Մեկ ամսից ավելի է Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում անասնապահները բախվում են լուրջ խնդիրների՝ պայմանավորված ինչպես ջրի պակասի, այնպես էլ անասունների շրջանում տարածված դաբաղ հիվանդությամբ։
Մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերում նկատվում է անհանգստություն, քանի որ անասունների մոտ հիվանդության ճշգրիտ ախտորոշում և լաբորատոր հաստատում դեռևս չկա։ Գյուղացիների խոսքերով՝ արդեն բազմաթիվ կենդանիներ են անկել, ինչը մեծ հարված է նրանց, քանի որ բնակիչների հիմնական եկամտի աղբյուրը հենց անասնապահությունն է։
Անասունների ջրի պակասի և հիվանդության հետևանքները
Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղում կա երկու լիճ՝ մեկը գյուղի կենտրոնում, մյուսը՝ սարի վրա, սակայն երկուսում էլ գրեթե ջուր չի մնացել։ Գյուղացիների խոսքերով՝ տարին չափազանց չորային է, ինչ պատճառով իրավիճակն օր օրի ծանրանում է։
Հոկամ գյուղի բնակիչ Ցիցինո Աբուլաձեն պատմում է․ «Անասունների վիճակը շատ ծանր է։ Ինքս 20 անասուն ունեմ, կեսից շատին արդեն դեղեր եմ տվել, որ բուժեմ, բայց արդյունք չկա։ Երկու օր առաջ հարևանիս կովը սատկեց դաբաղից։ Այս ամենի հիմնական պատճառը չոր տարին է․ անձրևներ լինեին, այսքան չէր բարդանա»։
Գյուղացիները նշում են, որ դաբաղ հիվանդությունը կենդանիների շրջանում վերջին տասնամյակներում նման մասշտաբի չէր գրանցվել։ Բաթմաթիվ անասնապահներ արդեն հարյուրավոր լարիներ են ծախսել դեղորայքի վրա, բայց այն միշտ չէ, որ օգնում է, երբեմն նույնիսկ վատթարացնում է կենդանիների վիճակը։
Բնակիչների դժգոհությունները
Հոկամի 76-ամյա բնակիչը դժգոհում է․
«Ջուր չունենք, գազ չունենք, անիմաստ է խնդիրների մասին խոսել։ Տարիներ են անցնում, բայց ոչինչ չի փոխվում։ Մենք մեր իմացած ձևով ենք բուժում, բայց արդյունք չկա։ Ոչ տեր կա, ոչ էլ տիրակալ»։
Jnews-ը կապ է հաստատել Ախալքալաքում անասունների համար դեղորայք վաճառողների հետ։ Նրանց խոսքով՝ մեկ շաբաթ առաջ մարդկանց հոսքը շատ մեծ էր, բայց այժմ նկատվում է որոշակի նվազում։
«Վիրուսը կարծես նահանջում է։ Բոլոր դեղերը հասանելի են, դեղորայքի պակաս չկա։ Եթե մարդիկ ժամանակին դիմեն բժշկի, անկման դեպքեր չեն լինի։ Մի անասունի բուժման վրա միջինը պետք է ծախսել 7-10 լարի», — ասում է Ախալքալաքում անասունների համար դեղորայք վաճառողներից մեկը։
Ախալքալաքի քաղաքապետարանում Հոկամ գյուղի ներկայացուցչի խոսքով՝ անասունների մասսայական հիվանդությունը միայն տեղական խնդիրը չէ։
«Սա լայնածավալ տարածված հիվանդություն է, որը ոչ միայն մեր գյուղում, այլև ամբողջ Վրաստանում է։ Բուժման գործընթացը շարունակվում է։ Հաղորդագրությունները ուղարկվել են համապատասխան ծառայություններին, որոնք հարցը փոխանցել են Թբիլիսի»։
Կարող է իրավիճակը կայունանալ
Երկու շաբաթ առաջ Jnews-ը «Աբուլ գյուղում դաբաղ է տարածված․ անասունների վիճակը ծանր է» վերտառությամբ հոդված էր հրապարակել։
Այսօր՝ օգոստոսի 27-ին Jnews-ը Աբուլ գյուղի մասնագետից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է հիմա գյուղում։
Աբուլ գյուղի մասնագետ Բալասան Խանջյանի խոսքով՝ իրենց բնակավայրում վիրուսի տարածումը նվազում է․
«Ներկա պահին իրավիճակը վերահսկելի է։ Անասունները գնում են սար արածելու։ Տարբեր մարդիկ տարբեր դեղեր են օգտագործում, բուժման եղանակներն էլ տարբեր են։ Եթե անասունը ծեր է, բուժումը բարդանում է։ Այս պահին կարող եմ ասել, որ անասունների 95%-ն առողջ է, իսկ 5%-ը՝ բուժման փուլում է գտնվում»։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Բոզալի գյուղի բնակիչ Եզեկ Մարաբյանն ասում է․
«Մեր գյուղում երեք կովի անկման դեպք է եղել։ Ես իմ անասուններին բուժում եմ արել, դեղորայքն օգնել է։ Բժիշկների խորհուրդները պետք է լսել, որ իրավիճակը չբարդանա։ Ամբողջական չեն բուժվել, բայց դրական արդյունք կա»։
Գյուղացիների հույսերը
Գյուղացիները հույս ունեն, որ անասունների շրջանում տարածված դաբաղ հիվանդությունը շուտով կնահանջի, քանի որ շատերի ապրուստը կախված է հենց անասնապահությունից։