նորություններՏնտեսություն 25 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքում խնդրահարույց է մնում փոսալցման աշխատանքների հարցը

Չնայած նրան, որ Ախալքալաքում ամեն տարի իրականացվում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ, միևնույն է, քաղաքում դեռևս կան փողոցներ, որոնք մնում են անմխիթար վիճակում։ Արդյունքում՝ որոշ հատվածներում երթևեկելը շարունակում է դժվարություններ առաջացնել՝ ճանապարհներին գոյացած փոսերի և անհարթությունների պատճառով։

Ո՞ր փողոցներում է իրավիճակն առավել ծանր

Jnews-ը փորձեց պարզել, թե Ախալքալաքում որ փողոցներն են գտնվում ամենավատ վիճակում։

Դրանց թվում են՝

Թբիլիսյան փողոց

tbiliskaya1

Վազգեն Սարգսյան փողոց

vazgen sargsyan

Շահումյան փողոց

shaumyan

Ձնելաձե փողոց

dznelace

Թբիլիսյան փողոցը, օրինակ, սկզբից մինչև վերջ շարունակում է մնալ քարուքանդ վիճակում։ Բնակիչների խոսքերով՝ խնդիրը վաղուց է արդիական, սակայն մինչ օրս որևէ լուծում չի ստացել։ Նման իրավիճակ է նաև վերոնշյալ փողոցներում․ տեղ-տեղ առաջացել են խորը և մեծ փոսեր, ինչը խանգարում է երթևեկությանը։

Jnews-ը հեռախոսազրույց ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի հետ՝ պարզելու, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է մնացած փողոցներում նույնպես փոսային վերանորոգման աշխատանքներ իրականացնել։

«Ներկայում սպասում ենք, որ Ախալքալաքի մնացած հատվածներում ևս իրականացվի փոսալցման աշխատանքներ։ Հստակ ժամկետ դեռևս չեմ կարող նշել, բայց մինչև այս տարվա վերջ աշխատանքները պետք է ավարտված լինեն», – ասաց Արա Մովսիսյանը։

Հարկ է նշել, որ սույն աշխատանքների էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 1 350 000 լարի։

Jnews-ը կապվեց նաև «Ջավախավտոգզա» ընկերության հետ՝ հասկանալու համար, թե երբ են նախատեսում շարունակել աշխատանքները քաղաքի մնացած փողոցներում։

«Դիմեք վարչությանը, դա մեր գործը չէ։ Մենք մեր հայեցողությամբ չենք աշխատում․ ինչ նրանք կասեն, այն էլ կանենք։ Մենք մեր հատվածի աշխատանքներն արդեն ավարտել ենք», – պատասխանեցին ընկերությունից։

Հիշեցնենք, որ Ախալքալաք քաղաքում փոսալցման աշխատանքները մեկնարկել էին ապրիլի 30-ին։

Jnews-ը կրկին կապ հաստատեց Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետի հետ։

«Այս մրցույթի շրջանակներում ներառված են նաև մնացած փողոցների փոսալցման աշխատանքները։ Ուղղակի ժամանակի հարց է։ Այս տարի աշխատանքները կավարտվեն, և դրանք կիրականացնի «Ջավախավտոգզա» ընկերությունը»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝