասնի մինչև վերջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝